«Մեր բանակը ռուսական բանակի փոքրիկ մակետային տարբերակն էր, ու մենք պարտություն կրեցինք. ի՞նչ դասեր ենք քաղել, գրեթե ոչ մի դաս». Հայկ Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը

Պարո՛ն Սահակյան, խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծը: Որքանո՞վ եք ընդունված նախագծով առաջարկվող փոփոխությունները բարեփոխում համարում պաշտպանության ոլորտում:

– Այն, ինչ ներկայացնում է իշխանությունը, մի բան է, իսկ այն, ինչ տեղի է ունենում իրականում, լրիվ այլ բան է: Կա մեկ գործոն, որը պետք է հաշվի առնել. այդ փոփոխություններն անցնում էին Ռուսաստանի քավորությամբ կամ նրանց հովանու ներքո, ինչն արդեն իսկ հուշում է, որ այդ բարեփոխումներ կոչվածը շատ կասկածելի են: Ինչո՞ւ, որովհետև ընդամենը երկու տարի առաջ պարտություն կրեցինք մի պատերազմում, որտեղ մեր բանակը մեծ մասամբ հագեցած էր ռուսական զենքով, ու, ամենակարևորը՝ մեր բարձրագույն սպայական կազմին հիմնականում վերապատրաստում էր Ռուսաստանը, և մեր բանակի հիմքում ամբողջովին ռուսական ռազմական-կազմակերպչական ձևերն են դրված: Այսինքն՝ մեր բանակը ռուսական բանակի փոքրիկ մակետային տարբերակն էր, ու մենք պարտություն կրեցինք: Պարտվեցինք մի բանակի, որի դաշնակիցը Թուրքիան էր, որը գործում է ՆԱՏՕ-ի ստանդարտներով, իսկ Ադրբեջանի բանակը ձգտում է դեպի այդ ստանդարտները: Այդ պայքարում մենք պարտություն ենք կրել, ի՞նչ դասեր ենք քաղել, գրեթե ոչ մի դաս, մենք շարունակում ենք ռուսական քավորությամբ բանակն արդիականացնել, ինչը մեզ ոչ մի տեղ չի տանելու:

Երկրորդը՝ մենք հենց հիմա տեսնում ենք ռուսական բանակին գործի մեջ ուկրաինական պատերազմում, ուկրաինական բանակը ևս ՆԱՏՕ-ի ստանդարտներին է ձգտում: Աշխարհի ամենաահարկու բանակներից մեկը՝ ռուսական բանակը, ի վերջո չի կարողանում իր առջև դրված խնդիրները լուծել, ու ուկրաինական բանակը ոչ միայն հաջողությամբ պայքարում է ռուսական բանակի դեմ, այլ նաև հակահարվածներ է տալիս: Այս ամենը նկատի ունենալով՝ ինչն իշխանությունը ներկայացնում է գեղեցիկ շարադասությամբ, որ մեր բանակը բարեփոխում ենք, չգիտեմ ինչեր ենք անում՝ դրանք բոլորն անլուրջ են, մեծ հաշվով, կներեք արտահայտությանս, կապիկություններ են:

Այսինքն՝ ձեզ համար գլխավոր խնդիրն այն է, որ ռուսական կողմի ակտիվ միջամտությո՞ւն է եղել այս փոփոխություններին:

– Ոչ թե ռուսական միջամտությամբ, այլ ռուսական վերահսկողության տակ, ռուսական մեթոդներով ու ռուսական ուղղությամբ: Մենք այդ ուղղությունից դուրս չենք գալիս, իսկ դա նշանակում է առաջիկա պատերազմում երաշխավորված պարտություն:

Փոփոխությունը, որով գլխավոր շտաբի պետը պետք է դառնա պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, սակայն նախարարի բացակայության դեպքում չի կատարի նախարարի գործառույթները, ինչպե՞ս եք գնահատում: Կան տեսակետներ, որ այսպիսով այս կառույցն ամբողջովին քաղաքականացվում է:

– Դրանք երկրորդական նշանակություն ունեն, բանակի հիմնական գործառույթը պետության անվտանգության, քաղաքացիների անվտանգության ապահովումն է արտաքին միջամտություններից: Այս տարիների ընթացքում դա կարողացե՞լ է անել մեր բանակը, չէ՛, հաջողությամբ չի արել ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ Սարգսյանի, ո՛չ էլ Քոչարյանի ժամանակ:

Իսկ, ըստ ձեզ, Հայաստանն ինչո՞ւ դուրս չի գալիս ձեր ասած՝ ռուսական ուղղությունից: Ունի՞ հնարավորություն դուրս գալու:

– Չեմ կարող ասել, այդ տեղեկատվությանը ես չեմ տիրապետում: Դրան պետք է պատասխանի նախարարը, որը հպարտությամբ հայտարարում էր այդ բարեփոխումների մասին վարչապետին, արտգործնախարարին, որոնք արտաքին քաղաքականությունն են վարում:

Պարո՛ն Սահակյան, արձանագրում եք, որ այս օրենքով բանակում բարեփոխումներ չե՞ն արվելու:

– Որակի առումով շատ կասկածելի բարեփոխումներ են: Խոսում էին նաև այն մասին, որ ռազմաուսումնական հաստատությունն ավարտած սպային Երևանում բնակարանով կապահովեն: Այս տեսանկյունից, այո՛, կա՛ բարեփոխում, սննդի տեսանկյունից՝ կա՛ բարեփոխում: Բայց զինվորը պետք է կռվող մարդ դառնա, զենքի տիրապետի, ես ծառայության ժամանակ շատ ավելի քիչ եմ կրակել, քան քաղաքացիական կյանքում, մեր բանակը դա է եղել:

21-րդ դարի իրականությունում ենք ապրում, մեզ արևի տակ շարային պատրաստություն անել էին տալիս, որն ավելի շատ պատիժ էր, քան զինվորական պատրաստություն: Պատերազմի ժամանակ կռված զինվորներին հարցրեք՝ այդ շարային ունակությունները որտե՞ղ են պետք եկել, ոչ մի տեղ: Մինչև հիմա այդ նույն «բարի ավանդույթը» շարունակվում է, այս մասին է պետք խոսել:

Մեզ որակական փոփոխություններ են պետք, բովանդակային, ռազմական մտքի ոլորտում է փոփոխություն պետք, մեր գեներալիտետը չի փոխվել, նրանք նույն կերպ են մտածում: Մեր սպաներից մեկն իր համար թևավոր խոսք էր սահմանել, ասում էր՝ «Մի զինվորը ոչինչ է, երկու զինվորը՝ ամբողջ տրակտոր», զինվորի նկատմամբ մոտեցումն այսպիսին է եղել: Այս մտածողությունն է պետք փոխել, դա կլիներ բարեփոխում, թե չէ, ելակ կուտեն, թե չեն ուտի, տուն կստանան, թե չեն ստանա՝ դրանք երրորդական նշանակության հարցեր են:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am