«Հայաստանը, առնվազն ֆորմալ առումով, շարունակելու է մնալ Ռուսաստանի դաշնակիցը ու ՀԱՊԿ-ի անդամ երկիր». Տիգրան Գրիգորյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը

– Պարո՛ն Գրիգորյան, Նիկոլ Փաշինյանը ստեղծված իրավիճակի ելքը համարում է Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը։ Սա իրենից ի՞նչ է ենթադրում, հնարավոր ռիսկերը որո՞նք կարող են լինել, և որքանո՞վ է այդ առաջարկն այս փուլում իրատեսական։

Դժվար է ինչ-որ բան ասել։ Ավելի համապարփակ ինչ-որ պատկերացումներ պետք է լսենք, թե իրենք ինչ են պատկերացնում նմանօրինակ առաքելության մասին խոսելիս։ Ես այդ ոլորտի մասնագետ չեմ, որպեսզի ինչ-որ մեկնաբանություններ անեմ, բայց պետք է նշել, որ դժվար թե նույն Ռուսաստանը ողջունի այս հայտարարությունը կամ որևէ քայլ անի այդ ուղղությամբ, ու, կարծում եմ, արժի ակնկալել որոշակի հակազդեցություն հենց Մոսկվայից այս գործընթացում։

– Նկատի ունեք սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայման գործընթացո՞ւմ։

– Այո՛։

– Վարչապետը գործադիրի նիստին հայտարարեց, թե Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Հայաստանին ոչ մի երկիր զենք չվաճառի, անգամ նշեց, որ նախապես գումարը վճարել են, բայց զենքի մատակարարում մինչ այս պահը չի եղել, անգամ դաշնակից պետության կողմից, և, ըստ նրա, այդ ամենն ուղղված է Հայաստանի անկախության ու ինքնիշխանության դեմ։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը սլաքներն ուղղեց նաև Ռուսաստանի Դաշնության դեմ, ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, և, ձեր դիտարկմամբ՝ իսկապե՞ս Ռուսաստանը գործում է Հայաստանի դեմ։

– Ես այդքան հեռուն գնացող մեկնաբանություններ կամ եզրահանգումներ չեմ անի, պարզ է իհարկե, որ ակնարկը Ռուսաստանին է ուղղված: Իմ ունեցած տեղեկություններով ևս, մինչև Փաշինյանի ելույթը, այո՛, կա այդպիսի իրավիճակ, որ Ռուսաստանի հետ պայմանագիր է ստորագրվել զենքի վաճառքի մասով, նույնիսկ գումար է վճարվել, ինչի մասին ևս խոսեց Փաշինյանը, սակայն զենքի մատակարարում չի եղել, բայց, իմ ունեցած տեղեկություններով, ռուսական կողմը վերջերս հայկական կողմին հայտնել է, որ այդ մատակարարումները կարող են լինել միայն երկու տարի հետո: Այնուամենայնիվ, չեմ կարծում, թե սա Ադրբեջանի լոբբինգի կամ ազդեցության հետևանք է։

Այս խնդիրները առաջին հերթին պայմանավորված են ռուս-ուկրաինական պատերազմով, ինչի պատճառով Ռուսաստանը ևս զենքի պակաս ունի: Իհարկե նշվում է, որ այդ պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2021 թվականին, ու մինչև ուկրաինական պատերազմը նույնիսկ առաջին մատակարարումները չեն եղել, բայց ես այս գործընթացում ադրբեջանական գործոնի դերը մինիմալ եմ համարում։

– Այդ դեպքում ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը նմանօրինակ հայտարարություններ անում, և որո՞նք կլինեն այս հայտարարությունների հետևանքները Հայաստանի համար։

– Հայտնի փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ չափով հակված է դավադրապաշտական վերլուծություններ անելու, դրա բազմաթիվ օրինակներ կան իր հրապարակային ելույթներում, ինչպես նաև տարբեր փակ հանդիպումներում արտահայտած կարծիքներում։

