Արցախում իրավիճակը բավականին բարդ է, բայց կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի արժանապատիվ ձևով այս հարցը կարողանանք փակել. Արցախի ԱԺ պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը

Պարո՛ն Հովհաննիսյան, ի՞նչ իրավիճակ է այժմ Արցախում: Վերջին օրերին ադրբեջանական կողմի սադրանքների ակտիվությունն ինչո՞վ եք պայմանավորում:

– Այս պահին իրավիճակը բավականին բարդ է, որը մեզանից պահանջելու է մեծ զսպվածություն, իրավիճակի հնարավոր զարգացումներին համարժեք քայլերի մշակում: Անսովոր է, չնայած սպասելի էր այս վիճակը: Իրավիճակի բարդացումը, միանշանակ, պայմանավորված է ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումներով, կոնկրետ եվրոպական բեմում Ռուսաստան-Ուկրաինա հարաբերություններով: Ադրբեջանը փորձում է պահից օգտվել ու հնարավորինս շատ ճնշում գործադրել, որովհետև ռուսական կողմն այսօր բավական լուրջ ծանրաբեռնվածության մեջ է:

Չնայած բարդ է վիճակը, բայց սրանից բարդ վիճակում էլ ենք եղել, ապացույցը՝ 44-օրյա պատերազմը: Կհասկանանք, կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի հնարավորության սահմաններում արժանապատիվ ձևով այս հարցը կարողանանք փակել, մինչև հասկանանք, թե հետագա ընթացքը ո՛նց է լինում: Որ վախեցած չենք, որ կայուն ենք՝ միանշանակ է, ուղղակի վիճակը բարդ է:

Երրորդ օրն է՝ ինչ Արցախը զրկված է բնական գազից, տեղեկություններ ունեք, թե բանակցություններն ի՛նչ փուլում են, և ե՛րբ կվերականգնվի գազամատակարարումը:

– Կարծում եմ՝ ուշ թե շուտ կկարգավորվի՝ նայած, թե դրա դիմաց իրենք ինչ են ուզում, նախ դա պետք է հասկանանք, և, վերջիվերջո, գոյություն ունի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որով կարգավորվել ու կարգավորվում են խնդիրները, և որ այդ հայտարարության հիմքում դրված է, որ Լաչինի միջանցքը Հայաստանի հետ կայուն կապն է, որով բեռների ու մարդկանց անվտանգ տեղաշարժը երաշխավորում է նաև Ադրբեջանը: Ինքն է իր ստորագրությունն անտեսել ու իր իսկ կողմից տրված պայմանավորվածությունը խախտել:

Թե ի՛նչ ընթացք կստանան այդ թեմայով ընթացող բանակցությունները, ինչքա՛ն ժամանակ կպահանջվի դրա համար՝ եկեք կանխատեսումներ չանենք, բայց որ ամեն ինչ արվելու է, որպեսզի գազամատակարարումը վերականգնվի, միանշանակ է: Հասկանալի են Ադրբեջանի քայլերը, փորձում են այս պահին ավելի շատ պայմաններ առաջադրել, որոնք չեն բխում այդ եռակողմ հայտարարությունից. Պայքար է, կյանքը պայքար է, ու բարդ վիճակում ենք հայտնվել, ինչը հասկանում են և՛ ժողովուրդը, և՛ պետական այրերը: Փորձելու ենք կարգավորել այդ հարցերը:

Պարո՛ն Հովհաննիսյան, ադրբեջանական սադրանքները ձեզ համար սպասելի՞ էին, եթե նկատի ունենանք, որ այս գործողություններն ուղղված են նաև Ռուսաստանի դեմ, որովհետև Արցախում իրավիճակի կայունացման պատասխանատուն այսօր ռուս խաղաղապահ առաքելությունն է, իսկ Ադրբեջանն ու Ռուսաստանը վերջերս կնքած հռչակագրով դաշնակից երկրներ են համարվում:

– Եթե Ադրբեջանը եռակողմ հայտարարությամբ կնքված իր պարտավորությունները չի կատարում, բնականաբար, այդ հռչակագրի կետերը ևս չի կատարելու, իսկ այդ մասին թող Կրեմլը մտածի: Բնականաբար, այս գործողություններով ադրբեջանական կողմն ավելի շատ հարվածում է ռուս խաղաղապահների, Ռուսաստանի պետականության իմիջին: Ռազմավարական պայմանագիր են կնքել այդ կողմի հետ, որը երբևէ բաց չի թողնելու տարածաշրջանում, անշուշտ Թուրքիայի հետ, լուրջ խաղացող դառնալու իր անգամ փոքր շանսը:

Ադրբեջանը հաստատ խախտելու է և՛ այդ հռչակագրով նախատեսված կետերը, և՛ եռակողմ հայտարարության կետերն է խախտում: Թուրքը մնում է թուրք, ինքն իր շահից ելնելով՝ մի օր բարեկամ է, մի օր՝ թշնամի: Ինձ համար սպասելի էին նրանց սադրանքները՝ պատերազմի ավարտի հաջորդ օրվանից սկսած, թուրքն իր տեսակը չի փոխել, մնացել է նույն ջարդարարը, ցեղասպանը: Բնականաբար, մենք պետք է համապատասխան հետևություններն անեինք ու պատրաստ լինեինք ոչ միայն նմանատիպ սադրանքներին, այլև շատ ավելի բարդ իրավիճակների:

– Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության իշխանության քայլերը համարժե՞ք են ստեղծված իրավիճակին, ինչպե՞ս եք գնահատում նրանց աշխատանքը:

-Անբավարար եմ գնահատում, որովհետև այս վիճակը կարելի էր կանխատեսել ու շատ ավելի լավ պատրաստվել և այս երկու տարին ռեալ օգտագործել նմանօրինակ սադրանքների պարագայում արդեն պատրաստի դեղատոմս մշակած ունենալու համար:

Իսկ, ըստ ձեզ, ինչո՞ւ չի արվել:

– Հասցեատերն իրենք են, ես չեմ իշխանության, մենք՝ «Արդարություն» խմբակցության ընդդիմադիր պատգամավորներս, բազմիցս բարձրաձայնել ենք, որ աշխատանքներն անբավարար են, որովհետև անզեն աչքով էլ տեսանելի էր, որ այն, ինչ արվում էր, լիարժեք չէր ու չէր համապատասխանում հնարավոր այն սպառնալիքին, որն այսօր ունենք:

Պարո՛ն Հովհաննիսյան, Արցախի խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, ու նախատեսվում է հայտարարություն տարածել իրավիճակի վերաբերյալ: Որքան հնարավոր է, կխնդրեմ, փակագծերը բացեք, ու բոլո՞ր խմբակցություններն են միանալու հայտարարությանը, թե՞ միայն ընդդիմադիրները:

– Հայտարարությունը միասնական է լինելու, որովհետև խնդիրը բոլորինս է, բայց բովանդակության մասով այս պահին ոչինչ ասել չեմ կարող, որովհետև կոռեկտ չի լինի:

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am