«Աղքատությունը պետք է փնտրել ոչ թե ժողովրդի, այլ իշխանության գլխում»․ Տիգրան Խզմալյան

«Աղքատությունը պետք է փնտրել ոչ թե ժողովրդի, այլ իշխանության գլխում»․ Տիգրան Խզմալյան
«Աղքատությունը պետք է փնտրել ոչ թե ժողովրդի, այլ իշխանության գլխում»․ Տիգրան Խզմալյան

«Մեդիալաբի» հարցերին պաասխանում է կինռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

– Պարո՛ն Խզմալյան, օրերս հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, խոշոր գումար է վերադարձրել պետությանը՝ որպես վնասի փոխհատոուցում: Նաև որոշ նախկին պաշտոնյաներ պետությանը գույք նվիրաբերելու ցանկություն են հայտնել: Այս գործընթացին ինչպե՞ս եք վերաբերվում, նվիրատվությունները նորմա՞լ են:

– Ինչպես հին չինական ասացվածքն է ասում՝ ամեն նոր դարաշրջանի սկզբում պետք է ստուգել անունները: Հավանաբար դա նշանակում է, որ պետք է իրերն իրենց ճիշտ անուններով կոչել: Եթե մենք հայտարարում ենք, որ սա նվիրատվություն է, դա նշանակում է, որ պարոն Սարգսյանը, Ծառուկյանը կամ վաղը մեկ ուրիշը՝ նրանք մեծ բարերարներ են, հերոսներ են, նրանց պետք է շնորհակալ լինել: Բայց մենք բոլորս ապրել ենք նույն երկրում և գիտենք, որ նրանք, և ոչ միայն թվարկածս պարոնայք, տարրական գող են, նրանք, օգտվելով իրենք դիրքից, գրպանել են ազգային հարստությունը: Եթե նրանք ստեղծեին դա սեփական շնորհքի միջոցով, ինչպես, օրինակ՝ Սթիվ Ջոբսը կամ Բիլ Գեյթսը, մենք երևի պետք է գլուխներս խոնարհեինք իրենց առաջ: Բայց քանի որ դա այդպես չէ, չպետք է սխալ անուններով կոչել իրերը:

Դա նվիրատվություն չէ, մարդիկ ուղղակի գործարքի մեջ են մտնում: Եվ դա իրավաբանության մեջ վաղուց հայտնի բան է: Մարդիկ իրենց խոստովանությունն անում են գումարի միջոցով, վերադարձնում են գողացածի մի մասը: Դա էլ է տարբերակ: Օրինակ՝ Սաակաշվիլին այդպես էր անում: Նա իրենց օլիգարխներից պահանջում էր վերադարձնել ինչ-որ մաս, որից հետո կարող էր ներում շնորհվել նրանց: Հայաստանում էլ է այդպես արվում, օրինակ՝ զինվորական ծառայությունից խուսափողների համար, ովքեր վերադառնում են Հայաստան, յուրաքանչյուր զորակոչի համար վճարում են 200 հազար դրամ:

Ուրեմն, եթե մենք տարեկան 200 հազար դրամ կարողանում ենք ընդունել պետական բյուջե խեղճ ու կրակ երիտասարդից, ով ինչ-ինչ պատճառներով չի ծառայել, ինչո՞ւ ենք այլ չափանիշներ օգտագործում մարդկանց համար, ովքեր ՊԱԶ-ի վարորդ լինելով՝ հանկարծ դառնում են միլիարդատեր: Չպետք է այդ գործընթացից հրճվել, կարծում եմ՝ իրերը պետք է իրենց անուններով կոչել:

Դա չպետք է արվի պարոն Սարգսյանի կամ մյուսների նախաձեռնությամբ, պետությունը պետք է հստակ ձևակերպի՝ այսինչ մարդը այսքան գումար է վճարում և դրա փոխարեն ստանում է այսպիսի ներում: Եթե դա չի արվում, ուրեմն նոր կոռուպցիայի ձև է սա: Այսինքն՝ վաղը չէ մյուս օրը Ալեքսանդր Սարգսյանից նորից կուզեն հերթական 20 միլիոնը: Իսկ միգուցե նա չի ունենա հերթական 20 միլիոնը կամ միգուցե ունի ոչ թե 20, այլ 200 միլիոն: Նման ասեկոսեներից խուսափելու համար ընդամենը պետք է նման գործընթացները օրենքի շրջանակներում արվեն, թափանցիկ ու հրապարակավ:

– Իսկ ձեր կարծիքով՝ պե՞տք է գումարը կամ գույքը տան ու ներվեն, դա արդյոք հնարավորություն չի՞ ստեղծում, որ հետագայում էլ մարդիկ կարող են նույն գործողությունները կատարել ու ներվել:

– Այստեղ շատ հետաքրքիր խնդիր կա: Ես նման բանի մասին մտածել էի, երբ Հայաստանի եվրոպական կուսակցությունը քննարկում էր լյուստրացիայի խնդիրը: Ինչպիսի՞ն պետք է լինի լյուստրացիան: Համաձայնեք, որ սկզբունքը նույնն է: Եթե մենք ուզում ենք ոչնչացնել մարդուն, պատժել նրա ընտանիքը, երեխաներին, ուրեմն հրապարակավ պետք է հայտարարվի, ընդ որում, խոսքը կարկառուն դեմքերի մասին չէ, այլ շարքային «չարիքի» մասին է: Այդ դեպքերում գուցե պետք է ստեղծվի հատուկ հանձնաժողով, որը կուտակում է բոլոր նման տեղեկությունները:

