Էրեբունիում անկարգությունների գործով ձերբակալվել են Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը 

Էրեբունիում անկարգությունների գործով ձերբակալվել են Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը 
Էրեբունիում անկարգությունների գործով ձերբակալվել են Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը 

Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով ձերբակալվել է 5 անձ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Պաշտոնական հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։

Մշակվել է քննչական պլան, ստեղծվել քննչական խումբ և ըստ դրվագների՝ կատարվում է բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն, միջոցներ ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Նախաքննության ընթացքում ներբեռնվել և քրեական գործին են կցվել ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսագրությունները, ինչպես նաև՝ դեպքին առնչվող մամուլում կատարված հրապարակումները, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ոստիկանության ստորաբաժանումներին։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 5 անձ՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանը, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս.Սահակյանը, 1995 թ. ծնված Գ.Համբարձումյանը, 1988 թ. ծնված Գ.Խաչատրյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։

Լուսանկարը՝ araratnews.am