«Խորհրդարանական ընդդիմության ինստիտուցիոնալ տրոհում եմ կանխատեսում, ինչի պարագայում իշխանությունը դառնալու է ավելի ավտորիտար». Սուրեն Սուրենյանց

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է, որ սեպտեմբերից վերադառնալու է խորհրդարան, բայց՝ իր օրակարգով։ Ինչո՞ւ ընդդիմադիրները նման որոշում կայացրին, ու, ըստ ձեզ, ո՞րն է լինելու նրանց օրակարգը։

– Հռետորական հարցադրմամբ պատասխանեմ՝ կարո՞ղ եմ ենթադրել, որ նրանք խորհրդարանում մեկ տարի ուրիշի օրակարգով էին առաջնորդվում, օրինակ՝ իշխանության։ Տարօրինակ է, որ քաղաքական ուժը պետական թիվ մեկ ինստիտուտում մեկ տարի աշխատելուց հետո նոր հայտարարում է, որ շարունակելու է աշխատելը կամ կարճ դադարից հետո վերադառնում է սեփական օրակարգով․ սա նույնիսկ աբսուրդի ժանրից է։

Երկրորդ՝ գուցե Իշխան Սաղաթելյանը, երբ խոսում է սեփական օրակարգի մասին, նկատի ունի, որ այլևս չեն սպասարկելու, օրինակ՝ Ռուբերտ Քոչարյանի օրակարգը, կարո՞ղ եմ դա էլ ենթադրել, մանավանդ որ հիմա տեսնում ենք ընդդիմադիր այդ երկու խմբակցություններում, կարծես թե, կենտրոնախույս տրամադրություններ են․ «Պատիվ ունեմ»-ը դե ֆակտո գոյություն չունի, իսկ «Հայաստան» դաշինքն այնքան բազմաշերտ ու խայտաբղետ է, որ, ենթադրում եմ, աշնանը այդ դաշինքում լիքը անակնկալներ ենք տեսնելու, ցավոք սրտի, ինստիտուցիոնալ տրոհման տեսքով։

– Նկատի ունեք, որ մանդատներից կհրաժարվե՞ն։

– Մանդատներից հրաժարվել չեմ տեսնում, բայց տեսնում եմ, որ բազմաթիվ փոքր օրակարգեր են ձևավորվելու, օրինակ՝ այնտեղ «Վերածնվող Հայաստան» կա, որ չգիտես ինչի շուրջ է համախմբված, կա Ռոբերտ Քոչարյանի առանձին թիմ, որը թիմ է միայն այն պատճառով, որ Ռոբերտ Քոչարյանը կա, եթե նա չլինի՝ պարզ չէ, թե այդ մարդիկ ինչի շուրջ են համախմբվելու։ Եվ, վերջապես, կա այդ դաշինքի ողնաշարը հանդիսացող Դաշնակցություն։

– Պարո՛ն Սուրենյանց, այսինքն՝ ձեզ համար հասկանալի՞ չէ, թե սեփական օրակարգ ասելով ընդդիմությունն ի՛նչ նկատի ունի։

– Հասկանում եմ իհարկե, թե ինչ նկատի ունի․ երևի մտածում է, որ փողոցի օրակարգը պետք է տանի խորհրդարան։

– Այսինքն՝ վարչապետի հրաժարականը հիմա էլ խորհրդարանո՞ւմ է պահանջելու։

– Այո՛, բայց խորհրդարանն ազատ հարթակ չէ, նկատի ունեմ՝ փողոցից տարբերվում է նրանով, որ եթե հրաժարական ես պահանջում, պետք է սկսես կոնկրետ գործողություններ, օրինակ՝ իմփիչմենթ, իսկ այդ գործընթացը սկսելու որևէ ռեսուրս չեմ տեսնում։

Ընդդիմությունը եթե «ո՛չ թրքացման» տրամաբանությամբ հայտարարություններով կամ նախագծերով հանդես գա, ապա դա հեռանկար չի ունենա, որովհետև եթե չկա փողոցի ճնշում, պարզ է, որ խորհրդարանը ոչ մի նման բնույթի փաստաթուղթ չի ընդունի։

– Իսկ ինչո՞ւ իշխանությունը հրաժարվեց Սահմանադրական դատարան դիմելուց ընդդիմադիրներին պատգամավորական մանդատից զրկելու հարցով, չէ՞ որ նման նախաձեռնությամբ էին որոշել հանդես գալ։

