Զբոսաշրջության հիմնական խնդիրը մուտքի արտոնագրերի ստացման կարգի բարդացումն է. Գևորգ Առաքելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի ԿԳՄՍՆ զբոսաշրջության վարչության պետ Գևորգ Առաքելյանը

 – Պարո՛ն Առաքելյան, ի՞նչ վիճակում է այսօր զբոսաշրջության ոլորտն Արցախում: 44-օրյա պատերազմից հետո ի՞նչ միտումներ են նկատվում:

– Եթե համեմատենք 2019 թվականի ցուցանիշների հետ, որոնք մեր ամբողջ վիճակագրության մեջ ամենաբարձրն են եղել, այսինքն՝ 2019-ը ամենապիկ տարին է եղել, 2020-ին 92% անկում ենք ունեցել օտարերկրացի զբոսաշրջիկների մասով, 42 հազարից դարձել է մոտ 3 հազար:

2021 թվականին արդեն, 2020-ի համեմատ, որոշակի աճ ենք ունեցել՝ մոտավորապես 4200 հոգի:

Այս տարվա առաջին կիսամյակում Արցախ է այցելել 2354 օտարերկրացի զբոսաշրջիկ, ինչը 63%-ով ավելի է 2021 թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Հունվարին ունեցել ենք 415 զբոսաշրջիկ, փետրվարին՝ 411, մարտին՝ 100, ապրիլին՝ 399, մայիսին՝ 516, հունիսին՝ 513:

Պատերազմից հետո զբոսաշրջության ոլորտի առաջ ծառացած հիմնական խնդիրները կապված են մուտքի արտոնագրերի տրամադրման կարգի հետ, որն այժմ բարդացել է, ու նաև, որ պատերազմի հետևանքով կորցրել ենք կայացած զբոսաշրջավայրերի մոտ 80%-ը, որոնց վրա այս տարիների ընթացքում ֆինանսական միջոցներ են ներդրվել:

Խնդիր կա նաև վարկանիշի առումով. տարիներ շարունակ Արցախը համարվել է զբոսաշրջության համար ապահով վայր, բայց հիմա դա խնդիր է: Վերոնշյալով հանդերձ՝ հիմնական խնդիրը մուտքի արտոնագրի տրամադրման կարգի բարդացումն է:

Այսինքն՝ օտարերկրացիները պետք է տվյալ դեսպանատնից թույլտվությո՞ւն ստանան:

– Խնդիրը միայն թույլտվություն ստանալ-չստանալը չէ, այլ նաև՝ ձևը: Մարդիկ պատասխանն իմանում են այն օրը, որը նախապես նշել են, օրինակ՝ Ֆրանսիայում գտնվող մարդն ուզում է այցելել Արցախ, նշում է ամսի 18-ը, ինքը հենց այդ օրն է իմանալու՝ գալի՞ս է, թե՞ ոչ: Իսկ մարդիկ շատ հաճախ ռիսկի չեն դիմում, գան հասնեն Երևան, հետո պարզվի՝ չեն կարող Արցախ գալ:

Թույլտվությունը հեշտությա՞մբ է տրվում, թե՞ մեծ մասամբ մերժում են օտարերկրացիներին:

– Տոկոսային տվյալների չեմ տիրապետում, բայց նկատելի է, որ աշխարհագրությունը շարունակում է նույնը մնալ, բայց փոխվել է տոկոսային հարաբերակցությունը: Առաջին եռյակը մշտապես ունեցել է այս պատկերը՝ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա: Մինչև պատերազմը ՌԴ քաղաքացիները 40-50% էին կազմում, իսկ հիմա ընդհանուր թվի մոտ 80%-ը ՌԴ քաղաքացիներն են: Նրանց համար մուտքն Արցախ ավելի հեշտ է, որովհետև նրանք կարող են գրանցվել նաև անցակետերում, պարտադիր չէ՝ գրանցվեն ներկայացուցչություններում ու սպասեն:

Պարո՛ն Առաքելյան, իսկ հիմա զբոսաշրջիկներին ո՞ր տարածքներն են գրավում:

– Հին, կայացած զբոսաշրջավայրերից մնացել են Գանձասարի վանքը, Ամարասը, Նիկոլ Դումանի տուն-թանգարանը: Մոնիթորինգի արդյունքում ու նաև համապատասխան մարմինների հետ համաձայնեցված՝ ընտրվել են անվտանգ ու զբոսաշրջային գրավչություն ունեցող վայրերի ցանկ, որոնք մեր ուշադրության կենտրոնում են:

Այս պահին ուշադրություն ենք դարձնում Վանք, Քոլատակ, Ծմակահող, Աստղաշեն, Այգեստան գյուղերին, հարավային մասում՝ Բովուրխանի վանքին: Ուղղությունները հիմնականում փոխվել են, քանի որ ճանապարհների խնդիր կա: Հիմա հիմնականում ջիփինգ տուրեր են անում, քայլարշավներ ու նաև գյուղական տուրիզմին ենք ուշադրություն դարձնում: Անցած տարի դրամաշնորհ է եղել գյուղական զբոսաշրջության զարգացման համար, ու 4 հոգի հաղթել է:

Գյուղական տուրիզմն իրենից ի՞նչ է ենթադրում:

Օրինակ՝ հաղթողներից մեկը զբոսաշրջային տուն է գրանցել, կահավորել, սնունդ է մատուցում, նաև կազմակերպում է էքսկուրսիաներ իրենց գյուղի տարածքում:

Հայաստանի Հանրապետությունից զբոսաշրջության նպատակով այցելուների ակտիվություն նկատելի՞ է:

– Քանի որ ՀՀ քաղաքացիները՝ մեր հայրենակիցները, չեն հաշվառվում, ունենք նույն անձնագրերը, այդպիսի վիճակագրություն չունենք, որքան էլ փորձենք ունենալ նման տվյալներ, բայց նկատելի է, որ ակտիվություն կա: Գիտեմ նաև, որ արշավական խմբեր կան, որոնք հաճախ են գալիս:

Արցախում հանգիստը մատչելի՞ է, պարո՛ն Առաքելյան, ֆինանսական առումով նկատի ունեմ:

– Կան հյուրատներ, զբոսաշրջային տներ, հյուրանոցներ, որ միջին խավի համար հասանելի են:

Արցախում զբոսաշրջության ակտիվ շրջանը ո՞րն է համարվում:

– Եթե օտարերկրյա քաղաքացիների մասով դիտարկենք՝ հիմա՝ որպես այդպիսին, պիկ ժամանակահատված չի նկատվում, գրեթե բոլոր ամիսներին նույնն է, որովհետև կապված է մուտքի արտոնագիր ստանալու հետ, բայց նախկինում, իհարկե, ամառն էր այդ սեզոնը: Մեկ անգամ է դեպք եղել, որ հունվարին 1000-ից ավելի օտարերկրյա զբոսաշրջիկ է եղել, իսկ օգոստոսին եղել է դեպք, որ մինչև 10 հազար զբոսաշրջիկ ենք ունեցել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am