Վստահ եմ, որ եվրոպական կառույցների ջանքերով գերիներ են հայրենադարձվելու. Սիրանուշ Սահակյան

Լուսանկարը՝ Sputnik Armenia

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց ներկայացուցիչ, իրավաբան Սիրանուշ Սահակյանը

Տիկի՛ն Սահակյան, երեկ ադրբեջանական կողմը ՀՀ կողմին է վերադարձրել հինգ հայ ռազմագերիների: Արդյոք Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման արդյունք կարո՞ղ ենք սա դիտարկել՝ հաշվի առնելով այն, որ հանդիպմանը շեշտվել էր ռազմագերիների վերադարձի անհրաժեշտությունը, և ԵՄ-ն էլ արդեն ողջունել է գերիների վերադարձը։

– Այո՛, կապն ուղիղ է, և այստեղ նույնիսկ ենթադրելու անհրաժեշտություն չկա։ Սա հաջորդել է բրյուսելյան հանդիպմանը, և, ըստ էության, դրա շրջանակներում ԵՄ դերի բարձրացմանը միտված փոքր ժեստ է Ադրբեջանի կողմից։ Եվ սա կանխատեսելի էր, որովհետև մենք ապագայում դեռ դիտարկելու ենք ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների լավացումը։

– Ինչպե՞ս եք գնահատում, որ ինչպես միշտ հանրայնացվում են վերադարձվող գերիների անունները:

– Գերիների անունները հանրայնացնելու մեջ խնդիր չեմ տեսնում՝ հաշվի առնելով, որ հաստատված գերիների անուններն էլ են հրապարակայնացվել: Այսինքն՝ այս անձանց գերի լինելու հանգամանքը հայտնի է հանրությանը ավելի վաղ փուլում:

Բայց, կարծում եմ՝ նրանց անձնական տվյալների պաշտպանությունը, նկատի ունեմ՝ արտաքին տեսք և այլն, կարևոր է, որպեսզի հավելյալ ուշադրության և քննարկումների տիրույթում չհայտնվեն, բայց այնքանով, որքանով ցանկանում են պաշտպանել անձնական տվյալները, այդ թվում՝ լուսանկարը:

Սա հիմնականում միջոցառում է՝ կանխելու վերադարձողների նկատմամբ բացասական վերաբերմունքը: Բարեբախտաբար, մեր հասարակության մեջ դա գոյություն չունի, անվտանգային խնդիրներ չկան, իսկ այլ շփումներում արդեն հայրենադարձված գերիներն իրենք պետք է որոշեն, թե ինչպես են դիրքավորվում, որքան են բաց հասարակության հետ իրենց մասնավոր կյանքին առնչվող տեղեկությունները կիսելու հարցում:

– Արդյոք մարդկանց անունները հանրայնացնելը ճի՞շտ է՝ հաշվի առնելով անձնական տվյալների գաղտնիության կարևորությունը, նաև այն, որ հասարակության մեջ շատ հակասական են վերաբերմունքը, կարծիքները:

– Մի փուլ եղավ, երբ գերիներին փորձեցին դավաճան որակել, բայց, կարծում եմ՝ հակադարձ արձագանքը եղավ, և հանրությանը պարզ է, որ այդ անձինք գերեվարվել են հանգամանքների բերումով, և նրանց արարքներում հանցագործություններ չկան:

Բայց, մյուս կողմից՝ առնվազն այս գործընթացներով, երբ պաշտոնականացվել են անունները, արդեն իսկ հանրայնացվել են այս տեղեկությունները: Բոլորս էլ գիտենք Խծաբերդից գերեվարված տղաների անունները, նույնիսկ հրապարակված ցուցակներ կան, և այս պայմաններում հանրությունից պահել, որ հայրենադարձված 4 անձինք այդ խմբից են, մենք որևէ հանրային նշանակության հարց չենք լուծում:

Հետևաբար անձնական տվյալների պաշտպանության հարց այս պահին ես չեմ տեսնում: Մի բան, որ նաև ադրբեջանական կողմն էլ է հանրայնացրել նրանց անունները, այդ թվում՝ դատական գործընթացների շրջանակներում: Այսինքն՝ եթե նույնիսկ մենք մեր հասարակությունից թաքցնենք, միևնույն է՝ դրանք հայտնի են Ադրբեջանում ընթացող դատավարությունների շրջանակում, և յուրաքանչյուր շահագրգիռ հայ կարող է ադրբեջանական մամուլ ուսումնասիրելով ծանոթ լինել անուններին:

– Տիկի՛ն Սահակյան, ի վերջո, քանի՞ գերի մնաց Ադրբեջանում:

– Մենք, բնականաբար, ունեցած 38-ից նվազեցնում ենք 5-ը: Այս պահին կունենանք դեռևս 33 պահվող գերիներ, բայց կան նաև չհաստատված գերիներ, որոնց թիվը 80 է: Կարծում եմ՝ հաջորդ կարևոր քայլը պետք է լինի 80-ի կամ այդ 80-ից որոշ գերիների պաշտոնական հաստատումը:

