«Ներգնա տուրիզմում այս պահին դինամիկ աճ է նկատվում, գրեթե ազատ զբոսավար չկա». Յաշա Սոլոմոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանը,

– Պարո՛ն Սոլոմոնյան, ի՞նչ պատկեր է այժմ ներգնա տուրիզմի ոլորտում: Ո՞ր երկրների զբոսաշրջիկներն են հետաքրքրված Հայաստանով և ո՞ր ուղղություններն են նախընտրում հիմնականում:

– Ներգնա տուրիզմում այս պահին դինամիկ աճ է նկատվում: Մեր զբոսաշրջային խմբում, որ նայում ենք՝ անընդհատ զբոսավարներ են փնտրում, կոնկրետ իմ գործընկերներից գրեթե ոչ ոք այս պահին ազատ չէ, բոլորը խմբերի հետ ճանապարհներին են: 

Համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ՝ ունենք բավական մեծ դինամիկա, իհարկե դեռ չենք հասել 19 թվականին մակարդակին, բայց, կարելի է ասել, որ անգամ այս իրավիճակը գոհացնող է: 

Հիմնական շարժը շարունակում է ապահովել ռուսական շուկան, Գերմանիան է ակտիվացել, ֆրանսալեզու շուկան նույնպես բավական ակտիվ է, ակտիվացել է նաև իսպանախոս շուկան: Հիմնական ուղղությունները շարունակում են անփոփոխ մնալ, այսինքն՝ այն դասական ուղղությունները, որոնք կային, շարունակում են էլի ակտիվ մնալ: Երևանին մոտ հատվածները հիմնականում շատ պահանջված են, օրինակ՝ Մայր Աթոռը, Գառնին, Գեղարդը, Սևան, Դիլիջան ուղղությունները: 

Համեմատաբար ավելի պասիվ են Երևանից հեռու ուղղությունները՝ հիմնականում ժամանակային առումով պայմանավորված, քանի որ ավելի շատ ռուս զբոսաշրջիկներն են հիմա ճամփորդում, իրենք շատ հեռու ու երկարատև տուրեր չեն անում, դրա համար էլ հեռու տեղեր չեն գնում: Սյունիքի ուղղությունն է բավական ակտիվ: Հիմա շատ ակտիվ են քայլարշավային տուրերը:

– Զբոսաշրջիկներին գրավող հայաստանյան ուղղությունների անփոփոխ մնալը նախընտրությա՞ն հարց է, թե՞ այլ խնդիրներ կան, որ նոր ուղղություններ չեն ավելանում այդ ցանկին:

– Ոչ այնքան նախընտրության հարց է, որքան ենթակառուցվածքների: Մենք ունենք շատ հետաքրքիր վայրեր, բայց դրանց հասանելիության կամ ենթակառուցվածքների խնդիր կա՝ գիշերակացից սկսած ճանապարհների վիճակով վերջացրած, այդ իսկ պատճառով ոչ հասանելի այդպիսի վայրերը հաճախ դուրս են մնում զբոսաշրջային փաթեթներից, և օպերատորները, բնականաբար, նախընտրում են վաճառել այն ուղղությունները, որտեղ կան համպատասխան ենթակառուցվածքներ ու ծառայություններ:

– Այսինքն՝ պետական բացի խնդի՞րն է պատճառը, պարո՛ն Սոլոմոնյան:

– Բնականաբար: Մենք ունենք շատ-շատ տարբերակներ, բայց այդտեղ պետք է ճանապարհներ կառուցել՝ հասարակ պետքարանից սկսած մինչև այլ ենթակառուցվածքներ, ռեստորաններ, հյուրանոցներ և այլն, իսկ դա ժամանակի հարց է: Համենայնդեպս, կարծում եմ՝ ժամանակի հետ այդ ուղղությունները ևս պահանջված կլինեն, որովհետև գրեթե ամեն տարի նոր ուղղություն է զարգանում զբոսաշրջության մեջ: Քայլ առ քայլ առաջ կգնանք:

– Դեպի Սևան ուղղությունն ակտի՞վ է, թե՞ դեռ, ինչպես ասում են՝ Սևանի սեզոնը չի բացվել:

– Ավանդական մեր ուղղություններից է, անգամ դեպի Դիլիջան ճանապարհը հիմնականում անցնում է այդ կողմով, բայց, այո՛, դեռ Սևանի սեզոնը չէ, բայց գրեթե բոլոր փաթեթներում հիմա էլ ներառված է:

– Իսկ պահանջված ուղղությունների սպասարկման, ասենք՝ նույն այդ պետքարաններից սկսած, որակից զբոսաշրջիկները գո՞հ են, թե՞ դժգոհություններ ունեն:

– Իհարկե կան վայրեր, որտեղ սպասարկումն այնքան էլ լավ չէ, օրինակ՝ նույն Սևանում դժվար է լավ սպասարկմամբ ռեստորան կամ որակյալ հյուրանոց գտնել, բայց, ընդհանուր վերցրած, հիմնականում գոհ են մնում մեր հյուրերը:

– Պարո՛ն Սոլոմոնյան, իսկ գնային քաղաքականությունից գո՞հ են:

– Եթե հաշվի առնենք, թե վերջին ամիսներին ինչ է տեղի ունենում դոլարի ու եվրոյի փոխարժեքի հետ, բնականաբար, թանկացում տեղի է ունենում, այսինքն՝ այդ փոխարժեքի մեջ բարձրանում է գինը, բայց որ ասեմ հատուկ բողոքներ կամ ինչ-որ դժգոհություններ կան, համենայնդեպս, ես չեմ լսել: Դա նաև չի ազդել ոլորտի ակտիվության վրա:

– Արցախի Հանրապետությունով հետաքրքրվողներ կա՞ն, այնտեղ զբոսաշրջիկների հոսք կա՞, պարո՛ն Սոլոմոնյան:

– Ցավոք, շարժ չկա, մինիմալի է հասել այդ շարժը: Խնդիրներից մեկն էլ այն է, որ օտարերկրացիները հիմնականում վիզա չեն ստանում Արցախ գնալու համար: Ես մի քանի նման դեպք եմ ունեցել, երբ մարդիկ ուզել են գնալ, բայց վիզա չեն տվել:

– Այսինքն՝ օտարերկրացիների համար Արցախ մուտքը պարտադիր վիզայո՞վ է թույլատրվում:

– Այո՛, ցավոք, նոյեմբերի 9-ից հետո միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են կարողանում ազատ ելումուտ անել, իսկ բոլոր օտարերկրացիները պետք է վիզա ունենան, իսկ վիզա սովորաբար չեն ստանում:

 – Վիզան ո՞վ պետք է տրամադրի:

– Դիմում են Երևանում Արցախի ներկայացուցչություն և չեն ստանում:

– Իսկ ի՞նչ պատճառաբանությամբ չեն տրամադրում:

– Հիմնականում՝ չէ, առանձնահատուկ որևէ պատճառաբանություն չի տրվում: 

– Ասացիք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բավականին աշխուժություն է նկատվում ներգնա տուրիզմի ոլորտում, տոկոսային հարաբերությամբ կարո՞ղ եք ասել, թե տարբերությունը որքան է կազմում:

– Դրա համար պետք է առնվազն վիճակագրական տվյալներ ունենալ, իսկ այս տարվա վիճակագրությունը դեռ պատրաստ չէ: Բայց, ինչպես ասում են, եթե աչքաչափով գնահատենք, ապա մինիմում 50 տոկոսի աճ կա, այսինքն՝ կրկնակի աճ հաստատ ունենք:

– Պարո՛ն Սոլոմոնյան, իսկ ներքին տուրիզմում ի՞նչ պատկեր է:

– Նախորդ երկու տարիների համեմատ, երբ լոքդաուն էր, ու մեր քաղաքացիները հիմնականում երկրի ներսում էին ճամփորդում, այս տարի սահմաններն արդեն բացվել են, բազմաթիվ երկրներ հանել են քովիդով պայմանավորված սահմանափակումները, մեր քաղաքացիները սկսել են դուրս գնալ, հիմնականում՝ Արաբական Էմիրություններ, Եգիպտոսի ուղղությունն է պահանջված, եվրոպական որոշ ուղղություններ: Որոշ մասը, իհարկե, շարունակում է էլի ներսում ճամփորդել՝ այդ ավանդական ուղղություններով՝ Տավուշ, Սյունիք, Լոռի: Այս տարի ունենք բավականին մեծ շարժ դեպի արտագնա տուրիզմ, դեպի դուրս:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am