«Հայաստանի համար շատ կարևոր է բուհի աշխարհագրական հասանելիությունը, այսինքն՝ որտեղ է այն գտնվում». Սերոբ Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը

Պարո՛ն Խաչատրյան, Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կրթական բարեփոխումներին, ինչպես նաև ակադեմիական քաղաքի կառուցմանը։ Ակադեմիական քաղաքը կկառուցվի Աշտարակում։ Կառավարությունը մտադիր է գնալ բուհերի խոշորացման և որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով, այնպես որ, ունենանք առավելագույնը 8 կոնսոլիդացված պետական բուհ։ Ինչպե՞ս եք գնահատում կրթական բարեփոխումներին միտված այս քայլերը։

Իհարկե առայժմ ոչ մի բան բացված չէ, և ես չեմ կարդացել փաստաթուղթ, որում հիմնավորվի, թե ինչո՛ւ ութ բուհ, և ի՛նչ տրամաբանությամբ է տեղի ունենալու այդ միավորվումը, և ի՛նչ տրամաբանությամբ են բուհերը մնալու Երևանում կամ տեղափոխվելու Աշտարակ։ Այսինքն՝ որոշումը կա, բայց դեռևս չկա այն հիմնավորումը, թե ինչո՛ւ է այդպես արվում, և արդյո՞ք դա լավագույն լուծումն է։

– Որպես հիմնավորում նշվում է, որ միջազգային պրակտիկայում ընդունված է, որ համալսարանները քաղաքից դուրս լինեն, և որ կրթության կազմակերպման տեսանկյունից դա ավելի արդյունավետ կլինի։

– Այստեղ պետք է նաև հաշվի առնել մեդալի երկրորդ կողմը։ Այո՛, զարգացած երկրներում այդ մոտեցումները շատ արդյունավետ են, դրանք հնարավորություն են տալիս ավելի շատ կենտրոնանալ սովորելու վրա։ Բայց Հայաստանի նման պետությունն ունի նաև իր առանձնահատկությունը․ քանի որ ընդհանուր տնտեսական մակարդակը շատ ցածր է, Հայաստանի համար նաև շատ կարևոր է բուհի աշխարհագրական հասանելիությունը, այսինքն՝ որտեղ է այն գտնվում։

Երբ բուհերը գտնվում են Երևանի կենտրոնում, որտեղ կան մետրո, տրանսպորտային այլ միջոցներ, ապա դա շատ նպաստում է, բայց եթե հիմա մենք տանում ենք Աշտարակ, որտեղ ոչ մետրո կա, և ոչ էլ հեշտ է լինելու հասնելը, այստեղ շատ խնդիրներ են առաջանալու, և ոչ միայն ուսանողների համար, այլև շատ դասախոսների, որովհետև, օրինակ՝ մենք այսօր ունենք դասախոսներ, որոնք նախարար են, փոխնախարար, տնօրեն, և քանի որ բուհը Երևանի կենտրոնում է, կարողանում են շաբաթը մեկ-երկու անգամ գալ դասախոսել, բայց եթե մարդն իր աշխատանքը պետք է թողնի և գա հասնի Աշտարակ, կարող է այլևս չուզենա դասավանդել։ Այսպիսի խնդիրներ կան, որոնք պետք է հաշվարկել։

Մեծ բուհերը բավական թանկ են լինելու, և եթե տանում ենք Աշտարակ, պետք է պատրաստ լինենք ֆինանսավորել հսկայածավալ անվճար կամ մատչելի դասախոսական և ուսանողական տրանսպորտ։ Մեր ուսանողների մեծ մասը երևանցի է։ Եվ ամենակարևորը, երբ տեղափոխում ենք, դրանից որակն ինչպես է բարձրանալու։ Այսինքն՝ եթե դասախոսում եմ ոչ թե Երևանի կենտրոնում, այլ Աշտարակում, ինչ երաշխիք, որ ես ավելի որակով կդասախոսեմ։

– Ըստ էության՝ պարզ չէ, թե ի՛նչ ռազմավարությամբ է իշխանությունը կյանքի կոչելու այս ծրագրերը։

– Ռազմավարությունը պարզ է, այսինքն՝ մեր ընդհանուր բուհական համակարգը տրված է շուկայական տրամաբանության, շուկայական տնտեսության։ Եվ շուկայական տնտեսության տրամաբանությունն ասում է, որ եթե ինչ-որ հաստատություններ փոքր են ծավալով, ապա կարելի է դրանք միավորել և ավելի արդյունավետ դարձնել, այսինքն՝ փոխանակ ունենանք 16 ռեկտոր, եկեք ունենանք 8-ը և խնայենք։

Բայց այստեղ նաև հաշվարկված չէ, հայտնի չէ միավորման տրամաբանությունը։ Հայաստանի բուհերի միացումը մեկ խնդիր էլ ունի․ ամեն բուհ մասնագիտացված է մեկ ուղղությամբ, և, օրինակ՝ եթե ցանկանում եք միացնել Բժշկական համալսարանը մեկ այլ համալսարանի հետ, դրանք տարբեր պրոֆիլներ են, և հնարավոր է՝ խնդիրներ առաջանան։ Եվ այնքան էլ հեշտ չի լինելու։ Եվ եթե նույնպիսի ֆակուլտետներ և բուհեր լինեին, գուցե ավելի հեշտ լիներ։

– Թե որքանո՞վ են ռացիոնալ այս փոփոխությունները՝ դեռ պարզ չէ։

Այո, դեռևս չկա այն հիմնավորումը, որ տարբեր ուղղվածությամբ բուհերը մեկ բուհի մեջ միավորելն ավելի արդյունավետ է։

Փաշինյանն անդրադարձավ նաև այս տարվա ընդունելության քննությունների արդյունքներին՝ նշելով, որ այս տարի բուհական ընդունելության տեղերի շուրջ 60 տոկոսը թափուր է մնացել, ընդ որում՝ պետական բուհերում թափուր է մնացել տեղերի ավելի քան 40 տոկոսը, մասնավոր բուհերում՝ շուրջ 98 տոկոսը։ Որքանո՞վ այս փոփոխությունների արդյունքում կարող ենք ունենալ միջազգային չափանիշներին համապատասխանող մրցունակ կրթական համակարգ։

Շատ բան կախված է նրանից, թե ինչպես կիրականացնեն։ Հաճախ այս տեսակի քայլերի ժամանակ կարող ենք շատ վատ ռեֆորմը շատ լավ իրականացնել և շատ լավ ռեֆորմը՝ շատ վատ։ Դրա համար կոնկրետ այս ծրագրով շատ բան կախված է իրականացման որակից և արդյունավետությունից։ Եթե լավ իրականացնեն, հետևողական լինեն իրենց քայլերի մեջ, կարող է լավ արդյունք լինել, բայց եթե ուղղակի թղթեր գրեն, և իրականացնող չեղավ, կսկսեն աշխատել բացասական գործոնները։

Աշտարակում թե Երևանի կենտրոնում չափորոշիչնե՞ր են կարևոր։

Իհարկե տեղն էլ կարող է որոշակի ազդեցություն ունենալ, բայց ամեն դեպքում կրթության որակն ավելի դոմինանտ է։

Մանե Հարությունյան

MediaLab.am