«Իզուր չէ, որ Քոչարյանի իշխանությունն սկսվեց հոկտեմբերի 27-ի սպանդով, և ավարտվեց Մարտի մեկով». Տիգրան Խզմալյան

«Իզուր չէ, որ Քոչարյանի  իշխանությունն սկսվեց հոկտեմբերի 27-ի սպանդով, և ավարտվեց Մարտի մեկով». Տիգրան Խզմալյան
«Իզուր չէ, որ Քոչարյանի իշխանությունն սկսվեց հոկտեմբերի 27-ի սպանդով, և ավարտվեց Մարտի մեկով». Տիգրան Խզմալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է կինոռեժիսոր, «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը։

-Պարոն Խզմալյան, այս փուլում ուշադրության կենտորոնում են Մարտի մեկի գործով դատավարությունը և Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երախավարությունը՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելուն։ Ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները։

-Նախ ընդհանրապես ես համարում եմ, որ դատավարությունը թերագանհատված է, որովհետև սա Քոչարյանի դատավարությունը չէ իրականում։ Հենց դա է ապացուցում այս աղմուկը, դա է ապացուցում այն, որ Պուտինն էր զանգահարում և նրան նամակ գրում, որ Նազարբաևը անհրաժետ համարեց գրել կամ զանգել։ Սա, բնականաբար, Քոչարյանի գեղեցիկ աչքերի կամ այն բանի համար չէ, որ նա Արցախի ազգային հերոսի կոչում ունի։

Պատճառն այլ է, մեկ տարի շարունակ, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը դոփում էր տեղում, փաստորեն չկարողանալով իրական օլիգարխներին ու մենաշնորհները հետապնդել ու քանդել։

Իրականում մեզանում օլիգարխներ իսկապես չկան, մանր-մունր թայֆաները լուրջ դերակատարություն չունեն։ Հայաստանի գլխավոր օլիգարխն ու մենաշնորհ ստեղծողը դա Ռուսաստանի ղեկավարությունն է, պետական կորպորացիաները և 102-րդ ռազմաբազան։ Հայաստանը Ռուսաստանի գաղութն է, ՌԴ կողմից օկուպացված տարածք է, և այդ զավթման գլխավոր «հերոսը» Ռոբերտ Քոչարյանն է։

Հենց նրա օրոք այդ «զիջումները», անհայտ պարտքի դիմաց ՀՀ տնտեսության ոլորտները Ռուսաստանին հանձնելը դարձան քաղաքականություն։ Նա փոխարինում էր դա սեփական իշխանության, սեփական ամենաթողության հետ։

Այդպես կարող էր գործել ոչ թե Հայաստանի նախագահը, այլ Ռուսաստանի հատուկ ծառայությունների դրածոն։ Եվ իզուր չէ, որ նրա իշխանությունն սկսվեց հոկտեմբերի 27-ի սպանդով, որը հանդիսանում է պետական հեղաշրջում, և ավարտվեց Մարտի մեկով։

Քոչարյանի քաղաքական ճակատագիրը հենց հիմա մեր աչքի առաջ դարձյալ տանում է նրան դեպի հերթական պետական հեղաշրջման փորձի։ Այն, ինչ հիմա փորձում են անել, դա պետական հեղաշրջման փորձ է։

Եվ այն, որ Փաշինյանը դիմադրում է դրան, մի քանի բան է նշանակում։ Նախ, պետք է արժանին մատուցել հենց Նիկոլ Փաշինյանի խիզախությանը, որովհետև նա մեկ տարի շարունակ փորձում էր սիրախաղով մեղմացնել Ռուսաստանի ճնշումը։

Հետո երևի գիտակցեց, որ սա կարմիր գիծ է, որովհետև Քոչարյանն  իրականում գործիք է, որի միջոցով փորձում են Հայաստանը պառակտել և բերել մոտավորապես 1990-ականների Վրաստանի վիճակին։ Ես նախկինում էլ ասել եմ հետևյալը՝ փորձում են Արցախը դարձնել Աջարիա, և դրա ապացույցն այն է, որ երկու նախագահները եկել ու ցուցադրաբար նստել են Քոչարյանի կողքին։

Հաջորդ  քայլը լինելու է Արցախի «աբխազացումը», եթե մենք թույլ տանք։ Փաշինյանը միայնակ չէ, և Լևոն Տեր-Պետրոսյանը, և Սերժ Սարգսյանը, ինչքան էլ մենք խիստ բացասական վերաբերվենք նրանց, այնուամենայնիվ հանուն արդարության պետք է ասել, որ նրանք աջակցում են Նիկոլ Փաշինյանին։

Գոնե Սերժ Սարգսյանն ակնհայտորեն աջակցում է Փաշինյանին, որովհետև հիմա Արցախում երևի միակ քաղաքական գործիչը, որը կարողանում է սանձել այդ  ռուսամետ միտումները, դա Սերժ Սարգյանն է։

