«Դրանք հանցագործություններ են, որոնք անվերադարձ ոչնչացրեցին իմ սիրած քաղաքի այն անկյունները, որոնք այդ բռի նորերին օտար էին…». Հրանտ Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ռեժիսոր Հրանտ Վարդանյանը:

– Պարո՛ն Վարդանյան, Երևանի քաղաքապետարանի որոշմամբ ապամոնտաժվում են Օպերայի շենքի տարածքի սրճարանները: Բողոքի ակցիաների օրերին դուք գրել էինք, որ մարդիկ չեն ուզում մաքրվել ու մաքրել Օպերայի տարածքը: Ինչի՞ հետևանք է այս իրավիճակը:

– Քաղաքում ապրող մարդը պետք է բնությունից չկտրվի, այգիներ և ազատ տարածքներ են պետք քաղաքին: Որպեսզի մարդու աչքը հանգստանա՝ պետք է կտրվի փողոցներից ու շենքերից:

Շատերը ծնվել ու մեծացել են արդեն աղավաղված Երևանում, նրանց շատերի համար սովորական է դարձել այն, ինչը կատարվում էր Օպերայի շենքի շրջակայքում: Այսինքն՝ սերունդ է փոխվել, նոր սերունդը չի տեսել, թե ինչպիսին էին Օպերայի այգին ու Կարապի լիճը, չեն պատկերացնում, որ այգին կարող է առանց սրճարանների լինել: Օպերայի և Հայֆիլհարմոնիայի այս ճարտարապետական շքեղ կառույցի միջավայրը պետք է համահունչ լինի հանճարեղ ճարտարապետի հանճարեղ ստեղծագործությանը:

Այդտեղ ոչ մի սրճարան ընդհանրապես չպետք է լինի, պետք է ուղղակի լինի կանաչ միջավայր, զբոսայգի, որը կհամապատասխանի այդ շենքի ոճին ու կառուցվածքին: Օպերային հարող ամբողջ տարածքը կանաչ գոտու աշխատանքների վերածելն ու նախագծելը պետք է վստահել ճարտարապետներին և լանդշաֆտային դիզայնի մասնագետներին: Այսինքն՝ պետք է կառուցել մի մեծ, մաքուր տարածք, որտեղ մարդը կարող է զբոսնել:

Մարդը քաղաքներ կառուցելով՝ հետզհետե կտրվել է բնությունից ու հողից, հետևաբար, բոլոր զարգացող քաղաքներում միշտ հաշվի են առել կանաչ գոտիների կարևորությունը, որպեսզի մարդը չկտրվի բնությունից: Կարապի լճում կարող են կարապներ լինել, տարածքում՝ շատ ծառատեսակներ ու թփեր: Թող նոր բաներ չհնարեն, ուղղակի այդ ամբողջը պետք է մաքրել, տարածքը դարձնել զբոսավայր, որտեղ ոչ մի երաժշտություն ու ատրակցիոն պետք չեն, անգամ բազմահազարանոց հանրահավաքներ էլ պետք չեն:

– Մարդկանց մի խումբ բողոքի ակցիաներ անցկացրեց սրճարանների ապամոնտաժման դեմ, սոցիալական խնդիր էին շոշափում: Որքանո՞վ էին արդարացի այդ ակցիաները:

– Մինչև մենք մեր գիտակցության խնդիրները չլուծենք, ոչ մի սոցիալական խնդիր չի լուծվի, իսկ մեր գիտակցությունն այն է, որ հիվանդ վիճակում ենք գտնվել տասնյակ տարիներ: Եթե անընդհատ մնանք այս գիտակցությանը, մենք ոչ մի սոցիալական հարց չենք կարող լուծել: Մեր առաջ ծառացած հարցերն այսօր ֆունդամենտալ լուծումների կարիք ունեն:

– Ըստ ձեզ՝ հաջորդ քայլով ի՞նչ առաջնահերթ խնդիրներ կան Երևանում, որոնք պետք է լուծվեն:

– Ես կարծում եմ, որ քաղաքի խնդիրներով պետք է զբաղվեն միայն պրոֆեսիոնալները: Քաղաքաշինության ու ճարտարապետական լուծումները միայն պրոֆեսիոնալ խմբերին պետք է վստահել: Երբ արդեն նախագծերն ու ծրագրերը կմշակեն, ամեն ինչ հաշվի կառնեն ու պատրաստ կլինի, այդ ժամանակ թող ներկայացնեն ժողովրդի հավանությանը: Լավ կլիներ, որ այդ ամենն այնպես մշակվի, որ մարդիկ հրճվեն ու ասեն՝ էս ինչ զիլ բան է արվում, իրենք էլ իրենց մասնակցությունն ունենան, վատագույն դեպքում՝ չխանգարեն:

Քաղաքաշինությունը կամ ճարտարապետությունը, բացի մշակութային լինելուց, գիտություն է, աշխարհում այդ փորձը շատ մեծ է, հին ու նոր քաղաքները կառուցվել ու կառացվում են այդ գիտությամբ: Այսինքն՝ 19-րդ դարի քաղաքը մի տեսակ էր, 12-րդ դարինը՝ այլ տեսակ, իսկ 21-րդ դարի քաղաքն էլ իր բովանդակությունը պետք է ունենա: Այնպես չէ, որ ով ինչ ուզի՝ կարող է անել: Քաղաքը պետք է ծրագիր, հեռանկար, հատակագիծ ու ճարտարապետական տեսք ու բովանդակություն ունենա: Իսկ որպեսզի քաղաքը դեմք ունենա, առնվազն պետք է միահունչ և համաչափ լուծվեն բոլոր հարցերը:

– Այսինքն՝ նախկինում ով ինչ ուզել՝ արե՞լ է: Տարիներ շարունակ շատ է խոսվել քաղաքին անխնա վերաբերվելու խնդրի մասին:

– Ամեն անգամ երևանյան գեղեցիկ ու հին շինության անհետացումով ինձանից մի կտոր հիշողություն են գողացել ձեր նշած սրիկա ու փնթի «ինչ ուզեմ՝ կանեմ»-ները: Դրանք հանցագործություններ են, որոնք անվերադարձ ոչնչացրեցին իմ սիրած քաղաքի այն անկյունները, որոնք այդ բռի նորերին օտար էին…

– Նաև քննարկվում է այն հարցը, որ հանրային տարածքներում սրճարաններ և այլ օբյեկտներ կառուցելու թույտվություններ տված նախկին պաշտոնյաները պետք է բերվեն պատասխանատվության դաշտ: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս հարցի մասին:

– Այդ հարցն ինձ շատ չի հետաքրքրում, որովհետև դրանք իրավական ու վարչական հարցեր են, որոնք ինքնըստինքյան պետք է լուծվեն: Կարևորը գաղափարն է՝ թե ինչ անենք, ուր գնաք և որ ճանապարհով, ոնց խելքի բերենք ավերվածը, ինչպես ազատվենք արդեն կառուցված փնթիություններից:

Նախ մաքրվենք մեր բթացած ու կարծրացած մտքերից, մեր հիվանդ պատկերացումներից, իսկ դրան զուգահեռ մաքրենք մեր միջավայրն ու կանաչապատենք այն: Մենք պետք է մաքրվենք անտարբեր լինելու պատճառով տարիներ շարունակ առաջացած սարդոստայն հիշեցնող լարանցումներից, կիսատություններից, մեր քաղաքին ոչ վայել քանդակներից ու շինություններից: Պետք է կառուցենք մարդուն հարմար հաճելի և կանաչապատ Երևան:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am