Եվ միայն այն դեպքում, եթե մարդը ցանկանա երկու բան անել՝ կա՛մ ընտրվել, կա՛մ պետական ծառայության անցնել, այդ դեպքում նա պետք է անպայման անցնի այդ հանձնաժողովի ֆիլտրը: Հանձնաժողովն իրավունք ունի նրան կանչելու և առերեսում կազմակերպելու: Ես կարծում եմ, որ նույնը տնտեսական հանցագործությունների դեպքում պետք է կիրառել, եթե մարդը չի փախել, ինչպես փորձել էր փախչել Ռոբերտ Քոչարյանը՝ իր գողացած գումարները դուրս տանելով Հայաստանից: Մարդը կա՛մ պետք է սպառիչ ու տրամաբանական բացատրություն տա իր սեփականության աղբյուրների մասին, կա՛մ նրան պետք է առաջարկել ինչ-որ տրամաբանական լուծում:

Կրկնում եմ՝ նման դեպքեր կան, և ամենամոտ օրինակը հենց Վրաստանի օրինակն է: Սաակաշվիլին այդպես էր լցնում բյուջեն: Այդպես նաև Նիկոլ Փաշինյանն էր ասում, բայց համաձայնենք, որ նրա դեպքում հաջողությունները շատ ավելի համեստ են: Այս դեպքում պետք է ավելի քիչ հայտարարություններ լինեն, և ավելի շատ սկզբունքային աշխատանք պետք է կատարվի այդ ուղղությամբ:

– Ազգային ժողովը հաստատեց Կառավարության նոր ծրագիրը: Դրա հիմքում հետևյալ գաղափարն է՝ մարդը պետք է քայլ անի և աշխատի: Վարչապետը խոսեց մարդկանց գլխում առկա աղքատության մասին: Ի՞նչ է հնարավոր փոխել այս ծրագրով:

– Ես այդ մասին փոքր հոդված եմ գրել և կհիմնվեմ դրա վրա: Իհարկե, փիլիսոփայական տեսանկյունից աղքատությունը, ինչպես շատ այլ չարիքներ, մարդկանց գլխում են: Բայց ազգը մարդ չէ, այլ մարդկանց խումբ է, և ազգը ունի հավաքական գլուխ, այդ գլուխը կառավարությունն է: Եթե մենք ունենք պետություն, ուրեմն մենք փաստորեն ընդգծում ենք, որ մեր ընդհանուր ու հավաքական գլուխը իշխանությունն է: Այդ դեպքում աղքատ է ոչ թե ժողովուրդը, այլ աղքատությունը պետք է փնտրել իշխանության գլխում:

Եվ ես երկու-երեք օրինակ բերեմ: Միայն վերջին 9 ամիսների ընթացքում կառավարության ապիկարության պատճառով Հայաստանը կորցրել է ավելին, քան իր տարեկան բյուջեն է: Ամիսներ առաջ Հայաստանի պատվիրակությունը ՄԱԿ-ում քվեարկել է Երուսաղեմում ամերիկյան դեսպանատուն բացելու դեմ: Ես չգիտեմ, թե ինչ վտանգ է սպառնում Հայաստանին ամերիկյան դեսպանատան բացումը Երուսաղեմում, բայց դեմ քվեարկեցին:

ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ այն պետությունները, որոնք ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեմ են քվեարկել, զրկվում են ամերիկյան ֆինանսավորումից: Իսկ Հայաստանին տրվելու էր 60-66 միլիոն դոլար օգնություն ԱՄՆ-ի կողմից, մոտ 20-25 միլիոն դոլար էր սովորաբար տրվում էր Արցախին: Ահա, 80-90 միլիոն դոլար մենք կորցրեցինք ընդամենը մեկ անիմաստ և բացարձակապես հիմար առիթով:

Մոտ երկու ամիս առաջ Եվրամիությունը հայտարարեց, որ Հարավային Կովկասի երկրներին համակարգային փոփոխությունների համար ֆինանսավորում է տրվելու: Ինչպես հայտնի է, Հայաստանին տրվում է 700-750 միլիոն եվրո, Վրաստանին՝ 3,5 մլրդ եվրո, այսինքն՝ հինգ անգամ շատ: Հենց սա՛ է գնահատականը, սա՛ է Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքականության տարբերությունը:

Հայաստանը մնում է Եվրասիական միության անդամ, ՀԱՊԿ անդամ, և Եվրամիությունը, բնականաբար, ասում է՝ եթե դուք համառում եք, գնացեք և ձեր հարցերը լուծեք Եվրասիական միության մեջ: Վրաստանն իր արտաքին քաղաքականությունը վաղուց արդեն անբեկանելի կապել է Եվրամիության ու ՆԱՏՕ-ի հետ: Մենք այդ գումարները կորցրել ենք միմիայն մեր արտաքին քաղաքականության պատճառով: Հետևաբար, ոչ թե ժողովուրդն է գլխով աղքատ, այլ իշխանությունն է որոշում: Հարց է՝ միայն Հայաստանի իշխանությունն է որոշում, թե՞ նաև Ռուսաստանի իշխանությունը:

– Այսինքն՝ Ռուսաստանի ազդեցությունը շարունակում է մե՞ծ մնալ Հայաստանի վրա:

– Այդ ազդեցությունը չի նվազում, ես հակառակը կասեի՝ վերջին 9 ամիսներին այդ ազդեցությունը, ցավոք սրտի, մեծացավ: Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման վերջին 1,5 տարվա ընթացքում եվրաինտեգրման ճանապարհին անում էր ավելին, քան անում են նոր իշխանությունները: Մեր հույսերը, որ նոր իշխանությունները մեզ կվերադարձնեն դեպի եվրոպական քաղաքակրթություն, չեն իրականանում, ուրեմն մենք ինքներս դա պետք է անենք: Եվ դա է պատճառը, որ նախորդ աշնանը մենք ստեղծեցինք Հայաստանի եվրոպական կուսակցությունը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am