«Եվրոպական երկրի մայրաքաղաքին անհրաժեշտ են եվրոպական մակարդակի մարդիկ, ինչպիսին Ռուբեն Հախվերդյանն է». Տիգրան Խզմալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը

– Պարո՛ն Խզմալյան, օրերս դուք հայտարարել էիք Երևանի ավագանու կամ քաղաքապետի ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին: Հստա՞կ եք որոշել մասնակցել ընտրություններին:

– Ես կարծում եմ՝ ցանկացած կուսակցություն պարտավոր է մասնակցել բոլոր ընտրություններին, որովհետև դա մեր հասունության յուրահատուկ քննությունն է, դա մեր քաղաքական ստուգարքն է: Ոչ մի զարմանալի բան չկա, այո՛, Եվրոպական կուսակցությունը, որը ցանկանում է Եվրոպայում տեսնել Հայաստանը, պետք է սկսի մայրաքաղաքից:

– Դուք քաղաքապետի պաշտոնում առաջադրել եք հեղինակային երգի կատարող Ռուբեն Հախվերդյանին: Ինչո՞ւ նման որոշում կայացրեց ձեր ղեկավարած կուսակցությունը:

– Որովհետև քաղաքապետը թիմն է և ոչ թե անձը, իսկ թիմը պետք է լինի տեխնոկրատների թիմ, որտեղ պետք է լինեն աղբահանության, տրանսպորտի, այն ամենի մասնագետներ, ինչն անհրաժեշտ է քաղաքին:

Սակայն Երևանը կարիք ունի եվրոպական քաղաքակրթական չափանիշի, և ես չգիտեմ մեկ այլ մարդու, որն այդ առումով կարող է համեմատվել Ռուբեն Հախվերդյանի հետ, ոչ թե որպես տնտեսվար, տնտեսագետ, իհարկե ո՛չ: Ռուբենը ազնվության, անկեղծության, սրտացավության, հայրենասիրության և քաղաքակրթության խորհրդանշան է:

Ռուբեն Հախվերդյանը մեր ընկերն է, ինչպես նաև 2021-ին մեր ցուցակով մասնակցել է խորհրդարանական ընտրություններին և ասաց, որ ինքը կարող է լինել Երևանի քաղաքապետի թեկնածու: Ասաց՝ կանեմ: Կանի-չի անի՝ այլ հարց է, բայց մենք առաջարկել ենք:

– Ասում եք՝ տեխնոկրատների թիմ է անհրաժեշտ Երևանին, կարծում եք Ռուբեն Հախվերդյանը տեխնոկրա՞տ է:

– Ո՛չ, ո՛չ, ես ասում եմ՝ տեխնոկրատների թիմ է պետք, իսկ այդպիսի թիմ մենք իրեն կապահովենք: Նրան մենք դիտում ենք որպես խորհրդանշան: Նա տեխնոկրատ չէ, բայց նա հենց այն խորհրդանշանն է, որով մենք կարող ենք առաջնորդվել:

– Ձեր կուսակցությունն ունի՞ այդ թիմը, ովքե՞ր են նրանք:

– Ես հիմա բանավոր խոսակցության մեջ պատրաստ չեմ թվարկել մարդկանց, որովհետև դրանք էկոլոգներ են, ինժեներներ են, բիոքիմիկոսներ են, տրանսպորտի մասնագետներ և այլն, և այլն: Բնականաբար, մենք թիմ ունենք, հիմա էլ շարունակում ենք աշխատել մարդկանց հետ, որոնք ցանկանում են օգնել մեզ, և դրանք երիտասարդներ են արտասահմանից, որ ստացել են փայլուն կրթություն և անհրաժեշտության դեպքում պատրաստ են գալ ու աշխատել Հայաստանում: Քաղաքապետի թեկնածուն՝ ի դեմս Ռուբենի, ձգողության կենտրոն է դառնալու: Ռուբենը ընդամենը խորհրդանշան է, մեր նպատակների, սպասելիքների ու պատկերացումների չափանիշ:

– Պարո՛ն Խզմալյան, մեկ տարի կա երևանյան ընտրություններին, մի քիչ շուտ չէ՞ ձեր ակտիվությունը:

– Իհարկե շուտ է, բայց դա ուներ հստակ պատճառներ. բոլորս ենք տեսնում, թե ինչ թեկնածուներ են առաջադրում ուրիշ կուսակցություններ, որոշեցինք չափանիշ դնել: Ի վերջո, մենք լուրջ պետք է վերաբերվենք մեր երկրին: Շատերին թվում է, թե Ռուբենի թեկնածությունը անլուրջ է, բայց դա մեր լրջության նշանն է, կարծում ենք, որ եվրոպական երկրի մայրաքաղաքին անհրաժեշտ են եվրոպական մակարդակի մարդիկ, միջազգային հեղինակություն ունեցող երևույթներ, և Ռուբենը հենց այդպիսի երևույթ է:

