«Ոստիկանությունը շարունակում է մնալ նույնը՝ մահակ օրվա իշխանության ձեռքին». Վարդան Հարությունյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը

– Պարո՛ն Հարությունյան, առավոտից մայրաքաղաքում լարված իրավիճակ է ցուցարարների ու ոստիկանների միջև։ Օրինաչա՞փ են ոստիկանների գործողությունները։

 – Տեղի են ունենում հրապարակային գործողություններ, որոնց ընթացքում, բնականաբար, ոստիկանությունը պետք է իր գործառույթներն իրականացնի։ Մենք հիշում ենք, չենք մոռացել, թե ինչպիսի գործողություններ էր իրականացնում ոստիկանությունը տարիներ առաջ, եթե համադրության մեջ նայենք՝ այո՛, ես ինքս տեսնում եմ դրական տեղաշարժ։

Իհարկե, մեր ցանկացած ոստիկանությունը չունենք այսօր, ու հույս անգամ չկա, որ կունենանք նման ոստիկանություն, բայց այսօր ունենք ոստիկանություն, որի համար խնդիր է ոչ թե օրենքին ծառայելը, այլ ցուցարարներին ճնշելը, սա միանշանակ է, այսինքն՝ այս առումով ոստիկանությունը փոփոխության չի ենթարկվել։

Ընդհանրացնելով ասեմ՝ մենք շարունակում ենք ունենալ այնպիսի ոստիկանություն, ինչպիսին ունեցել ենք, բայց իշխանությունների կողմից չունենք ցուցարարների նկատմամբ այն վերաբերմունքը, որն ունեցել ենք։ Ես համեմատում եմ 2003-2004 թվականների դեպքերի հետ, 2008 թվականի դեպքերի հետ, այս առումով, իհարկե, իշխանության մոտեցումն ունի դրական տեղաշարժ, բայց ոստիկանությունը շարունակում է մնալ նույնը՝ մահակ օրվա իշխանության ձեռքին։

– Իսկ օրվա իշխանությունը, անկախ անձերից, հնարավորություն ունի՞ փոփոխության ենթարկելու ոստիկանության համակարգը։ Չկատարվող բարեփոխումները հնարավորությունների՞, թե՞ ցանկության բացակայության հետևանք են։

– Օրվա իշխանությունը ոչ թե հնարավորություն ունի, այլ պարտավորություն ուներ փոխել ոստիկանությունը և ոչ միայն ոստիկանությունը, այլև ուժային բոլոր կառույցները։ Նման հնարավորություն ուներ, սակայն չօգտվեց դրանից։ Այսօր կարող եմ պնդել, որ այդ հնարավորությունից չօգտվեց ոչ թե սխալմամբ, այլ չօգտվեց, որովհետև չցանկացավ։ Նույն ոստիկանությունն է մնացել այսօր, նույն մահակը, բայց այն ուժգնությունը, որով այդ մահակն աշխատում էր երեկ, այսօր դա չեմ տեսնում ու հույս ունեմ, որ այդ ուժգնությունը չեմ տեսնի։

– Իսկ ակցիայի մասնակիցների գործողություններն ինչպե՞ս եք գնահատում, գուցե նրանց գործողություննե՞րն են դեռ մեղմ, դրա համար էլ ոստիկանությունն այդ ուժգնությունը չի ցուցաբերում։

– Այսօրվա ընդդիմությունն ուղղակի կրկնում է երեկվա իր ընդդիմության քայլերը։ 2018 թվականի հեղափոխության օրերին արվող գործողություններն է կրկնում, երևի կարծում են, որ ինչպես այն ժամանակվա ընդդիմությանը հաջողություն բերեցին, իրենց ևս կբերեն։

Չգիտեմ՝ հաջողություն կբերե՞ն, թե՞ չէ, բայց որ կրկնում են 2018-ի գործողությունները՝ ակնհայտ է: Ակնհայտ է նաև, որ 2018-ի վտանգները, որ կային, այսօր չեն զգացվում, բայց չեմ կարող ասել, թե վաղն ինչպիսին կլինեն այդ վտանգները։

– 2018-ի ի՞նչ վտանգներ նկատի ունեք, պարո՛ն Հարությունյան։

– Այն դիմադրությունը, որ իշխանությունը ցուցաբերում էր ընդդիմության շարժումներին։

– Իսկ այսօրվա ընդդիմության շարժառիթը, ըստ ձեզ՝ ո՞րն է, ու ինչո՞ւ են փորձում գրեթե նույնությամբ կրկնել հեղափոխության օրերի գործողությունները։

– Շարժառիթը չգիտեմ, բայց կարող եմ միայն մի բան ասել․ Հայաստանի Հանրապետության գլխին այսօր կախված է լինելության խնդիր։ Մենք կարող ենք կորցնել ավելին, քան կարելի է կորցնել, իհարկե, այսօր պատերազմ չկա, 44-օրյա պատերազմն ավարտվել է մեր պարտությամբ, ու այն իր հետ բերել է կորուստավտանգ սարսափելի իրավիճակ։

Հիմա ես մտովի համեմատում եմ մեր իշխանություններին ու ընդդիմությանը Ուկրաինայի իշխանությունների ու ընդդիմության հետ․ այնտեղ անտագոնիզմը պակաս չի եղել, շատ ավելի խորն է եղել իշխանություն-ընդդիմություն թշնամանքը։ Այնտեղ նույնպես նախկիններին դատում էին, բայց երբ իրենց երկրի գլխին վտանգ կախվեց, նրանք դարձան մեկ բռունցք։

Մեր գլխին կախված այսօրվա վտանգի պարագայում մենք պայքարում ենք իրար դեմ։ Այս պարագայում գուցե շատ խիստ անձնական կարծիք եմ արտահայտում, բայց ես շատ կուզեի, որ այսօր մենք բոլորս միասին լինեինք ի շահ Հայաստանի պետության լինելության, ոչ թե կայացման, այլ լինելության, մի բան, որ չեմ տեսնում։

– Պարո՛ն Հարությունյան, անկախ այս իրադարձությունների ելքից, ներքաղաքական այս լարվածությունն ինչպե՞ս կազդի Հայաստանի անվտանգության վրա, ի՞նչ ռիսկեր եք տեսնում։

– Այս անտագոնիզմը, հակամարտությունն ուղղակի կերպով վտանգում են մեր պետության լինելությունը։

Զելենսկի-Պորոշենկո հարաբերություններն օրինակ․ Զելենսկին եկել էր իշխանության, Պորոշենկոն գտնվում էր դատարանում, այսօր նրանք միասին պայքարում են իրենց երկրի անվտանգության համար։ Հիմա մերոնք իշխանության բաժանման խնդիր են դրել իրենց առաջ այն մարտահրավերների պարագայում, որոնց մասին ասացի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am