Այսինքն՝ մեր սպասումներն այն են, որ Ադրբեջանը բանակցային տարբեր ձևաչափում վերադիրքավորվելով կամաց-կամաց ազատ կարձակի պաշտոնականացված 33 գերիներին, սակայն ավելի բարդ խնդիր է 80 գերիներից որևէ մեկին կամ բոլորին հաստատելը: Այստեղ շատ ավելի լուրջ դիվանագիտական ճնշում է անհրաժեշտ:

– Մենք նախօրեին տեսանք, որ համացանցում հերոսացնում էին, հիանում էին թուրքերի դեմ միայնակ դուրս եկած հայորդուն, որը պայքարեց, բայց գերի չընկավ, և այս ֆոնին վերադարձվեցին գերիները: Ինչպե՞ս եք սա գնահատում, և, ընդհանրապես, հասարակությունն ինչպե՞ս պետք է վերաբերվի գերիների զգայուն թեմային:

– Շատ անհատական է, և չեմ կարծում, որ կա համընդհանուր բանաձև: Կարծում եմ՝ դատապարտելի կարող են լինել այն միջադեպերը, երբ թշնամու առաջխաղացումը չկասեցնելով գերեվարմամբ վնասվում են պետական անվտանգային շահերը:

Օրինակ, երբ անձը վայր է դնում զենքը, գերեվարվում է և չի շարունակում այն մարտը, որը կարող էր խափանել թշնամու առաջխաղացումը: Այստեղ մենք, միանշանակ, պետք է ունենանք բացասական վերաբերմունք, քանի որ դա պետության պաշտպանունակության ու անվտանգության հարց է:

Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ անձը միայնակ մնացել է շրջափակման մեջ մեծաթիվ ադրբեջանական ուժերի տիրապետության ներքո և որևէ ռազմական խնդիր չի կարող լուծել, այ սա արդեն շատ անհատական որոշում է. կան մարդիկ, որ նախընտրում են սեփական կյանքը փրկելով վայր դնել զենքը, և կան մարդիկ, որոնք խիզախորեն մինչև վերջ կռվում են՝ գիտակցելով, որ իրենց զոհաբերումով մեծ ռազմական առավելություններ հայկական կողմը չի կարող ստանալ, բայց նախընտրում են մինչև վերջ պայքարել հայրենիքի համար:

Կարծում եմ՝ երկու դեպքում էլ դիլեմա գոյություն ունի, և դժվար է ասել, թե մեզնից յուրաքանչյուրը, եթե այդ իրավիճակում լինի, ավելի շուտ կոտնձգի՞ սեփական կյանքի դեմ, օրինակ՝ պայթեցնելով իրեն և թշնամու մեկ զինվոր, թե՞ կփորձի փրկել սեփական կյանքը, ինչու չէ, նաև հետագա գործունեությամբ նպաստ ունենալով երկրի կառուցմանը, պետականաշինությանը և այլն:

Ես նաև համոզմունք ունեմ, որ շատ հայրենադարձված գերիներ ունեն հայրենասիրական դաստիարակություն և իրենց հետագա գործունեությամբ փորձելու են օգտակար լինել երկրին և առավելություններ ստանալ Ադրբեջանի նկատմամբ։ Սա, կարծում եմ, սա շատ բարդ դիլեմա էր, և համընդհանուր բանաձև չեմ կարող առաջարկել։

 – Առաջիկայում կարո՞ղ ենք ակնկալել ռազմագերիների վերադարձ ԵՄ-ի կամ ՌԴ-ի աջակցությամբ։ Ո՞ր կողմն է ավելի արդյունավետ աշխատում։

– Մենք տեսնում ենք, որ հետպատերազմյան վաղ փուլում ավելի մեծացել էր ռուսական ակտիվությունը, և ամբողջովին դուրս էր մղված եվրոպական կողմը, և սկզբնական մեծաքանակ հայրենադարձումները հնարավոր են եղել շնորհիվ ռուսական կողմի։

Հետագայում մուտք գործեցին արևմտյան կառույցները, և նրանց ջանքերով ևս հնարավոր եղավ հայրենադարձումը։ Այս երկու խաղացողներն էլ շարունակում են մնալ բանակցային գործընթացում, և կախված հետագա ընթացքից և դերակատարումից, կարծում եմ, երկու կողմն էլ ունի պոտենցիալ հայրենադարձնելու որոշ ռազմագերիների։

Վստահ եմ, որ եվրոպական կառույցների ջանքերով գերիներ են հայրենադարձվելու։ Նրանց հնարավորություններն ավելի սահմանափակ են արցախյան հիմնախնդրի սուր կողմերը հարթելու գործում, որովհետև ունեն համընկնող շահեր Ադրբեջանի հետ, բայց գոնե այս ֆոնին, երբ կսպասարկեն այլ առումներով ադրբեջանամետ շահեր, կարծում եմ, ավելի շահագրգիռ են դառնալու մարդասիրական խնդիրներ լուծելու հարցում, որպեսզի փորձեն հավասարակշռել և չունենան հեղինակության կորուստ հայ հասարակության շրջանում։

Կարծում եմ՝ մարդասիրական խնդիրների հարցում կփորձեն ավելի ինտենսիվ գործել եվրոպական կառույցները։

Մանե Հարությունյան

MediaLab.am