«Մեզանում սահմանադրական մշակույթը, ոգին միշտ ստորադասվել են քաղաքական, կլանային, խմբային շահին». Տարոն Սիմոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավաբանական գիտությունների թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը

– Պարո՛ն Սիմոնյան, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրն է այսօր։ Որքանո՞վ է Հայաստանը հավատարիմ Սահմանադրությանը, կարո՞ղ ենք ասել, որ մեր երկիրը սահմանադրական իրավունքներին հավատարիմ պետություն է։

– Չեմ ուզում տոնական օրը փչացնել, բայց իրականությանը մի քիչ մոտ լինելու համար պետք է ասեմ, որ մենք դեռևս չենք հասկացել Սահմանադրության էությունն ու անընդհատ ուզում ենք Սահմանադրությունը գտնել ինչ-որ թղթերի վրա գրված, մինչդեռ Սահմանադրությունը միայն թղթի վրա գրվածը չէ, այլ դրա ոգին է, ու դա է պատճառը, որ մեզանում հենց քաղաքական կամ կառավարման ճգնաժամ ենք ունենում, պատճառը Սահմանադրության մեջ ենք փնտրում, մինչդեռ պետք է սահմանադրականության մեջ փնտրենք, որը հենց այդ ոգին է կենսագործման մեջ։

Մեզանում որքանո՞վ է գրված Սահմանադրությունը կիրառվել կյանքում, բոլորս էլ գիտենք, որ լավ չի կիրառվել, բայց առանձին դեպքերում որոշակի խնդիրներ լուծել է, ու խնդիրն այդ գրվածքի մեջ չի եղել, խնդիրը քաղաքական և սահմանադրական մշակույթի թերզարգացման մեջ է եղել։

– Ձեր նշած՝ Սահմանադրության ոգու դժվարընկալումը կամ ընդհանրապես չհասկանալն ինչի՞ հետևանք է։

– Պատճառները շատ են, հիմնական պատճառները պատմական ու սոցիալական են, այսինքն՝ երկարաժամկետ պետականություն չունենալը, պետականության ձեռքբերման ժամանակ ոչ այդքան մտավոր աշխատանք կատարելը, այսինքն՝ պատահական պետականություն ստանալը, պետականության արժեքը չգիտակցելը։

Քանի որ, մեծ մասամբ, քաղաքական իշխանություններն են պատասխանատու լինում Սահմանադրության գիտակցման, դրա ոգու, քաղաքական մշակույթի զարգացման համար, իսկ մենք էլ բախտ չենք ունեցել վերջին երեք տասնամյակում քիչ թե շատ իրավունքից հասկացող քաղաքական իշխանություն ունենալ, արդյունքը եղել է այն, որ սահմանադրական մշակույթը, ոգին միշտ ստորադասվել են քաղաքական, կլանային, խմբային շահին։

– Իսկ այդ չհասկացված լինելուն նպաստո՞ւմ է նաև Սահմանադրության փոփոխությունների կատարումը, պարո՛ն Սիմոնյան։

– Այնպես չէ, որ զարգացած երկրներում Սահմանադրության փոփոխություններ չեն լինում, լինում են, ամբողջ հարցն այն է, թե այդ փոփոխություններն ինչին են միտված, եթե միտված են կոնկրետ հարմարեցմանը՝ առկա սահմանադրական գրվածքի փոփոխություններին, այդ թվում՝ սոցիալ-քաղաքական, պետական արագ զարգացող փոփոխություններին, ժամանակակից աշխարհի մարտահրավերներին՝ նորմալ է, բայց եթե դրանք միտված են հարմարեցվելու քաղաքական նպատակահարմարությանը, բնականաբար, միայն խոչընդոտում են սահմանադրական մշակույթի զարգացումը։ Մեզանում մեծ մասամբ այդ փոփոխությունները եղել են քաղաքական նպատակահարմարությամբ, որոնք չեն համապատասխանել առկա մարտահրավերներին։

– Կրկին սահմանադրական փոփոխություններ են նախատեսվում Հայաստանում, այս անգամ և՞ս քաղաքական նպատակներից ելնելով են արվում։

– Ես նման տպավորություն ունեմ՝ պայմանավորված նախկին հանձնաժողովի աշխատանքներով, որին մասնակցում էի նաև ես, ու նոր հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելուս պատճառներից հենց մեկը դա էր, որովհետև նման տպավորություն ունեմ, որ կրկին քաղաքական նպատակահարմարության համար է արվում ամեն ինչ։

– Պարո՛ն Սիմոնյան, իսկ հույս կա՞, որ Հայաստանը երբևէ կդառնա իսկապես սահմանադրական երկիր, որ այդ փոփոխությունները քաղաքական նպատակներով չեն արվի, ու դրա համար ի՞նչ է անհրաժեշտ։

– Միշտ հույս կա ու չպետք է կորցնել այդ հույսը, միևնույն ժամանակ աշխատենք մեզ վրա, որ մեզանում առաջ մղենք այն մարդկանց, որոնք ինքնահաստատվել ու այդ շրջանից դուրս են եկել 14-18 տարեկանում ու 30-50 տարեկանում դեռևս ինքնահաստատման պահանջ չունեն, որ Սահմանադրությունն ու քաղաքական համակարգն այդ պահանջի բավարարման համար չօգտագործեն։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am