«Անձեռնմխելի սուբյեկտներ Հայաստանում չպետք է լինեն»․ Նորայր Նորիկյան

«Անձեռնմխելի սուբյեկտներ Հայաստանում չպետք է լինեն»․ Նորայր Նորիկյան
«Անձեռնմխելի սուբյեկտներ Հայաստանում չպետք է լինեն»․ Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Նորայր Նորիկյանը:

– Պարո՛ն Նորիկյան, վերջին շրջանում ամենաշրջանառվող թեման պետական վերահսկողական ծառայության շուրջ տեղի ունեցող աղմուկն էր ու ձերբակալությունները: ՊՎԾ-ն մի ամբողջ օր որևէ կերպ չմեկնաբանեց տեղի ունեցածը, ապա եղավ ԱԱԾ-ի հայտարարությունը: Ինչի՞ մասին էր խոսում այս տեղեկատվական վակուումը, և դուք այստեղ մտահոգվելու առիթ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ:

– Բնականաբար, ինձ՝ որպես ՀՀ քաղաքացու մտահոգում է տեղեկատվական անվտանգության կամ տեղեկատվական հասանելիության խնդիրը: Կարծում եմ՝ պետական տարբեր ստորաբաժանումների մամուլի ծառայությունները պետք է ունենան այն ողջամիտ պարտավորությունը, որ հանրությանը տրամադրեն օրենքով թույլատրելի, վերաբերելի տեղեկությունները, որոնք ենթակա են հրապարակման:

Հետևաբար, այս տեղեկատվական վակուումը որոշակի տարակարծությունների տեղիք կարող էր տալ իրականացվող գործընթացների նկատմամբ: Ինչ վերաբերում է ընդհանուր գործընթացին, ես միանշանակ ողջունում եմ, որ եթե իշխանության որևէ ներկայացուցչի մտքով կարող է անցնել այս կամ այն ենթադրյալ քրեական հատկանիշներ պարունակող գործունեություն ծավալել, բնականաբար, պետք է այդ մարդիկ հայտնաբերվեն և խստորեն պատժվեն:

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ սա խոսում է վերահսկողական կառույցներում առկա լրջագույն խնդիրների մասին:

– Մենք աննախադեպ իրավիճակի հետ գործ ունենք, երբ պետական իշխանության են եկել մարդիկ, որոնք նոր են հարմարվում իրավիճակին, այսինքն՝ իրենց համար նոր ուսումնասիրման ոլորտներ են գտնում: Այդտեղ կարող են լինել մարդիկ, որոնք չդիմանան գայթակղությանը, բայց անհրաժեշտ է պետական ձեռագիր, անհրաժեշտ է ունենալ հստակ կողմնորոշում, անհրաժեշտ է առաջնորդվել Հայաստանի օրենսդրությամբ, անհրաժեշտ է հստակ գծել կարմիր գիծը, որը չի կարելի անցնել:

Եվ եթե իշխանության է եկել մի ուժ, որը դրոշակ է դարձրել հակակոռուպցիոն պայքարը, մի փոքր անտրամաբանական կլինի, որ այդ հակակոռուպցիոն պայքարի գործընթացում հայտնվեն մարդիկ, որոնք ի պաշտոնե պետք է պայքարեն կոռուպցիայի դեմ, և հենց իրենք զբաղվեն կոռուպցիայով: Ես չգիտեմ՝ ի՛նչ է եղել, բայց եթե իսկապես այդ գործընթացում եղել է անօրինական քայլ, ես միանշանակ ողջունում եմ, որ այդ մարդիկ պետք է բացահայտվեն և ավելի խիստ ենթարկվեն քրեական պատասխանատվության:

Ինչ վերաբերում է ընդհանուր կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքին, ապա մի շարք կոռուպցիոներներ դեռևս ազատության մեջ են: Ես համարում եմ, որ այս երկրում որևէ մեկը, ով երբևէ զբաղվել է կոռուպցիայով, ովքեր եղել են կոռուպցիոն մեխանիզմների գագաթին, ովքեր այդ շղթայի մաս են կազմել, այդ մարդիկ ոչ միայն պետք է հատուցեն իրենց կոռուպցիայով զբաղվելու ժամանակահատվածում երկրից ու հասարակությունից թալանածը, այլ նաև պետք է ենթարկվեն պատասխանատվության: Այդ ուղղությամբ պետք է գնա ամբողջ գործընթացը:

– Պարո՛ն Նորիկյան, նաև տեսակետ է հնչում, որ եթե ԱԱԾ-ն ստուգում է ստուգողներին, հետևում հետաքննություն իրականացնողներին, այդ դեպքում ո՛վ է հետևելու, ո՛վ է քննելու իրենց: Այստեղ խնդիր տեսնո՞ւմ եք:

– Բնականաբար, մեկը մյուսի վերահսկողական գործառույթները տարաբաժանված են, ոստիկանությունը նույնպես ունի նման կառույցներ: Ի վերջո, ենթադրյալ հանցագործություն կատարելու համար Քրեական դատավարության օրենսգիրքն ունի հստակ ընթացակարգեր: Իրավական առումով որևէ գործիքակազմի պակաս մենք չունենք: Այստեղ շատ կարևոր է քաղաքական կամքի առկայությունը և այդ կամքը գործադրելու կոնկրետ վարքագիծը: Մենք պետք է մի բան արձանագրենք. անձեռնմխելի սուբյեկտներ Հայաստանում չպետք է լինեն, ով ուզում է լինի:

Եթե մենք այդ կարմիր գիծը քաշեցինք, մենք կարող ենք քաղաքական կամքի առկայության պայմաններում բեկում մտցնել: Միաժամանակ ես միամիտ չեմ և գիտակցում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը միայն մարդկանց բռնել-դատելով չէ: Մեզ անհրաժեշտ է ստեղծել հակակոռուպցիոն միջավայր, մեզ անհրաժեշտ է ունենալ հակակոռուպցիոն կրթություն՝ սկսած մանկապարտեզից, դպրոցից ու բուհից: Սա մեկ ամսվա կամ մեկ տարվա խնդիր չէ, մեզ անհրաժեշտ է ժամանակահատված, որտեղ կկերտենք իսկապես կոռուպցիայի հանդեպ հանդուրժողականություն չցուցաբերող հասարակություն:

Եկեք ընդունենք, որ կոռուպցիան հանցագործություն է, որն իր մեջ կլանում է նաև շարքային քաղաքացուց մինչև ամենավերջին պաշտոնյան: Այդ ցիկլի մեջ նաև հասարակ քաղաքացիներն են ընդգրկված, որովհետև երբեմն կոռուպցիան ձեռնտու է հանրության որոշակի խմբերի: Մեզ պետք է ստեղծել այնպիսի նորմատիվային բազա, այնպիսի իրավական ընթացակարգեր, որ կոռուպցիան հանրային մտածողության ներսից արմատախիլ արվի, իսկ դրա համար շատ լուրջ ճանապարհ է պետք է անցնել, միայն խոսքերը բավական չեն:

– Դավիթ Սանասարյանը կոչ էր անում ԱԱԾ-ին՝ նախաքննության գաղտնիությունից և անմեղության կանխավարկածից ելնելով տեղեկատվական արտահոսք թույլ չտալ: Ինչպե՞ս եք գնահատում նրա այս հայտարարությունը, կարծում եք՝ իշխանության ներսում կա տարաձայնությո՞ւն տարբեր կառույցների միջև:

– Իհարկե կա: Եկեք միամիտ չլինենք, որովհետև առնվազն պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից արտաբերված այդ դիրքորոշումից ակնհայտ է, որ կա անհամաձայնություն ԱԱԾ-ի ենթադրյալ գործողությունների հետ: Բնականաբար, ես՝ որպես փաստաբան և իրավաբան, հարգում եմ անմեղության կանխավարկածը, նաև նախաքննության գաղտնիության շահերը, որը Քրեական դատավարության օրենսգրքով է ամրագրված, ոչ թե այս կամ այն անձի հրապարակային հորդորներով, և եթե իսկապես նախաքննական գաղտնիքի արտահոսք է տեղի ունեցել, ես կհորդորեմ հրապարակայանացվի, թե դա ում կողմից, երբ, ինչ պայմաններում և ինչ նպատակով է տեղի ունեցել:

Որովհետև բոլորն են պարտավոր պահպանել նախաքննական գաղտնիքը, և այստեղ միայն գերատեսչական շահով չպետք է առաջնորդվել, պետք է պահպանել ՀՀ օրենսդրությունը, անկախ նրանից, թե ում է դա վերաբերում:

Մանե Հարությունյան

MediaLab.am