«Վարորդական քննության ժամանակ հարցերը շատացնելով ու քննական գործընթացը բարդացնելով կիրթ վարորդներ չենք ունենա». Տիգրան Քեհյան

2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը միացել է Եվրամիության անդամ երկրների՝ վարորդական իրավունքի վկայականների ներկայացվող օրինակելի ձևը, վարորդական իրավունքի վկայական ստանալու համար տեսական և գործնական քննությունների կարգը, դիմումատուի առողջական չափանիշները և անհրաժեշտ բոլոր իրավական կարգավորումները սահմանող Եվրախորհրդարանի և Եվրոպական խորհրդի ընդունած հրահանգին։

Նոր կարգի համաձայն, որը կգործի արդեն սույն թվականի ապրիլի 11-ից, վարորդական իրավունքի վկայական ստանալու համար նախատեսվում է տեսական քննությունների անցկացումը, բացի հայերեն լեզվից, հնարավոր դարձնել նաև անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով։ Գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարում եղած նախկին քննական 600 հարցին ավելացվել են ևս 500-ը։ Տեսական քննության 10 հարցի փոխարեն սահմանվել է 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն՝ 30 րոպե։

Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությունների փոփոխությունների մասին «Մեդիալաբը» զրուցել է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեհյանի հետ:

– Պարո՛ն Քեհյան, ինչպե՞ս եք գնահատում արված փոփոխությունները, դրանք որքանո՞վ կնպաստեն ավելի կիրթ ու գրագետ վարորդ ունենալուն:

– Քննական հարցաշարերում մինչ օրս արել են մի շարք փոփոխություններ, բայց միայն քննական գործընթացի բարդացումով կամ այս կարգի փոփոխություններով զգալի արդյունքի հասնել չեն կարող: Գործնական քննության մասով էլ փոփոխություն կատարվեց, վարորդները փակ տարածքից դուրս եկան ու ընդհանուր երթևեկության հոսքի մեջ են հանձնում իրենց քննությունը, բայց դրանք ևս մեծ ազդեցություն չունեցան:

Ես ժամանակին էլ եմ ասել, որ մեզ մոտ կա կրթական լուրջ ծրագրերի կազմակերպման անհրաժեշտություն, որպեսզի ունենանք թե՛ գրագետ վարորդներ, թե՛ գրագետ հետիոտներ:

– Իսկ այդ հարցատոմսերում ընդգրկված հարցերը բավարար չե՞ն, որ գոնե կիրթ վարորդներ կարողանանք ունենալ:

– Տեսեք, թե մեզ մոտ իրականությունն ինչպիսին է. ով ուզում է վարորդ դառնալ, մեկ-երկու ամիս հաճախում է ավտոդպրոց ու շատ արագ փորձում է այդ թեստերն անգիր անելով ստանալ վարորդական իրավունքի վկայական, որոնցից մի շարք դեպքեր պրակտիկայում չեն էլ կիրառվում, և այդ անգիր արածը շատ արագ մոռացվում է:

Դրա համար էլ երթևեկության կանոնները, ինչպես հայոց լեզուն է, հայոց պատմությունն ու մի շարք այլ առարկաներ, պետք է սովորենք դպրոցական տարիներից, այլ ոչ թե մեկ-երկու ամսվա մեջ փորձենք սովորել: Իհարկե անհնար է այդ կարճ ժամանակահատվածում լիարժեք սովորել կանոնները, որպեսզի կարողանանք ավելի ճիշտ ու անվտանգ երթևեկել: Դեռ Սովետական Միության ժամանակ կար այդ պրակտիկան, երբ մարդիկ դպրոցական տարիքից սովորում էին երթևեկության կանոնները, ու ես ինքս, շփվելով այդ մարդկանց հետ, հասկանում եմ, թե ինչքան քիչ եմ տիրապետում երթևեկությանը:

– Այսինքն՝ դուք առաջարկում եք, որ երթևեկության կանոնների ուսուցումը ներառվի դպրոցական ծրագրերո՞ւմ, ինչպես մյուս առարկաները:

– Այո՛, միանշանակ, դա երկարաժամկետ ծրագիր է, ու հնարավոր է, որ ես կամ դուք չնկատենք դրա արդյունքը, բայց մեր երեխաները հաստատ կնկատեն:

– Պարո՛ն Քեհյան, այնուամենայնիվ, արդեն արված փոփոխությունը բերելո՞ւ է նրան, որ ավելի կիրթ վարորդներ ունենանք, թե՞ զգալի տարբերություն չի լինելու հին քննական թեստերով վարորդական իրավունքի վկայական ստացած անձանց ու նորով ստացած անձանց գիտելիքների միջև:

– Չեմ կարծում՝ ինչ-որ փոփոխություն լինի, որովհետև բացի դրանից՝ մի շարք այլ միջոցներ էլ են կիրառվել, պատժիչ միջոցներ, գնալով խստացնում են տուգանքները: Նախկինում կային տուգանքներ, որ չէին արձանագրվում, իսկ հիմա արձանագրվում են, բայց դրանք, միևնույն է՝ չեն նպաստել, որպեսզի երթևեկության ոլորտում առկա իրավիճակը փոխվի:

Եղանակային պայմաններով պայմանավորված՝ նկատում եք, թե ինչ իրավիճակ է տիրում երթևեկության բնագավառում, ու ես չեմ կարծում, թե այդ վթարների հիմնական պատճառը միայն անբարենպաստ եղանակային պայմաններն են: Վարորդները, բնականաբար, չեն էլ պահպանել անվտանգության կանոնները, իսկ դա գալիս է նրանից, որ չեն տիրապետում անվտանգ երթևեկելու կանոններին: Նրանք չգիտեն, որ եթե մութ է, եղանակն անձրևային է կամ ձյուն է տեղում, ապա չպետք է այդ հատվածում երթևեկել սահմանված արագությամբ:

Եթե քո երթևեկությունը խոչընդոտող հանգամանքներ կան, ապա պետք է երթևեկել հնարավորինս դանդաղ, և եթե մեր վարորդներն այդ մի տարրական կանոնը պահպանեն, այդքան վթարներ չեն լինի, կկարողանան անգամ այդ վատ եղանակային պայմաններում կանգնեցնել իրենց մեքենան, իսկ դա չես կարող սովորել այդ թեստերն անգիր անելով: Մնում է տարեցտարի փորձ ձեռք բերելով դա սովորել, իսկ այդ ընթացքում չգիտես, թե քանի մարդկային կյանք ու նյութական վնասներ կարժենան այն քեզ համար:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am