Բնական է, մենք նրան չենք տեսնում որպես տրանսպորտային խնդիրների ու աղբահանության մեծ մասնագետ, բայց մենք հասկանում ենք, որ թիմը հավաքվում է ինչ-որ գաղափարի, ինչ-որ խորհրդանշանի շուրջ: Իսկ Ռուբենին մենք դիտում ենք որպես այդպիսի խորհրդանշան: Քաղաքակրթության խորհրդանշան:

– Այս պահին միայն իշխող ուժն է կարծես հստակ թեկնածու հայտարարել, և դա Տիգրան Ավինյանն է: Նա առաջիկայում նշանակվելու է Երևանի փոխքաղաքապետ: Անհավասար պայմաններ չե՞ք տեսնում:

– Կա նաև Նատալյա Ռոտենբերգի թեկնածությունը:

– Այո՛, այո՛, ճիշտ եք:

– Այնպես որ, իրավիճակն ավելի բարդ է, քան կարող է թվալ: Մենք ոչ թե անպայման ուզում ենք մրցակցության մեջ մտնել բոլորի հետ, մենք պարզապես ուզում ենք ցույց տալ, թե ինչպես պետք է վերաբերվել Երևանին՝ որպես քաղաքի ու Հայաստանին՝ որպես քաղաքակրթության: Մենք ուզում ենք ցույց տալ, թե ինչպիսի մարդիկ ու ինչպիսի չափանիշներ են պետք:

– Պարո՛ն Խզմալյան, փոքր-ինչ ուտոպիստական չե՞ն ձեր խոսքերը, գաղափարները, հայտարարությունները, վերացական չե՞ն դրանք:

– Ուտոպիստակա՞ն էր արդյոք Վլադիմիր Զելենսկու ընտրությունը Ուկրաինայի նախագահի պաշտոնում: Ոչ իհարկե: Հիշում եք՝ ով էր նա, ինչ-որ դերասան, կատակերգու, և հանկարծ նա դառնում է ողջ աշխարհի, միջազգային քաղաքականության և բռնապետության դեմ պայքարի խորհրդանշանը:

Ո՞վ կարող էր ասել, որ մեկ-երկու տարի կամ նույնիսկ մի քանի ամիս առաջ այդ դերասանը կարող է լինել այդպիսի քաղաքական դեմք: Այնպես որ, ուտոպիստական չեմ համարում: Ճիշտ հակառակը, ինձ ուտոպիստական են թվում հանրահայտ կամ վարկաբեկված մարդկանց ամբիցիաները, որոնք հավակնում են ղեկավարել մեր մայրաքաղաքը:

– Քաղաքապետի պաշտոնում Ռուբեն Հախվերդյանին առաջադրելու մասին հայտարարությունից հետո հանրության մի մասը հիշեց Արթուր Մեսչյանին, որը նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ եկել էր քաղաքային իշխանություն, շատ արագ «փչացավ» ու նույնքան արագ էլ հեռացավ: Ըստ ձեզ՝ չկա՞ն համեմատության եզրեր:

– Նախ՝ Արթուր Մեսչյանն իմ ազգականն է, մտերիմը, երկրորդը՝ նա ճարտարապետ էր, և նա ոչ թե քաղաքականություն մտավ, այլ իր ճարտարապետական հմտությունները գործի դնելով փորձեց շտկել խնդիրները:

Պարզվեց՝ միասնական թիմ չկար, նրա շուրջը չստեղծվեց գաղափարների, համախոհների թիմ, ու նա մնաց միայնակ: Բայց ինչ է նշանակում՝ փչացավ: Ի՞նչը փչացավ:

– Հեղինակությունը, դե, օրինակ՝ խոստացավ ծրագրեր, չիրագործվեցին, պատմամշակութային շինություններ չվերականգնվեցին և այլն:

– Ի՞նչ է՝ կաշա՞ռք էր վերցրել, անազնիվ բա՞ն էր արել, մա՞րդ էր սպանել: Նրա հեղինակության մասին բարձրաձայնում են բացարձակ վարկաբեկված, նաև՝ քրեական տարրեր:

Իսկ խոստումները չիրականացրեց, որովհետև թույլ չտվեցին իրականացնել: Նա չուներ թիմ, և դրա համար մենք հիմա թիմ ենք առաջարկում:

Ռուբեն Հախվերդյանը ոսկե բանալի չէ, այլ ընդամենը թիմ բերող խորհրդանշան: Եվրոպական կուսակցությունը պատրաստվում է Հայաստանը դարձնել եվրոպական երկիր, Երևանը՝ եվրոպական քաղաք:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am