«Չեմ կարծում, թե համաձայնագիրը վերջնականապես կստորագրվի, հետևաբար որևէ նշանակություն չունի, թե ինչ են խոստացել կողմերը». Արմեն Բաղդասարյան

Լուսանկարը՝ media.am

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը

Պարո՛ն Բաղդասարյան, Պրահայում տեղի ունեցած հանդիպումները, դրանց հետևած հայտարարություններն ու հաղորդագրությունները նկատի ունենալով՝ ինչպե՞ս կգնահատեք այդ հանդիպումները, ու ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ:

– Որևէ կոնկրետ բան չենք կարող սպասել, քանի դեռ խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ չունենք: Այդտեղ ընդամենը դետալներից մեկի մասին էր խոսվում, որ Հայաստանը և Ադրբեջանը պատրաստ են ճանաչելու միմյանց տարածքային ամբողջականությունը, բայց, ակնհայտորեն, խաղաղության համաձայնագիրը, եթե այդպիսին ստորագրվի, կազմված է լինելու շատ ավելի այլ կետերից, որոնց վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթում էլ տեղեկություններ կային, իսկ եթե Ադրբեջանը պնդի այդ պահանջները, ապա մեծ հավանականությամբ այդ համաձայնագիրը չի ստորագրվի, հետևաբար միայն մեկ դրվագը որևէ էական նշանակություն չունի, եթե վերջնական փաստաթղթի բովանդակությունը հայտնի չէ:

Եթե կողմերը համաձայնել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, ըստ ձեզ՝ Ադրբեջանն իսկապե՞ս կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ու արդյո՞ք դա լինելու է Նիկոլ Փաշինյանի ասած 29800 քառակուսի կիլոմետրը:

– Կողմերը նման համաձայնություն ձեռք չեն բերել, համաձայնություն են ձեռք բերել հավատարիմ մնալ այդ սկզբունքին ու դրա հիման վրա իրականացնել սահմանների սահմանազատում ու սահմանագծում: Սա համաձայնագրի կետերից մեկն է:

Բայց, էլի եմ ասում, չեմ կարծում, թե համաձայնագիրը վերջնականապես կստորագրվի, հետևաբար որևէ նշանակություն չունի, թե ինչ են խոստացել կողմերը, ակնհայտ է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի ընդունում հենց միայն այն պատճառով, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում հենց հիմա ադրբեջանական զորքերն են, ու նրանք մտադիր էլ չեն հետ քաշել այդ զորքերը:

Երբ, ըստ էության, այս հանդիպումներից ու բանակցություններից հետո շոշափելի արդյունքներ չենք տեսնում, կարո՞ղ ենք դրանք համարել արդյունավետ, պարո՛ն Բաղդասարյան:

– Հազիվ թե կարողանանք արդյունավետ համարել, դրանք ավելի շատ ես ընկալում եմ որպես քարոզչական քայլ, որովհետև կողմերից յուրաքանչյուրը փորձում է ցույց տալ, թե որքան խաղաղասեր է ինքը, որ հենց ինքն է ձգտում խաղաղության: Բայց իրականում Ադրբեջանին այդ խաղաղությունը պետք չէ, ոչ էլ մեզ է պետք այդ խաղաղությունն այն գնով, ինչ գնով պահանջում է Ադրբեջանը:

Չեմ կարծում, թե կարելի է շատ մեծ կարևորություն տալ այդ ընդունված հայտարարությանը, առայժմ, որովհետև հայտնի չէ, թե հետագայում դրա հիման վրա հնարավոր կլինի՞ խաղաղության համաձայնագրի շուրջ պայմանավորվել, թե՞ոչ:

Եթե Ադրբեջանը համաձայնի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, ու հայկական կողմն էլ դեմ չէ ադրբեջանական հինգ կետերին, որոնք առաջարկի տեսքով ներկայացվել են դեռ ամիսներ առաջ, ապա բացառո՞ւմ եք, որ այդ խաղաղության պայմանագիրը կստորագրվի:

– Եթե այդպես լինի՝ կստորագրվի, բայց եթե հավատալու լինենք «Հայկական ժամանակի» հուսալի աղբյուրի նշած հինգ կետերին, Ադրբեջանը միայն նախկին այդ կետերը չէ, որ պնդում է, այլ ունի լրացուցիչ պահանջներ, որոնց մեծ մասը մեզ համար բացարձակապես անընդունելի է, որովհետև դա մեզ համար ոչ թե խաղաղության համաձայնագիր է, այլ համաձայնագիր է այն մասին, որ Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, պետք է փաստացի գոյություն չունենա:

