«Սահմանազատումն ու խաղաղության պայմանագրի կնքումը Ադրբեջանը պատկերացնում է բացառապես իր պահանջներով, այլ տարբերակ չի տեսնում». Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը

 – Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ «Հայաստանի հետ սահմանների սահմանազատումը հեշտ չի անցնի», ու որ իրենք մերժել են զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ Հայաստանի առաջարկը: Հաշվի առնելով այս ամենը՝ ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում, այսինքն՝ Ադրբեջանն ի՞նչ պայմաններով է ուզում իրականացնել սահմանազատում ու սահմանագծում Հայաստանի հետ:

– Ադրբեջանական կողմն այդ գործընթացում ունի մեկ հստակ նպատակ՝ կարճ ժամանակահատվածում Հայաստանը ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի մաս, ու նրանք այս դիրքորոշումը շատ հստակորեն արտահայտել են: Հայկական կողմը և ոչ միայն, բազմիցս ասել են, որ սահմանազատման գործընթացը չի առնչվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, եթե հիշեք՝ նաև ՌԴ արտգործնախարարը հանդես եկավ հայտարարությամբ, որ այդ խնդիրները պետք է տարանջատել իրարից, բնականաբար, այստեղ Ռուսաստանն էլ իր շահերն ու հետաքրքրություններն ունի:

Բազմաթիվ առիթներ եմ ունեցել ասելու, որ զորքերի հայելային հետքաշման շատ սխալ ու չհաշվարկված առաջարկը, իրականում, հենց հայկական կողմի համար է շատ խնդիրներ ստեղծել, որովհետև միջազգային հանրության գնահատականները, երբ որոշ երկրներ անցած տարվա մայիսի 12-ի ադրբեջանական ներխուժումը ՀՀ սահմաններ հենց ներխուժում էլ անվանում էին, այս առաջարկից հետո նրանց հռետորաբանությունը փոխվեց, և այդ տարածքները համարվեցին վիճելի, ու Ադրբեջանի արտգործնախարարն իր խոսքում ընդգծել է, որ իրենք չեն համաձայնել այդ առաջարկին, «քանի որ Ադրբեջանի սահմանները պաշտպանելու խնդիր ունեն», այսինքն՝ նրանք այս տարածքները համարում են իրենցը:

Իշխանական պատգամավորների հավաստիացումները, թե սահմանազատում կանենք ու այդ տարածքները հետ կբերենք, ամբողջությամբ սուտ են, ու անիմաստ է ակնկալել, որ ադրբեջանական զորքը ինչ-որ տարածքից հետ է քաշվելու:

Իսկ ադրբեջանական կողմը վերջին շրջանում ինչո՞ւ է ակտիվացել, նկատի ունեմ սահմանային կրակոցները:

– Հուլիսի 2-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարն ինչ-որ խորհրդակցություն էր հրավիրել, որտեղ կոչ էր արել քայլեր ձեռնարկել «ռևանշիստների ցանկացած սադրանք կանխելու ուղղությամբ»: Այս կոչից հետո ակնհայտ էր, որ Ադրբեջանը գնալու է նոր սադրանքների, որովհետև բոլորին է ակնհայտ, որ այսօր հայկական կողմը որևէ շահագրգռվածություն չունի սահմանային իրավիճակ լարելու, և այդ խնդիրն իր առջև Ադրբեջանն է դրել:

Այսօր ևս խորհրդակցություն է անցկացրել Ադրբեջանի պաշտպանության նախարարը՝ կրկին կոչ անելով պատրաստ լինելու:

Այս ամենը, իհարկե, զուգահեռվում է դիվանագիտական դաշտին. հենց այսօր նույն Ջեյհուն Բայրամովը օկուպացված Շուշիում դիվանագետների հավաք է կազմակերպել, որտեղ ասել է, որ իրենք «հաղթող պետության դիվանագետներ են և պետք է հենց այդ մտայնությամբ էլ առաջ շարժվել», ու դրա համար շնորհակալություն են հայտնել նախագահ Իլհամ Ալիևին:

Այսինքն՝ երբ դիվանագիտական տրամաբանությունը կառուցվում է հաղթող-պարտվող մտածողությամբ, ակնհայտ է, որ այդ գործընթացում ակնկալիքներ չպետք է ունենալ:

Իսկ սահմանային լարումներն ի՞նչ նպատակով են արվում:

– Ադրբեջանն այդկերպ հետապնդում է մի քանի նպատակ: Նրանք տասնամյակներ շարունակ առաջնորդվել են սողացող պատերազմի տրամաբանությամբ ու հիմա դա արդեն շարունակում են Հայաստանի հետ սահմանին, թեև նախկինում էլ է դա եղել:

Միևնույն ժամանակ, այսօր Ադրբեջանը զգուշանում է Արցախում սադրանքների գնալուց: Ադրբեջանական կողմը նաև շատ ուշադիր հետևում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, գործընթացներին ու ըստ այդմ էլ փորձում է հարմարեցնել իր քաղաքականությունը: Ադրբեջանն ամենատարբեր մակարդակով շատ հստակ ու պարզ տեքստով հայկական կողմին ասում է, որ ունեն տարածքային նկրտումներ՝ Սյունիքից սկսած, մայրաքաղաք Երևանով վերջացրած, ու եթե ինչ-որ մեկն այնքան միամիտ է, որ մտածի՝ Ադրբեջանը ձեռք բերածով բավարարվելու է, ապա լավ չի ճանաչում ադրբեջանական կողմին:

ԹուրքիաՀայաստան հարաբերությունների կարգավորմանը միտված գործընթացում կարծես որոշակի շարժ էլ կա, վերջին հանդիպմանը ձեռք են բերել որոշակի պայմանավորվածություններ, որքանո՞վ են զսպելու Ադրբեջանի նկրտումները, տիկի՛ն Հայրապետյան:

– Ե՛վ ադրբեջանական, և՛ թուրքական կողմը հատկապես, մի քանի անգամ ամենատարբեր մակարդակով հայտարարել է, որ իրենց համար գլխավոր նախապայմանը Ադրբեջանի հետ այսպես կոչված խաղաղության պայմանագրի կնքումն է:

Ես վստահ եմ, որ համապարփակ կարգավորման համար այն, ինչ պատկերացնում ենք երկու հարևան երկրների միջև որպես հարաբերություններ, այս պայմանը հստակ դրվելու է սեղանին, իսկ դա իրենից ենթադրում է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս ու նաև հետագա տարածքային նոր հավակնություններ, որոնք Ադրբեջանը պարբերաբար շրջանառում է:

Այսինքն՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ չի կարգավորի, եթե Հայաստանը չկատարի՞ ձեր վերոնշյալ, ըստ էության, թուրքական նախապայմանը:

– Ես այդ համոզումն ունեմ: Թուրքիան Ադրբեջանի հետ սինքրոնիզացնում է իր գործողությունները:

Տիկի՛ն Հայրապետյան, այդ դեպքում ինչո՞ւ Թուրքիան միանգամից չի առաջադրում այդ նախապայմանները, այլ մանրմանր քայլերով կարծես թե գնում են հարաբերությունների կարգավորման:

– Կարծում եմ՝ այդ նախապայմանները կան, ու հայկական կողմն էլ շատ լավ տեղյակ է դրանցից: Եթե կհիշեք, անգամ ՀՀ արտգործնախարարը մի անգամ հայտարարեց, որ Թուրքիան այդ գործընթացները խիստ պայմանավորում է Ադրբեջանով: Կարծում եմ՝ թվացյալ կառուցողական այս քայլերն իրականում հենց հարմարեցվում են Թուրքիայի նպատակներին, որովհետև, առարկայական առումով, եթե անգամ այդ ձեռք բերված պայմանավորվածություններն աշխատեն, ի՞նչ է նշանակում երրորդ երկրի քաղաքացիներ, անհասկանալի է մեզ համար:

Դատելով թուրքական ու ադրբեջանական գործողություններից, հայտարարություններից՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ ադրբեջանական կողմը չի գնա ո՛չ սահմանազատման ու սահմանագծման, ո՛չ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի, եթե վերջինս հրաժարվի կատարել իր նախապայմանները, կամ կգնա բացառապես իր պայմաններով:

– Դատելով նրանց գործողություններից, հռետորաբանությունից ու որդեգրած քաղաքականությունից, այո՛, նրանք այդ ամենը պատկերացնում են բացառապես հենված իրենց պահանջների վրա, այլ տարբերակ չեն տեսնում: Դրա համար էլ տարակուսանք է առաջացնում հայկական կողմի շարունակական հետքայլերը տարբեր հարցերում, որովհետև ամեն անգամ, երբ մեզ թվում է, թե դա արվում է ի նշան ինչ-որ կառուցողականության, դա սկսում է վնասել մեր պետական անվտանգային շահին և ավելի հանդուգն ու պահանջկոտ է դարձնում Ադրբեջանին:

Որպեսզի այդ ամբողջը բալանսավորվի, նախևառաջ պետք է վերակազմավորել անվտանգային համակարգը, ու այս անիմաստ քննարկումները, որոնց մեջ են անընդհատ, պայմանական ասած, նախկիններն ու ներկաները, իսկ ավելի շատ՝ ներկաները, որոնք տառապում են նախկիններով, ոչ մի օգուտ չի բերում Հայաստանին, ընդհակառակը՝ ճահճի մեջ է մեզ մխրճում:

Նկատի ունեք՝ եթե Հայաստանը մերժի Ադրբեջանի նախապայմանները, նրանք ռազմական ճանապարհո՞վ են փորձելու հասնել դրանց իրականացմանը, տիկի՛ն Հայրապետյան:

– Առիթներ ունեցել եմ ասելու, որ Ադրբեջանն ունի ռազմական սցենարներ: Չեմ ուզում հավելյալ լարվածություն ստեղծել, ասել, որ վաղը լայնամասշտաբ պատերազմ է լինելու, դա շատ գործոններից է կախված, բայց Ադրբեջանը բոլոր ուղղություններով ունի հստակ մշակվող ռազմական սցենարներ, ու եթե հարմար պահ լինի, վստահեցնում եմ՝ գնալու է դրան, ինչպես տասնամյակներով պատրաստվեցին 44-օրյա պատերազմին՝ սպասելով հարմար պահի, որ սանձազերծեին իրենց ագրեսիան:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am