Պետությունը չի տիրապետում հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված անհրաժեշտ վիճակագրական տվյալների․ Մուշեղ Հովսեփյան

Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման մշտադիտարկման անկախ մարմին, հրապարակել է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ արտահերթ զեկույց: 

Դրանում, մասնավորապես, արձանագրված է, որ հաշմանդամություն ունեցող անձինք շարունակում են խնդիրներ ունենալ՝ կապված ֆիզիկական և միջավայրային մատչելիության հետ, բախվում են խոչընդոտների՝ կապված հաշմանդամության կարգավիճակի սահմանման գործընթացի հետ, ինչպես նաև՝ կրթության և աշխատանքի իրավունքն իրացնելիս։ Զեկույցն անդրադառնում է նաև սոցիալական և կարիքահենք ծառայությունների սղությանը կամ բացակայությանը, ինչը հաշմանդամություն ունեցող անձին զրկում է իր իրավունքներն իրացնելու հնարավորություններից։

Զեկույցում մատնանշված այս և մի շարք այլ խնդիրների մասին զրուցել ենք «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանի հետ։

– Օրերս հրապարակվեց ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ։ Դրանում անդրադարձ կար մի շարք հիմնախնդիրների, սակայն հիմնական շեշտը դրված էր «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի վրա։ Ըստ զեկույցի՝ թեև օրենքն ընդունվել է 2021 թ. մայիսի 5-ին, համապատասխան մեխանիզմներ և կարգավորումներ դեռևս չկան, ինչը խանգարում է, որ օրենքը լիարժեքորեն գործի։

– Կարծում եմ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքն ունի անհրաժեշտ մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան պաշտպանելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, սակայն, բնականաբար, դրանք կարող են ավելին լինել։ Բայց օրենքն ունի նվազագույն անհրաժեշտ մեխանիզմները, որոնք այն գործնականում կիրառելի են դարձնում տարբեր խմբերի անձանց կողմից, այդ թվում՝ պետության։ 

Շատ կարևոր էր, որ օրենքը վերջապես ամրագրեց, թե ինչ է հաշմանդամությունը։ Եթե նախկինում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագիծը պարունակում էր և՛ ֆունկցիոնալության մասին դրույթներ, և՛ ընդհանուր իրավունքների մասին դրույթներ, ապա ընդունված տարբերակում դրանք կարգավորվում են առանձին՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքներով։ Սա հնարավորություն է տալիս անցնել հաշմանդամության՝ մարդու իրավունքների մոտեցմանը, որպեսզի պետությունն ապահովի բոլոր անձանց իրավունքները՝ անկախ այն հանգամանքից, թե ճանաչվա՞ծ է արդյոք նրանց հաշմանդամությունը երկրում գործող ընթացակարգերով, թե՞ ոչ։ Եթե նախագիծն ընդունվեր այդ տեսքով, մի խումբ անձինք դուրս կմնային օրենքի շրջանակներից և չէին ունենա այն իրավունքները, ինչ հիմա։

– Այսինքն՝ պարզ ձևակերպմամբ՝ կստացվեր, որ եթե անձը չունի սահմանված հաշմանդամություն, դուրս է մնում օրենքի կարգավորման դաշտից։ 

– Այո՛, քանի որ օրենքը սահմանում է, որ հաշմանդամության հիմքով խտրականությունն արգելվում է՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք անձի հաշմանդամությունը սահմանված է, թե ոչ, փաստացի ունի հաշմանդամություն, թե ենթադրվել է: Այսպիսով, սա իրավահավասարության և հակախտրականության օրենք է և ունի մի քանի մեխանիզմներ։ 

Դրանցից առաջինն այն է, որ հստակ սահմանվում են Կառավարության, պետական կառույցների, այդ թվում՝ ՏԻՄ-երի պարտավորությունները։ Օրենքով ամրագրված է, որ բոլոր ծրագրերը, որոնք մշակվում են պետական կառույցների կողմից, բոլոր ոլորտային ռազմավարությունները, որոնք ընդունվում են, պետք է հաշվի առնեն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, իսկ հաշմանդամություն ունեցող կանանց և երեխաների հիմնահարցերը պետք է պարտադիր ներկայացված լինեն մայրության, մանկության և, ընդհանրապես, գենդերային հավասարության քաղաքականություններում։ 

