«ԱՄՆ-ի կողմից սա լուրջ հայտ է այս գործընթացների կառավարումն իր ձեռքը վերցնելու». Մեհրաբյանը՝ դեսպան Թրեյսիի հարցազրույցի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը

Պարո՛ն Մեհրաբյան, Հայաստանում ԱՄՆ դեսպանը Արցախի հիմնահարցի առնչությամբ մի քանի շեշտադրումներ է արել, որոնց վերաբերյալ ձեր մեկնաբանությունն եմ խնդրում: Ի՞նչ ուղերձներ է պարունակում դեսպան Թրեյսիի հարցազրույցը:

– ԱՄՆ դեսպանի կողմից ԱՄՆ-ի դիրքորոշման այսքան համապարփակ արտահայտումը, մանավանդ այսօր՝ քաղաքական այս պահի դրությամբ, ինքնին ուշագրավ է որպես փաստ: Դեսպանի խոսքը վերաբերում է թե՛ տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների նկատմամբ ԱՄՆ-ի մոտեցումներին, թե՛ Հայաստանի որոշ ներքաղաքական իրադարձություններին, որոնք, ըստ էության, չեն հիշատակվում, սակայն այդ համատեքստն ուղղակի ակնհայտ է:

Այստեղ նաև արտահայտված է ԱՄՆ-ի առաջնահերթությունները, որոնք նա տեսնում է այս ամենում: Ըստ այդմ՝ տեսնում ենք, որ ԱՄՆ-ն ուշի ուշով հետևում է Հայաստան- Ադրբեջան բանակցային գործընթացին, ԼՂ հակամարտության կարգավորմանը, և այստեղ ևս ԱՄՆ-ն իր առաջնահերթությունները բաց տեքստով արտահայտում է:

Նաև հետևում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, որ այդ կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների, այդ թվում նաև՝ առանց շաղկապելու ԼՂ-ի հարաբերությունների հետ, և սա ևս շատ-շատ կարևոր է:

Այնպես որ, ես կարծում եմ, որ այս դիրքորոշումները համընթաց են մեր շահերին, նաև համընթաց են՝ ոչ ի վնաս այլոց շահերին, ինչը ևս շատ կարևոր է, որովհետև ամեն բան իմաստավորվում և պայմանավորվում է տարածաշրջանի զարգացման և կոնֆլիկտների արդար կարգավորման հրամայականով:

ԱՄՆ-ի նման դիրքորոշմամբ ուղեկցվող միջամտությունը որքանո՞վ կկարողանա զսպել թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի ցանկությունները, որոնք նրանք ունեն տարածաշրջանային հարցերի կարգավորման գործընթացներում:

– Շատ լավ հասկանում ենք, թե ԱՄՆ-ն ինչ կարգի լծակների է տիրապետում, և ինչ է տեղի ունենում, երբ այդ հստակ քաղաքական առաջնահերթությունները արհամարհելու փորձեր են արվում: Կարծում եմ, որ սա նաև լուրջ հայտ էր այս գործընթացների կառավարումն իր ձեռքը վերցնելու՝ իհարկե նաև համագործակցելով նույն արժեքային հենքի վրա հիմնված հարաբերություններիիրենց այլ գործընկերների հետ:

Ես կարծում եմ, որ դա, իհարկե, առաջին հերթին Եվրամիությունն է. նախընթաց մի քանի դրվագներ կան, որոնք թույլ են տալիս նման պնդում անելու, մասնավորապես, այն, որ Ալիևի ու Փաշինյանի բրյուսելյան հանդիպմանը, որը Եվրամիության հովանու ներքո էր կայացել, նախորդեց ԱՄՆ պետքարտուղարի զանգը երկու ղեկավարներին, ու, ըստ էության, խոսվում էր այն մասին, թե ինչ չի կարելի անել ոչ մի դեպքում: Դինամիկայի մեջ երբ դիտարկում ենք այս հարցազրույցի գլխավոր թեզերը, տեսնում ենք, որ դա այդ քաղաքականության շարունակությունն է:

Պարո՛ն Մեհրաբյան, իսկ Ռուսաստանը մտնո՞ւմ է ԱՄՆ-ի, ինչպես ասում եք՝ նույն արժեքային հենքի վրա հիմնված հարաբերությունների այլ գործընկերների կազմի մեջ:

– Ճիշտն ասած, որքան էլ հիմքեր փնտրեմ այդպես համարելու, չեմ գտնի, որովհետև դրանք ուղղակի չկան:

Իսկ այդ դեպքում համագործակցությունը պատկերացնո՞ւմ եք:

– Համագործակցություն Մոսկվայի հետ, իհարկե, այսօր հնարավոր չէ: Ուղղակի հնարավոր չէ, որովհետև Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափը չի կարող հավաքվել: Բազմիցս եմ ասել այդ մասին, պետք է կրկնեմ. այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ Բուչայում, Գոստոմելում, Մարիուպոլում, Խարկովում, դժվար է պատկերացնել, որ ամերիկացի, ֆրանսիացի ու ռուս դիվանագետները կնստեն մի սեղանի շուրջ այնպես, կարծես ոչինչ տեղի չի ունեցել:

Այդ պարագայում ի՞նչ քաղաքականություն պետք է որդեգրի հայկական դիվանագիտությունը, քանի որ Ռուսաստանը և՛ արցախյան հակամարտության, և՛ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման միջնորդ կողմ է:

– Այո՛, բայց Ռուսաստանը միջնորդ լինելով՝ փորձում է այդ գործընթացը պահել բացառապես իր հսկողության ներքո և հանդես է գալիս՝ որպես կոնֆլիկտի երրորդ կողմ ու այնպես չէ, որ Հայաստանի կողմից կամ որպես ազնիվ միջնորդ:

Հայաստանը համարժեք բանակցելու համար պետք է նախևառաջ ռիսկերի կառավարման մեխանիզմներ գործարկի, որովհետև մենք հիմա գտնվում ենք չափազանց ռիսկային մի ժամանակաշրջանում՝ պայմանավորված նրանով, որ հին աշխարհակարգը, որը կար մինչև փետրվարի 24-ը, այլևս չկա, իսկ նորը դեռ չի ձևավորվել, ինչը նշանակում է, որ մեզ նման փոքր երկրներն ու մենք առաջին հերթին ուղղակի վտանգի տակ ենք:

Հայկական դիվանագիտությունն ունի՞ այդ պոտենցիալը, որ կարողանա, ձեր ասած՝ ռիսկերի կառավարման մեխանիզմները գործարկել, պարո՛ն Մեհրաբյան:

– Պոտենցիալ ունի և դա զգալի չափով սկսել է գործադրել: Ասել, որ ամեն բան իդեալական է, բնականաբար, այդպես չէ, բայց, կարծում եմ, որ այդ ջանքերը բազմապատկելու նախադրյալները կան:

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն այս պահին ինչպե՞ս եք գնահատում:

– Այսօր տեսանելի է, որ առնվազն երեք ամսվա ընթացքում այդ քաղաքականությունը համահունչ է Հայաստանի անվտանգության շահերին, ու այդ քայլերը բխում են բացառապես դրանից՝ իհարկե մեղմելով որոշ ակնհայտ ռիսկեր:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է անում հետ կանչել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին, որովհետև դեսպանը, ըստ հանձնախմբի, իր գործառույթները լավ չի կատարում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս կոչը:

 – Կարծում եմ՝ պատերազմի պայմաններում, երբ ԱՄՆ-ն էլ է, ըստ էության, ներգրավված պատերազմի մեջ, և այն իրավիճակում, որում գտնվում է Հայաստանը, այսինքն՝ պատերազմը դեռ հաղթահարված չէ, ու վտանգն էլ պահպանվում է, տեղ է բացվում, որ Հայաստանի և ԱՄՆ-ի իրավապահ ու անվտանգության մարմինները գործընկերային մթնոլորտում հասկանան այս մարդկանց որոշ առնչությունները օրինազանցության, ռուսական կրիմինալի հետ հնարավոր կապերի, ժողովրդավարության թշնամիների շահերը սպասարկելու հետ: Այս ու այլ առնչությունները թող նայեն ու հասկանան, թե ի՛նչ ու ինչի՛ համար են «երգում» այս մարդիկ ընդհանրապես:

Այսինքն՝ այդ կոչը հիմնավոր չե՞ք համարում ու կարծում եք, որ այն ուղղորդվա՞ծ է:

– Ոչ թե հիմնավոր չեմ համարում, այլ համարում եմ հակաամերիկյան, հակահայկական կոչ: Այդ կուսակցության ողջ պատմությունը շատ լավ տեսնում ենք, որ եղել է բազմաթիվ օտար ծառայությունների մի ֆայլաբազար:

Հայ դատի հանձնախումբն իր գործունեությամբ պաշտպանո՞ւմ է Հայաստանի շահերը:

– Կոնկրետ քայլը շատ թափանցիկ ձևով ցույց է տալիս, թե նրանք ինչին չեն սպասարկում. ԱՄՆ-ի շահերը չեն սպասարկում, Հայաստանի շահերը չեն սպասարկում, ամերիկահայության շահերը չեն սպասարկում:

Իսկ ո՞ւմ շահերն են սպասարկում՝ ըստ ձեզ:

– Համենայնդեպս, ԱՄՆ-ի ու Հայաստանի ոչ բարեկամների շահերը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am