– Չոր քաղաքական հաշվարկ էր. եթե իշխանությունը նման քայլի էր գնում, մեծ էր հավանականությունը, որ մյուս թեկածուները մանդատները չէին վերցնելու, ու այս պարագայում խորհրդարանի ինստիտուցիոնալ ճգնաժամը դառնալու էր ակնհայտ, իսկ մեկ կուսակցությունով խորհրդարան, այսինքն՝ Հյուսիսային Կորեա դառնալու ռեսուրս  Հայաստանը չունի, ինչն անխուսափելիորեն բերելու էր արտահերթ ընտրությունների։ Իշխանության օրակարգում արտահերթ ընտրությունների խնդիր չկար, նրանք շատ արագ հրաժարվեցին այդ գաղափարից։

– Խորհրդարանական աշխատանքներին զուգահեռ ընդդիմությունը խոստանում է նաև, որ փողոցային պայքարն է նոր թափով սկսելու։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ առումով։

– Եթե նույն օրակարգը, քաղաքական նույն նարատիվը, նույն հարթակն է լինելու, զրո արժողություն է ունենալու, որովհետև 21-րդ դարում հնարավոր չէ հաջողության հասնել նախորդ դարերի կարգախոսներով, լաոներին օգնության կանչելով։

– Խորհրդարանի աշնանային նստաշրջանի աշխատանքներն այսքանից հետո ինչպե՞ս եք պատկերացնում։ Ընդդիմություն-իշխանություն համատեղ աշխատանք հնարավոր կլինի՞։

– Ո՛չ, ցավոք սրտի։ Երկու շատ վտանգավոր միտում եմ տեսնում․ առաջինը՝ խորհրդարանական ընդդիմության ինստիտուցիոնալ տրոհում եմ կանխատեսում, երկրորդը, որը բխում է առաջինից, այն է, որ ընդդիմության ինստիտուցիոնալ ու բովանդակային բացի պարագայում իշխանությունը դառնալու է ավելի ավտորիտար։

– Պարո՛ն Սուրենյանց, իշխանափոխություն այս ընդդիմության ձեռամբ կանխատեսո՞ւմ եք։

– Իշխանափոխության նախադրյալներ, որքան էլ պարադոքսալ հնչի, այսօր Հայաստանում չկան, որովհետև, ինչպես տեսնում ենք՝ փողոցում հուզումներ չկան, միջազգային բոլոր գործընկերներն էլ, տարբեր պատճառներով, մեծ սիրով աշխատում են գործող իշխանության հետ։

– Եթե այդպես է՝ ընդդիմությունը դա չի՞ նկատում, թե՞ նկատելով հանդերձ՝ չի խոստովանում իր համակիրներին, որ իրենց խոստացած իշխանափոխությունն իրենք չեն կարող կատարել Հայաստանում։

– Նրանք ունեն երկու փայատեր ղեկավար, մեկը Սերժ Սարգսյանն է, որն այլևս իշխանության վերադառնալու հավակնություն չունի, մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանը, որը քաղաքականությունից ոչինչ չի հասկանում, այսինքն՝ Քոչարյանը, լավ կամ վատ, եղել է պետական գործիչ, բայց պետական գործիչ դառնալու համար նա պարտական է բյուրոկրատիային, օլիգարխիային ու ինտրիգներին, նա դասական քաղաքականությունից ոչինչ չի հասկանում, ու որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ՝ նրա ցանկացած գործ 99%-ով դատապարտված է ձախողման։

– Ստացվում է, որ ընդդիմադիր այդ քաղաքական ուժի մյուս անդամնե՞րն էլ քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում, ինչպես ասում եք, պարո՛ն Սուրենյանց։

– Նրանց ընդդիմադիր համակարգի կառուցվածքն այնպիսին է, որ բացի Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից, ի դեպ, իշխանությունն էլ է այդպիսին, այս բոլոր համակարգերն իրար նման են նրանով, որ որոշում կայացնողները բացառապես առաջին դեմքերն են։

Եթե լրագրողական փոքրիկ հետաքննություն անցկացնեք, կնկատեք, որ ՀՅԴ-ում կան ռացիոնալ բազմափորձ քաղաքական գործիչներ, ես հիմա անուններ չեմ տա, որոնք վերջին ամիսների գործընթացներին շատ պասիվ են մասնակցել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am