– Զեկույցում անդրադարձ կա նաև մատչելիության հանձնաժողով ստեղծելու հարցին, որը ներկայացված էր օրենքի նախագծում, սակայն ընդունված տարբերակում հանձնաժողովի ստեղծման դրույթը բացակայում է։ Սա ներկայացվում է որպես օրենքի լուրջ բաց, քանի որ մատչելիության հանձնաժողովը գործելու էր անկախ, իրականացնելու էր մատչելիության վերահսկողություն՝ այդպիսով առարկայական ու արագ փոփոխություններ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման հարցում։

– Այո՛, շատ կարևոր էր, որ ստեղծվեր այս հանձնաժողովը, որը կպաշտպաներ և կխթաներ մատչելիությունը կյանքի տարբեր ոլորտներում, սակայն 2021 թ. հանձնաժողովի մասին գլուխն ամբողջությամբ հանվեց նախագծից։ Հանձնաժողովը նախատեսվում էր որպես լայն լիազորություններ ունեցող մարմին, որը գործելու էր ոչ միայն ֆիզիկական, այլև տեղեկատվության և հաղորդակցության մատչելիության ոլորտներում, լիազորություն կունենար դիմելու դատարան, վարույթ հարուցելու, ընդունելու խախտման մասին որոշումներ, եթե, օրինակ՝ համայնքի ղեկավարները ստորագրեին շենք-շինությունների շահագործման ակտեր, որոնցում հաշվի չէին առնված մատչելիության սկզբունքները։ Բացի այդ, դա պետք է լիներ այն մարմինը, որը պետք է մշակեր առաջարկներ՝ ուղղված համընդհանուր դիզայնի սկզբունքների վրա հիմնված մատչելիության նորմերի ընդունմանը։ 

Ցավոք, այսօր նման մարմին չունենք։ Հիմնական պատճառաբանությունն այն էր, որ այդ լիազորություններն արդեն ունեն այլ մարմիններ, օրինակ՝ ՄԻՊ-ն ու Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (ՔՏՀԱՏՄ), բայց, իրականում, դրանք խիստ տարբեր գործառույթներ են, և բոլորովին չի ենթադրվում, որ միայն մեկ մարմին կարող է ունենալ նման լիազորություններ։ 

Իհարկե, դրանց գործողություններն իրար չեն կարող հակասել, բայց, օրինակ՝ տեսչական մարմինն այսօր խախտումների հիման վրա համայնքների ղեկավարների նկատմամբ տույժ-տուգանքներ նշանակելու լիազորություն չունի։ Այն կարող է դիմել դատարան՝ մատնանշելով խախտումները, սակայն պետք է հասկանալ, որ մատչելիությունը այս երկու կառույցների լիազորությունների շրջանակում գտնվող հարցերից միայն մեկն է։ 

ՄԻՊ-ի լիազորությունների շրջանակում են միայն պետական գերատեսչությունները, որոնց կողմից կատարված խախտումների հիման վրա Պաշտպանի գրասենյակը կարող է որոշումներ ընդունել։ Կարող եմ օրինակ բերել. 2018 թ. դիմել եմ ՔՏՀԱ տեսչական մարմին՝ Գավառի թատրոնի վերակառուցված շենքի հետ կապված, որի բացումը մեծ շուքով իրականացվեց, բայց որում հաշվի չէին առնված քաղաքաշինության՝ այդ պահին գործող նորմերը։ 

Տեսչական մարմինը, որոշակի ձգձգումներով և վարչարարության խախտումներով, ի վերջո, ընդունեց խախտման մասին որոշում և հանձնարարեց վերանայել ու հաջորդ տարվա բյուջեում նախատեսել միջոցներ՝ խախտումները վերացնելու համար։ Բնականաբար, հաջորդ տարվա բյուջեում վերակառուցման համար միջոցներ չնախատեսվեցին։ Ստացվում է, որ տեսչական մարմինն ընդունում է, որ շինարարությունն իրականացվել է քաղաքաշինական նորմերի խախտմամբ, բայց դա որևէ հետևանք չի ունենում։ 