Նրա շուրջ բավական փոքրաթիվ խումբ կա, այդ թվում՝ մենք տեսնում ենք Վիտալի Բալասանյանին։ Հակառակ կողմից՝ Քոչարյանական թևից մենք տեսնում ենք Արկադի Ղուկասյանին, Սամվել Բաբայանին, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին։

Ես վստահ եմ, որ ոչ Արցախի «աջարացում», ոչ առավել ևս «աբխազացում» տեղի չի ունենա, որովհետև արցախցիները շատ ճիշտ են հասկանում, թե ինչ է կատարվում։ Նրանք հոգնել ու զզվել են այս բդեշխների իշխանությունից։

Ուղղակի Արցախը մի քիչ բարդ իրավիճակում է, և մենք պետք է գտնենք այն ճանապարհը, որը կընդունեն և Հայաստանի, և Արցախի հասարակությունները, որպեսզի ինչ-որ տեղ մենք փրկենք մեր պետականությունը և դառնանք միացյալ հանրապետություն։

-Իսկ որքա՞ն է հավանականությունը, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները նաև Արցախում կարող են լինել։

-Մենք հիմա համոզվում ենք, որ բոլոր հաջողված հեղափոխություններն իրականացվում են նախկին իշխող վերնախավի որոշակի համաձայնությամբ։ Համենայնդեպս ռուս քարոզիչներն այդ մասին բացիեբաց խոսում էին։ Սերժ Սարգսյանը փաստորեն հակամարտում էր ռուսական նկրտումների հետ, և դա ակնհայտ դարձավ ապրիլյան պատերազմի օրերին։ Եվ հետո, երբ նրա ճակատագիրն արդեն կանխորոշված էր Մոսկվայում, արեց այնպես, ինչպես Շեվարդնաձեն բերեց Սաակաշվիլին։

Նիկոլ Փաշինյանը երկնքից չի իջել, նա եղել է խորհրդարանում, որը վերահսկվում էր Սերժ Սարգսյանի կողմից։ Եվ այնուամենայնիվ նա կարողանում էր տարիներ շարունակ պահպանել իր ընդդիմադիր կեցվածքը։ Այսինքն՝ նա որոշակիորեն պատրաստվում էր, իսկ Սերժ Սարգսյանը հասկանում էր, որ ընդդիմություն պետք էր գոնե Ռուսաստանի հետ խոսելու համար։

Եվ ահա, կարևոր պահին փաստորեն նա արեց այն, ինչ Շեվարդանձեն արեց Սաակաշվիլիի հանդեպ։ Արցախում վիճակն այդպիսին չէ, ուղիղ համեմատականներ չեն լինի։ Բայց, ես կրկնում եմ, նույն Սերժ Սարգսյանը փաստորեն այնտեղ է գտնվում։

Երբ մեկ տարի առաջ Արցախում եղան առաջին հակափաշինյանական միտինգները, որոնք անվանվում էին անտիմիտինգ, Սերժ Սարգսյանը Իտալիայում էր։ Նրան շտապ վերադարձրեցին, ուղղաթիռով ուղարկեցին Ստեփանակերտ, և այդ միտինգները երկու օր անց ավարտվեցին։ Կարծում եմ՝ նա հիմա պարտավոր է անել նույնը հանուն Հայաստանի Հանրապետության։

-Եթե հաշվի առնենք ձեր  թվարկած վտանգները, Ռուսաստանը շանս ունի՞ հաջողելու։

-Քաղաքականության մեջ շանսեր միշտ կան, որովհետև մենք չգիտենք, ինչի է պատրաստ Ռուսաստանն այսօր։ 1999 թվականին նրանց հատուկ ծառայությունները տեղական գործակալների ձեռքով կազմակերպեցին պետական հեղաշրջում Հայաստանում։ Նրանք դա անում էին տարբեր երկրներում։ Կարո՞ղ են արդյոք անել հիմա, կարծում եմ՝ ոչ, որովհետև Ռուսաստանն այնքան է թուլացել ու մեկուսացվել՝ հայտնվելով պատժամիջոցների տակ, որ կարծում եմ՝ ամենածայրահեղ միջոցների չի դիմի։

Ամենակարևորը, Հայաստանն արդեն նույնը չէ։ Մենք կդիմադրենք, ուղղակի չպետք է հույսը դնել մեկ անձի վրա, լինի դա Նիկոլ Փաշինյանը, թե այլ անձ։ Պետք է հիշել, որ Հայաստանի իրական ուժը իր քաղաքացիական հասարակությունն է, որը պետք է զարգացնել։ Այդ դեպքում մենք կունենանք հաջողություն, ես շատ ցածր եմ գնահատում Ռուսաստանի հոջողելու շանսերը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am