Իսկ այդ դեպքում, ըստ ձեզ, իրավիճակն ինչպե՞ս կհանգուցալուծվի:

– Ամեն դեպքում նոր ռազմական էսկալացիաների հավանականությունը բավականին մեծ է, իսկ այս հանդիպումների նպատակն է, համենայնդեպս Ադրբեջանի ու Թուրքիայի համար, ցույց տալ, որ դրա մեղավորը հայկական կողմն է, որը չի համաձայնում իրենց պահանջներին:

Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը, դրան հետևած կողմերի հայտարարություններն ինչպե՞ս եք գնահատում:

– Միայն հանդիպման փաստն էր կարևոր, ու Էրդողանի այն հայտարարությունը, որ իրենք Հայաստանից որևէ տարածքային պահանջ չունեն, չունեն նաև որևէ նախապայման:

Բայց մենք հասկանում ենք, որ իրականում Թուրքիան լավ էլ նախապայմաններ ունի, պարզապես դրանք ներկայացնում է Ադրբեջանի միջոցով: Իրենք էլ չեն թաքցնում, որ իրենց հարաբերությունները Հայաստանի հետ ուղղակիորեն պայմանավորում են հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա ընթացքով, այսինքն՝ Թուրքիան փորձում է ներկայանալ իբր չեզոք, որ Հայաստանի նկատմամբ նախապայման չի ներկայացնում, բայց այդ բոլոր նախապայմանները ներկայացվում են Ադրբեջանի միջոցով, ու դրանք չկատարելու դեպքում իրենք սպառնում են Ադրբեջանին անմիջականորեն աջակցել նոր էսկալացիայի դեպքում:

Երեկվա հայտարարության մեջ որևէ բառ չկա Արցախի հարցի վերաբերյալ, ինչն առիթ հանդիսացավ, որ ընդդիմադիրները ևս մեկ անգամ ընդգծեն, որ Հայաստանի իշխանությունները վերջնականապես հրաժարվել են Արցախից, որ այդ հանդիպումների ու բանակցությունների վերջնարդյունքը կործանարար է մեզ համար: Համաձա՞յն եք այս դիտարկումներին:

– Համաձայն եմ այդ դիտարկումներին, ուղղակի մեկ նկատառում. որ ընդունված հայտարարության մեջ Արցախի վերաբերյալ անդրադարձ չկա, նորմալ է, բայց այդ անդրադարձը կար Ալիևի հետագա հայտարարություններում, որ իրենք ընդհանրապես թույլ չեն տա, որ որևէ հարթակում որևէ մեկը փորձի քննարկել Ղարաբաղի հարցը, որովհետև այն համարում են իրենցը, ու դա իրենց ներքին գործն է, այսինքն՝ անդրադարձ, այնուամենայնիվ, եղել է, Ալիևն իր դիրքորոշումը հստակ հնչեցրել է, ու իրականում վտանգը հենց դա է, որովհետև եթե դա չլիներ՝ նորմալ կլիներ, որ հայ-ադրբեջանական հարաբերություններից առանձնացվի Ղարաբաղի հարցը, որովհետև դա ոչ թե հայ-ադրբեջանական տարածքային վեճ է, այլ ինքնորոշման իրավունքի իրացման խնդիր, որը միջազգային հանրությունը ընդունում է:

Պարո՛ն Բաղդասարյան, քանի որ հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, կխնդրեմ նախ ասեք՝ հնարավոր կլինի՞ այդ առաքելության տեղակայումն ի վերջո, և երկրորդ՝ ըստ ձեզ, ռուսական կողմն ի՞նչ դիրքորոշում ունի կատարվողի վերաբերյալ:

– Հնարավոր է, որ այդ առաքելությունը կարճաժամկետ կտրվածքով թուլացնի լարվածությունը սահմանային որոշ հատվածներում, բայց, մեծ հաշվով, դա որևէ երաշխիք չէ, որ Ադրբեջանը նոր էսկալացիայի չի գնա:

Ռուսաստանն իր հերթին չի էլ թաքցնում, որ խիստ խանդով է վերաբերվում այդ մոտեցումներին, ավելին՝ բաց տեքստով հայտարարվեց, որ եթե Արևմուտքը փորձում է այստեղ ակտիվանալ, ապա դա հնարավոր է հանգեցնի ռազմական նոր էսկալացիայի, այսինքն՝ դա ուղղակի սպառնալիք էր նաև գուցե հայկական կողմին, որ շատ մի՛ ոգևորվեք արևմտյան հարթակներով, որովհետև դրա հետևանքով կարող եք լարվածության հնարավոր ալիքի առաջ հայտնվել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am