Մատչելիության հանձնաժողովը, մինչդեռ, կունենար լիազորություն ոչ միայն նախապես ծանոթանալու շինարարության պլանին, այլև վերջում ստանալու շահագործման ակտերը, և միայն հանձնաժողովի վավերացումից հետո հնարավոր կլիներ շահագործել կառույցը։ Այս իմաստով, այո՛, օրենքը շատ բացեր ունի, բայց դրանք հնարավորինս մեղմելու մեխանիզմներ կան։ Օրինակ՝ հնարավորությունը, որ տրվեց հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններին՝ դիմելու դատարան, եթե անձը կամ խումբը հաշմանդամության հիմքով խտրականության է ենթարկվում։ Այլ հարց է, որ ՀԿ-ները ոչ միշտ կարող են ունենալ անհրաժեշտ ռեսուրս։ 

Արտադատական կարգով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմներից մեկն էլ գործադրվեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի փոփոխությամբ՝ Պաշտպանի գրասենյակին օժտելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման մշտադիտարկման անկախ մարմնի լիազորություններով։ Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ ոլորտի կազմակերպություններն առավել հակված էին, որ մշտադիտարկման մարմինը լինի նոր ստեղծվող, մասնագիտական, անկախ կառույց, սակայն Կառավարությունն ու ՄԻՊ-ը կողմնակից էին Պաշտպանի լիազորությունների ընդլայնմանը։ 

– Զեկույցում բավական ընդգրկուն անդրադարձ կա հաշմանդամություն ունեցող անձանց վիճակին՝ հատկապես համավարակի և պատերազմի համատեքստում։ Ձեր դիտարկմամբ՝ ինչպե՞ս են այս գործոններն անդրադարձել այս անձանց վրա։

– Կորոնավիրուսը ամբողջ աշխարհում անհամաչափ բացասական ազդեցություն է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց վրա, և Հայաստանը բացառություն չէր։ Այլ հարց է, որ կարող էին ձեռնարկվել հավելյալ գործողություններ, հատուկ ժամանակավոր միջոցներ՝ անձանց փաստացի հավասարությունն ապահովելու կամ նրանց իրավունքները խթանելու համար։ Հայաստանում դրանք, ցավոք, չեղան։ 

Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ այդ ազդեցության գնահատում անելը չափազանց դժվար է։ Պաշտպանի զեկույցում՝ նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ին հղումով, նշվում է, որ հաշմանդամության մասով ապախոշորացված տվյալներ գոյություն չունեն. օրինակ՝ հաշմանդամություն ունեցող քանի՞ մարդ է կորոնավիրուսով վարակվել, քանի՞սն են հոսպիտալացվել, քանի՞սն են մահացել և այլն։ Մինչդեռ այս տվյալները բավական հեշտ է հավաքել, քանի որ առողջապահության նախարարությունը, բնականաբար, ունի բոլոր վարակված, հոսպիտալացված կամ մահացած անձանց նույնականացման տվյալները, որոնք կարելի է համադրել հաշմանդամություն ունեցող անձանց տվյալների շտեմարանի հետ։ Այս տվյալները կօգնեին պետությանը հասկանալու, թե որտեղ են բացերը, կամ որքանով է կորոնավիրուսն ազդել հենց այս խմբի վրա։ 

Ընդհանուր առմամբ, համաշխարհային տվյալները փաստում են, որ կորոնավիրուսից մահացած մարդկանց մեծ մասը հաշմանդամություն ունի։ Մահացածների շարքում մեծ է նաև այն մարդկանց թիվը, որոնց հաշմանդամությունն ուղղակի կապ չի ունեցել համավարակի համար ռիսկային համարվող գործոնների հետ։ 

Խնդիրներից մեկն էլ այն է, որ համավարակի և դրա դեմ պայքարի մասին տեղեկությունները հասանելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ իրենց համար մատչելի ձևաչափով, օրինակ՝ ժեստերի լեզվով կամ հեշտ ընթերցվող տեքստերի, չնայած աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2020 թ.-ից փորձում էր ապահովել տեղեկատվության մատչելիությունը, բայց դա, իհարկե, բավարար չէր։ 

