Փաստաբան Արայիկ Պապիկյանի ենթադրությամբ՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արեգ Կյուրեղյանի, Սեդրակ Նազարյանի, Էդվարդ Գրիգորյանի և Պավել Մանուկյանի բերման ենթարկելը դատապարտման վճռի կատարումն է:
«Եթե Վճռաբեկի որոշումը կա, ու մենք դեռ չենք ստացել, լեգետիմ իրավունք ունենք կարծելու, որ այս պահին տեղի է ունենում առևանգում: Ընդունված պրակտիկա է, որ նախ ստանանք Վճռաբեկի որոշումը, ու եթե բողոքը վարույթ չի ընդունվել՝ պարզ է դառնում, որ մոտ օրերս ոստիկանությունը կայցելի այդ մարդկանց»,- «Մեդիալաբին» ասում է փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Փաստաբանը ենթադրում է, որ Վճռաբեկ դատարանն այս դեպքում այդպես չի վարվել, գուցե մտածել է, որ նախապես իմանալով՝ կթաքնվեն, կխուսափեն, ինչը, փաստաբանի բնորոշմամբ՝ անհեթեթություն է, որովհետև «այդ մարդիկ 2-3 տարի լինելով ազատության մեջ՝ այդ վտանգը մշտապես գիտակցել են, բայց որևէ գործողություն չեն արել»:
Պապիկյանն ասաց, որ Վճռաբեկ են դիմել փետրվարին, հետո որոշ բաներ շտկելու համար դատարանը մեկ անգամ վերադարձրել է դիմումը, իրենք էլ շտկել ու ապրիլի վերջին կրկին ներկայացրել են բողոքը ու այդ պահից մինչ օրս Վճռաբեկից այլ դատական ակտ չեն ստացել:
«Սահմանված ժամկետներ կան, բայց Վճռաբեկը, որպես կանոն, ժամկետները չի էլ պահպանում, բայց խնդիրն այստեղ դա չէ, այլ այն, որ Վճռաբեկն արդեն որոշումը կայացրել է, ուղարկել ում որ պետք է, բայց կոնկրետ անձանց կամ նրանց պաշտպաններին չի ուղարկել: Սա է Վճռաբեկի ձեռագիրն ու դեմքը»,- ասում է փաստաբանը:
Պապիկյանն ասում է, որ հիմա միակ հարցը ճշտելն է՝ կա՞ արդյոք Վճռաբեկ դատարանից նման որոշում, բայց քանի որ ոչ աշխատանքային օր է, հետևաբար պատկան մարմիններից որևէ բան ճշտելը փաստաբանն անհույս է համարում:
«Հիմքում միանշանակ քաղաքական ենթատեքստ է, այս դատավճռի ու գործի մեջ իրավական ոչինչ չկա, կա քաղաքական միջամտություն. Սերժ Սարգսյանի օրոք նա էր շահագրգռված, Նիկոլ Փաշինյանի օրոք՝ Փաշինյանը: Իրավաբանություն չկա, զուտ քաղաքականություն է այս ամենում»,- ասում է փաստաբան Արայիկ Պապիկյանը:
«Մեդիալաբը» փորձեց հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալ ՀՀ գլխավոր դատախազությունից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am