«Չնայած Ադրբեջանը վիժեցնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները, բայց առանձին հանդիպումներից չի կարող հրաժարվել». Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

  Պարո՛ն Ղևոնդյան, նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը: Ի՞նչ կարող է տալ այս հանդիպումը Հայաստանին ու, ընդհանրապես, հակամարտության լուծմանը:

– Այս համատեքստում Ֆրանսիան ավելի շատ ցանկացել է ընդգծել իր դերակատարությունը տեղի ունեցող գործընթացներում, և Ֆրանսիայի դեսպանության կայքում հրապարակված տեքստում հենց այդպես էլ նշվում է, որ Ֆրանսիան շարունակելու է աշխատել իր գործընկերների հետ՝ հանուն Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ու խաղաղության: Ֆրանսիան ևս մեկ հարթակ է փորձում դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններում:

Ինչպես Մոսկվան, այնպես էլ Ֆրանսիան վերջին շրջանում փորձում են ամեն կերպ ընդգծել իրենց դերակատարությունը տարածաշրջանում, ինչը Հայաստանի համար բավականին լավ է, քանի որ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել խնդրի վերաբերյալ դերակատարների ցանկը, քանի որ մեկ դերակատարի՝ կոնկրետ Ռուսաստանի պարագայում Հայաստանի շահերն իրացնելը բավականին բարդ է:

Իսկ ինչո՞ւ այս կարգի հանդիպումներ, քննարկումներ չեն լինում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:

– Որովհետև Ադրբեջանն ամեն կերպ վիժեցնում է այդ ձևաչափով աշխատանքների իրականացումը: Ադրբեջանի նպատակն է, որ բոլորը հասկանան, թե Մինսկի ձևաչափն իրեն սպառել է, ինչի համար էլ որդեգրել է նմանօրինակ քաղաքականություն: Հայաստանը, սակայն, պետք է ամեն կերպ փորձի վերակենդանացնել Մինսկի խումբը:

Պարո՛ն Ղևոնդյան, իսկ ինչո՞ւ է առանձին հանդիպումներին Ադրբեջանը մասնակցում, այն պարագայում, երբ կազմակերպող կամ միջնորդ կողմը Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է:

– Պարզ պատճառով, հնարավոր չէ բոլոր ձևաչափերից հրաժարվել: Ադրբեջանը փորձում է հնարավորինս մեղմել բոլոր ռիսկերը, որոնք սպառնում են իրեն, իսկ կոնկրետ Մինսկի խմբի վերագործարկումն այսօր իր շահերից չի բխում, բայց այն դեպքերում, երբ ուղղակիորեն Ադրբեջանի շահերը չեն վնասվում կամ նվազագույն չափով են վնասվում, ստիպված է որոշակի քայլերի գնալ:

Ադրբեջանը առանձին հանդիպումներից չի կարող հրաժարվել, որովհետև դա ուղղակի ապակառուցողական մոտեցում կլինի:

Իսկ ԱՄՆ-ն ինչո՞ւ ակտիվություն չի դրսևորում, ինչպես ՌԴ-ն ու Ֆրանսիան են անում:

– Բայդենի վարչակազմը, կարծես թե, ընտրել է պատվիրակելու քաղաքականություն և տարբեր հատվածներում տարբեր գործընթացների կատարում պատվիրակում է որոշ դերակատարների: Եթե Թրամփի ժամանակ այդ գործընթացը տեղի էր ունենում ուղղակի մեկուսացման ձևով, ապա հիմա ԱՄՆ-ն կառավարում է այդ գործընթացները, և, կարելի է ասել, որ Ֆրանսիայի այսքան մեծ ակտիվությունը խոսում է այդ մասին:

Կատարվող իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ տվյալ դեպքում Ֆրանսիան պատվիրակվել է ԱՄՆ-ից և ներկայացնում է նաև վերջինիս այս գործընթացներում: Եթե անհրաժեշտություն լինի, որ ԱՄՆ-ն ուղղակիորեն միանա գործընթացին, նա դա կանի:

Նմանօրինակ հանդիպումները կարո՞ղ են նպաստել Մինսկի խմբի աշխատանքների վերսկսմանը:

– Եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև այդ ձևաչափի վերագործարկման մասով կոնսենսուս լինի, իհարկե Մինսկի խումբն անմիջապես կաշխատի, բայց փաստ է, որ դա Ադրբեջանին ձեռնտու չէ, ու նա ամեն ինչ անելու է, որ դա տեղի չունենա:

Պարո՛ն Ղևոնդյան, իսկ նմանօրինակ առանձին հանդիպումները որքանո՞վ կարող են նպաստել, որ Ադրբեջանն ինչ-ինչ հարցերում իր դիրքորոշումը փոխի:

– Այս հանդիպումները դժվար թե նման ազդեցություն ունենան: Ձեր նշած փոփոխությունների համար անհրաժեշտ է, որ Հայաստանը կարողանա իր սուբյեկտայնությունը որոշակիորեն բարձրացնել, որպեսզի Ադրբեջանը տեսնի, որ փոքր զիջումների գնալով կխուսափի ավելի մեծ զիջումներից: Իսկ այս իրավիճակում Հայաստանն ինչ էլ առաջարկի, Ադրբեջանը չի համաձայնելու, որովհետև տեսնում է, որ կարողանալու է ավելին ստանալ:

Ճի՞շտ հասկացա, որ տարբեր երկրներ այսպիսի հանդիպումներ կազմակերպելով ավելի շատ նպատակ ունեն իրենց դերակատարությունը բարձրացնել, քան օգնել հակամարտող կողմերին:

– Ոչ թե այդ երկրները կոնկրետ իրենց դերակատարությունն ընդգծելու նպատակով են նման հանդիպումներ կազմակերպում, այլ այդ երկրները հարթակ են, որտեղ պետք է այդ գործընթացը տեղի ունենա, ու հարթակ լինելով են այդ երկրներն իրենց դերակատարությունը բարձրացնում տարածաշրջանում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am