Նաև պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում աղքատության ցուցանիշը Հայաստանում շատ բարձր է, իսկ համավարակի ազդեցությամբ առավել հավանական է, որ ընտանիքը, որտեղ կա հաշմանդամություն ունեցող անձ, կհայտնվի ծայրահեղ աղքատության մեջ, որի դեպքում մահացության ցուցանիշն առավել մեծ է։ 

Մյուս խնդիրն այն է, որ գործատուները, որոնք կորոնավիրուսի պայմաններում հայտնվել են ճգնաժամային վիճակում և ունեն հաշմանդամություն ունեցող աշխատակիցներ, նախընտրում են նախ կրճատել հենց նրանց։ Այս մասով ևս պետությունը տվյալներ չունի, ուստի հնարավոր չէ պատկերացնել համավարակի ողջ ազդեցությունը։ 

Պետք է նշել, սակայն, որ տվյալներ կան փակ հաստատություններից, որտեղ ապրում են հաշմանդամություն ունեցող անձինք։ Հաստատություններում վիճակն առանց այդ էլ անմխիթար էր, իսկ համավարակի պայմաններում այն ծայրահեղ դարձավ, որովհետև որքան էլ լավ կազմակերպվի այդ հաստատություններում խնամքը, անհնար է բացառել վարակի մուտքը հաստատություն։ 

Տարբեր երկրներ տարբեր լուծումներ գտան այս հարցի համար. որոշ երկրներ միանգամից ապաինստիտուցիոնալացում իրականացրեցին և միջոցներն ուղղեցին համայնքներում հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելի ծառայություններ ստեղծելուն և ընդլայնելուն, որոշ երկրներ էլ ավելացրեցին մատչելիությանն ուղղված միջոցները։ 

Հայաստանում նման միջոցներ չձեռնարկվեցին՝ նաև տվյալների բացակայության պատճառով։ Չնայած, կարծում եմ, դեռ ուշ չէ, և այդ տվյալները հնարավոր է ստանալ նաև այսօր, սակայն դրա համար ցանկություն է պետք։ 

– Հաշվի առնելով համավարակի ընթացքում ունեցած փորձառությունը և բացթողումները՝ ենթադրվում էր, որ գոնե պատերազմի ազդեցության գնահատում կիրականացվի։ Այսօր, սակայն, ակնհայտ է, որ այս մասով ևս տվյալներ չկան։ 

– Այո՛, մենք ունենք մի տվյալ, որ պատերազմի հետևանքով կամ դրա ընթացքում X թվով քաղաքացիական անձինք են զոհվել, բայց չունենք այդ տվյալների հետազոտություն՝ հենց հաշմանդամության տեսանկյունից։ Կարելի է ասել, որ հաշմանդամության գործոնով պայմանավորված՝ պատերազմն ընդհանրապես չդիտարկվեց, մինչդեռ բաց աղբյուրներից էլ կարելի է տեսնել, որ քաղաքացիական անձանց շրջանում խոշտանգումների են ենթարկվել հենց հաշմանդամություն ունեցող անձինք և տարեցներ, որոնք ունեին առողջական խնդիրներ և կարող էին դիտարկվել որպես հաշմանդամություն ունեցող անձինք։ 

Ես առնվազն 4-5 հրապարակման եմ հանդիպել, որոնցում հստակ նշվում էր, որ մարդիկ, որոնք այս կամ այն պատճառով հրաժարվել էին լքել իրենց տները և խոշտանգվել ու սպանվել էին, հաշմանդամություն են ունեցել, այդ թվում՝ ֆիզիկական։ Իհարկե, ամեն դեպքում, այս անձանց պաշտպանության պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի իշխանությունը, բայց հասկանալի է, որ խոսում ենք պատերազմական հանցագործություններով ուղեկցվող ռազմական գործողությունների մասին։ 

Իրավիճակի ուսումնասիրությունը հնարավորություն կտար այս հարցը բարձրաձայնելու միջազգային ատյաններում հենց հաշմանդամության համատեքստում, որովհետև որևէ մեկը չի կարող բացառել, որ այս անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը հաշմանդամության հիմքով չի եղել։ 

