«Երջանիկ ու սիրով ընտանիք ենք եղել, հիմա միայն նկարներն են մնացել»․ Տաթևը հիշում է՝ մինչև պատերազմը կյանքը տոն էր

Երկու անչափահաս երեխաների մայր Տաթև Գալստյանը հուզվում է՝ հիշելով, թե մինչև պատերազմը ինչ երջանիկ ընտանիք են եղել։

Ասում է՝ ամուսինն ամեն օրը տոն էր դարձնում, իսկ հիմա, երբ Տաթևը պատերազմում կորցրել է ամուսնուն, կյանքը դարձել է սև գիծ, օրերը՝ մռայլ ու տխուր։

«Ամեն օր, ամեն ժամ մեր հիշողությունններով եմ ապրում, երջանիկ ու սիրով ընտանիք ենք եղել, նկարները նայում եմ, հիշում եմ պահը, ինչքան ուրախ էր ամեն ինչ, իսկ հետո կանգ եմ առնում ու հասկանում, որ ամեն ինչ անցավ, միայն նկարներն են մնացել»,- պատմում է ու հուզվում երիտասարդ կինը։

Տաթևը պատմում է, որ ամուսինը՝ պայմանագրային զինծառայող կապիտան Տարոն Նիկողոսյանը, 28 տարեկան էր, վաշտի հրամանատար։ Պատերազմի առաջին օրերից Տարոնն առաջնագծում է եղել, հակառակորդի դեմ կռվել Ջրականում։

Հոկտեմբերի 9-ին կնոջ հետ վերջին անգամ խոսելիս ասել է, որ ուշ կզանգի, իսկ եթե չզանգի, ապա չանհանգստանա։

Տաթևն ասում է՝ մինչև առավոտ սպասել է ամուսնու զանգին, սակայն զանգն այդպես էլ չի հնչել։

«Ինչքան իր զինվորներից համար ունեի, սկսեցի զանգել, բոլորն անհասանելի էին, մի պահ ծառայության պետը հասանելի դարձավ, բայց զանգիս չէր պատասխանում… Առավոտյան ծառայության պետի կինը զանգեց, տեգրոջս համարն ուզեց։ Տեգորս զանգել ասել էին, որ մեքենայի վրա ԱԹՍ ա ընկել, Տարոնը զոհվել ա»,- հուզմունքով պատմում է Տաթևը և նշում, որ հաջորդ օր ինքն էլ է իմացել իր ընտանիքին պատուհասած ողբերգության մասին:

«Առավոտյան զանգեցի, տեսա՝ չէին կարողանում խոսալ, էդպես հասկացա։ Ահավոր էր, շոկային էր»,- կսկիծով հիշում է կինը ու նշում, որ ամուսինը զոհվել է Ջրականից Հադրութ տեղափոխվելու ճանապարհին 18 զինվորի հետ միասին։

Տաթևն ասում է՝ ահավոր էր ամուսնու զոհվելու լուրը, քանի որ հույսով ու վստահությամբ սպասում էր, որ ամուսինը վերադառնալու է։ 

«Ես գիտեի, որ ինքը պետք ա անպայման գա, իր հետ խոսելիս ասում էր՝ ամսի 11-ին գալու եմ։ Որ ասում էի՝ փախի արի, ասում էր՝ ես փախնող տղա չեմ, պատերազմը բոլորի համար ա, հաստատ գալու եմ»։

Տաթևն ասում է՝ մինչև այսօր էլ չի կարողանում հաշտվել կատարվածի հետ։ Ասում է՝ ապրում է, բայց դա ուղղակի գոյատևել է: 

«Ես կամ, բայց չեմ ապրում»,- հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է 28-ամյա կինը։

Տարոն Նիկողոսյանը սովորել է Մոնթե Մելքոնյան վարժարանում, այնուհետև մեկնել Ռուսաստան՝ Տյումեն քաղաք, որտեղ ստացել է սակրավորի մասնագիտացում։ Տաթևն ասում է՝ ամուսինը սիրում էր գործը ու նպատակ ուներ մեծ առաջընթաց ունենալ աշխատանքում․ «Ինքը մինչև գեներալ կհասներ»։

Ամուսնու մասին պատմելիս Տաթևը թախծոտ ժպտում է ու ասում՝ Տարոնը շատ հոգատար, ուշադիր ամուսին էր ու հայր։ 

«Ինքն ինձ միշտ օգնել ա, առաջնեկը, որ ունեցանք, մի քիչ չարաճճի էր, չէր քնում, հերթով պահում էինք, ասում էր՝ դու քնի՝ ես կպահեմ, ես քնեմ՝ դու կպահես։ Ազատ ժամանակ ունենում էր, սիրում էր տանը լիներ, մեզ հետ անցկացներ, երեխեքի հետ զբաղվեր։ Միշտ ես էի տանը լինում, ինքը աշխատանքից գալիս էր, ասում էր՝ գնա ընկերուհիներիդ հետ քայլի, ես երեխեքին կպահեմ։ Սիրում էր նաև առիթներին նվերներ անել, ռոմանտիկ անակնկալներ մատուցել, երեկոյան սուրճի սեղան կդներ, կկանչեր»,- անցյալի օրերն է կարոտով հիշում կինը։

Տարոնը կենսուրախ էր, սիրում էր կյանքի ամեն պահն ու րոպեն վայելել։

«Ամեն օրը իրա համար տոն էր, ասում էի՝ արի էսօր ոչ մի բան չանենք, մի կյանք ենք ապրում, նենց անենք, չփոշմանենք։ Համարյա ամեն շաբաթ-կիրակի մենք տոն ենք դարձրել, մեր ընկերներին էինք հրավիրում, մենք էինք հյուր գնում»։

Տաթևն ասում է՝ ամուսնու վերջին զանգը նման էր հրաժեշտի, ենթադրում է, որ ամուսինը զգում էր, որ ինչ-որ բան է լինելու․ «Ասեց՝ քեզ լավ կպահես, երեխեքին լավ կպահես, ձեզ շատ սիրում եմ, կարոտել եմ»։

Տարոն Նիկողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով։

Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:

Արփինե Արզումանյան

MediaLab.am