Երբ բավականաչափ ինֆորմացիայի չես տիրապետում ու փորձում ես սեփական ձախողումների համար արդարացումներ փնտրել, մշտապես կարելի է նմանօրինակ գլոբալ դավադրության վերաբերյալ եզրահանգումների գալ։ Չեմ կարծում, թե ինչ-որ լուրջ հետևանքներ լինելու են, կարծում եմ՝ Ռուսաստանում ևս արդեն հարմարվել են նման հայտարարություններին և այլևս առանձնակի ուշադրություն չեն դարձնում։

– Պարո՛ն Գրիգորյան, չնայած միջազգային հանրության հասցեական հայտարարություններին՝ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարը։ Ադրբեջանի նպատակն այս փուլում ո՞րն է։

– Ադրբեջանը փորձում է ուժային ճնշման միջոցով հասնել իր կարևորագույն նպատակներին, որոնցից կարելի է երկուսը առանձնացնել․ այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի կողմից, ինչպես նաև Հայաստանի տարածքով դե ֆակտո միջանցքի տրամադրումը Բաքվին՝ Նախիջևանի ու Թուրքիայի հետ կապն ապահովելու համար։

Կարծում եմ՝ Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է վերջնագրերի լեզվով, և այդ վերջնագրերը չկատարելու դեպքում առկա է բավականին լուրջ էսկալացիայի վտանգ։ Միջազգային հանրության հայտարարությունները, ինչպես նաև նույն ԱՄՆ-ի ակտիվ դիվանագիտական աշխատանքները իհարկե կարևոր են, բայց մինչև Ալիևը չգիտակցի, որ իր քայլերը լուրջ հետևանքներ կարող են ունենալ հենց իր համար, չեմ կարծում, թե այդ հայտարարությունները որևէ կերպ կարող են զսպել նրան։

– Իսկ այդ վերջնագրերը չկատարելու այլընտրանք ունի՞ Հայաստանի իշխանությունը։

– Դժվար է ասել, եթե հետևենք Նիկոլ Փաշինյանի տարբեր հայտարարություններին, կարծես թե նույն միջանցքի հարցում պատրաստ է նույնիսկ կորուստների գնով չգնալ ինչ-որ փաստաթղթի ստորագրման։

Դժվար է նաև գնահատել, թե որքանով է դա ճիշտ կամ սխալ որոշում։ Ամեն դեպքում, որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնել նաև առկա խնդիրներն ու ունեցած հնարավորությունները։

– Պարո՛ն Գրիգորյան, ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր են առաջարկում նախկին նախագահներից առաջինն ու երկրորդը, համենայնդեպս, հայտնի է դեռ նրանց տեսակետը։ Արված երկու առաջարկներից ո՞րն եք ավելի իրատեսական համարում։

– Չեմ կարծում, թե հնչեցված առաջարկներից որևէ մեկը իրատեսական է։ Երկու նախագահն էլ ճիշտ գնահատական են տալիս իրավիճակին, բայց Տեր-Պետրոսյանի մոտ, չգիտես ինչու, կա հավատ ինչ-որ պայմանագրային պարտավորությունների նկատմամբ, այսինքն՝ չկա գիտակցում, որ ստեղծված իրավիճակի պատճառն այն չէ, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, պատճառը տարածաշրջանում ուժերի լուրջ դիսբալանսի խնդիրն է, ու քանի դեռ դա շարունակի գոյություն ունենալ, Ադրբեջանին որևէ բան չի կանգնեցնելու։

Ռոբերտ Քոչարյանի գնահատականը ևս անհասկանալի է, այսինքն՝ որոշակի առաջարկներ կան, որոնց կարելի է համաձայնել, օրինակ՝ Իրանի հետ համագործակցության սերտացումը, բայց այն պնդումը, թե «Արցախի ապագան Հայաստանի ու Արցախի բնակչության ձեռքում է», մի քիչ պոպուլիստական է։ Շատ ավելի լուրջ գործոններ ու խնդիրներ կան այս փուլում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am