Իհարկե, պատերազմի ժամանակ մենք չունեինք «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը և մի շարք իրավական ակտեր, որոնք այս կամ այն պետական մարմնի վրա դնում են որոշակի պարտավորություններ, բայց այսօր, հարաբերական կայունության փուլում, հնարավոր էր իրավիճակի գնահատում անել, սակայն հիմա տեսնում ենք, որ հաշմանդամության բաղադրիչը դուրս է գալիս ամբողջ օրակարգից։ 

– Զեկույցում խոսվում է նաև բժշկասոցիալական փորձաքննության ընթացքում ի հայտ եկող խնդիրների և անձի ֆունկցիոնալության գնահատման մասին, որն այսօր, փաստացի, չի իրականացվում՝ չնայած օրենսդրական փոփոխություններին։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ կփոխի անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրումը հաշմանդամություն ունեցող անձանց կյանքում։

– Ֆունկցիոնալության գնահատման համակարգը պետք է ընդունված լիներ դեռ 2021 թ., սակայն հետաձգվեց մեկ տարով։ Ցավոք, բժշկասոցիալական փորձաքննության համակարգում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք նոր չեն, բայց, կարծում եմ, այսօր շատ ավելի կարևոր է խոսել ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման մասին և կանխել բոլոր այն խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ դրա գործարկումից հետո։ 

Այսօր շատ է խոսվում այն մասին, որ առկա խնդիրների մեծ մասի կարգավորումն ուղղակի կապված է ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման հետ, բայց դա ամենևին այդպես չէ։ Իհարկե, օրինակ՝ կոռուպցիոն ռիսկերը կնվազեն, բայց դրանք չեն կարող բացառվել։ Այս ռիսկերի նվազեցման, մշտադիտարկման կամ հաշվետվողականության ու թափանցիկության ապահովման համար առանձին մեխանիզմներ են պետք, որոնք այսօր չկան։ 

Մեր կազմակերպությունը միջազգային մի քանի գործընկերների հետ այսօր մշակում է այս համակարգի մշտադիտարկման կարգը, որը կլուծի մի շարք խնդիրներ։ Բայց, կարծում եմ, այս համակարգի ներդրմանը զուգահեռ, պետք է շատ բաց ու անկեղծ խոսվի այն մասին, որ սա չի լուծելու հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր խնդիրները։ Սա բարեփոխում է ավելի շատ պետության համար, քան քաղաքացիների, քանի որ սա պետության համար տվյալների մշակման համակարգ է նախևառաջ, որը թույլ կտա հստակ պատկերացում կազմել հաշմանդամություն ունեցող անձանց իրական կարիքների մասին, ավելի հասցեական դարձնել ծառայությունները, իսկ որոշումների կայացման գործընթացը հիմնել տվյալների վրա, ոչ թե հայեցողական մոտեցումների։ 

– Ըստ էության, ստացվում է, որ այսօր պետությունը գրեթե չի տիրապետում հաշմանդամության հետ կապված որևէ մանրամասն տվյալի։ 

– Այո՛, վիճակագրական տվյալները սահմանափակվում են հաշմանդամություն ունեցող անձանց թվով, նրանցից քանիսն են կին, տղամարդ կամ երեխա, և ով ինչ պատճառով է հաշմանդամություն ձեռք բերել։ Պատճառը շատ պարզ է. այդ տվյալների շտեմարաններն իրար հետ ուղղակի համադրելի չեն։ Մինչդեռ դրանք, ըստ անհրաժեշտության, պետք է հնարավոր լինի համադրել։ Օրինակ՝ այսօր պետությունը չգիտի՝ հաշմանդամություն ունեցող քանի՞ անձ է մասնակցել ընտրություններին։ Սա կարևոր տվյալ է, որը կօգներ պետությանը տեսնելու խնդիրը, հետևություններ անելու։ Թվում է՝ սա շատ հեշտ կարելի է անել, բայց, ցավոք, չի արվում։ 

Սոնա Մարտիրոսյան

MediaLab.am