2008 թվականի քաղաքական հայտնի իրադարձությունների արդյունքում ծնված «Մարտի 1»-ի գործով հայտնի փաստաբան Սեդա Սաֆարյանը «շինծու խաղ» է որակում այօր Վճռաբեկ դատարանի որոշումները, որոնց համաձայն արդարացվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը և դեսպան Ալեքսանդր Արզումանյանը:
«Ի սեր Աստծո, թույլ տվեք ես զերծ մնամ որևէ բան ասելուց այս կազմակերպված ու շինծու խաղի վերաբերյալ»,- «Մեդիալաբին» ասում է փաստաբանը, որն այժմ «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն է:
Նկատենք՝ Վճռաբեկ դատարանն այսօր՝ մարտի 1-ի դեպքերից 14 տարի անց, արդարացրել էր հայտնի գորիչներին՝ հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2021 թվականին կայացված վճիռները: Բոլոր երեք գործիչների դեպքում ՄԻԵԴ-ը որոշել էր, որ տեղի է ունեցել մարդու իրավունքների խախտում: Ապրիլի 8- Վճռաբեկ դատարանը ճանաչել էր նրանց երեքի անմեղությունը և արդարացրել:
«Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը վստահ է, որ, իր բնորոշմամբ, երբ այս կարգի արհեստական քաշքշուքներ են ստեղծում, իսկ բովանդակությունը փոփոխության չի ենթարկվում, տուժողները տասնյակ տարիներ ստիպված են լինում սպասել:
«Պետք է սպասեն, մինչև այդ գործը ծայր ունենա, որ կարողանան սպառված համարել, այսինքն՝ իրենք ամեն ինչ անում են, որ խնդիրը ո՛չ այստեղ լուծվի, ո՛չ էլ Եվրոպական դատարանում, ու այս վտանգի դեմը մենք պետք է առնենք ու հասկանանք, թե ի՛նչ է լինելու այս ամենի վերջը»,- ասում է Սեդա Սաֆարյանը:
Փաստաբան Սաֆարյանը չցանկացավ մանրամասնել՝ ի՞նչ նկատի ունի՝ շինծու խաղ ասելով, ու թե ովքե՛ր են, իր բնորոշմամբ՝ այդ խաղի հեղինակները:
«Այնքան հոգնել եմ բոլորից, իսկապես, որովհետև տպավորություն է, որ բոլորի համար մեկ է՝ «Մարտի 1»-ի գործի ճակատագիրն ինչ է լինելու, եթե մեկ չլինի՝ իմ կողքին մարդիկ կլինեն, որ կպայքարեն, որպեսզի այդ գործի ճակատագրում բան փոխվի, դրա համար էլ չեմ ուզում անդրադառնալ։ Կարելի՞ է այսքանով սահմանափակենք»,- «Մեդիալաբին» ասաց Սեդա Սաֆարյանը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am