«Հայաստանը կամազուրկ պետության է վերածվել Փաշինյանի օրոք, դրա համար էլ չի կարողանում որևէ մեկին նախապայման առաջադրել». Հակոբ Չաքրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը

Պարո՛ն Չաքրյան, Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի առանցքային կետերի շուրջ, ու հիմա մնում է դրանք կյանքի կոչել։ Խնդրում եմ ասեք, ըստ ձեզ՝ այդ պայմանագրի բովանդակությունը համապատասխանո՞ւմ է ադրբեջանական կողմի արդեն հայտնի պահանջներին, որ թուրքական կողմն այդ մասին հայտարարում է։

– Պրահայում տեղի ունեցած հանդիպումից հետո Էրդողանն իր ելույթի ժամանակ մի քանի դիտարկումներ էր արել, որ, ընդհանուր առմամբ, հանդիպումն անցել է դրական մթնոլորտում, ասել էր նաև, որ իրենք Հայաստանին նախապայման չեն առաջադրում, բայց եթե Հայաստանը ստորագրի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, այլևս որևէ խնդիր չեն ունենա Հայաստանի հետ, իսկ սա ոչ այլ ինչ է, քան նախապայման։

Այս նախապայմանն այնպես է ներկայացնում, իբր մի բան էլ մեզ լավություն է անում, թե կնպաստեն տարածաշրջանում խաղաղությանը, կարծես իրենք չէին 44-օրյա պատերազմի ժամանակ վարձկան ահաբեկիչներով պայքարում մեր դեմ։

Բացի այդ, նա բազմիցս է հայտարարել, որ իրենք Ադրբեջանի կողքին են, ու իրենց քայլերը համաձայնեցվում են Ադրբեջանի հետ։ Համաձայնագիր կնքելուց կամ դրա վերաբերյալ քննարկումներ սկսելուց առաջ պետք էր մտածել, որ մինչ օրս դեռ ռազմագերիներին չեն վերադարձրել, հստակ չգիտենք անհետ կորածների թիվը, մեր տարածքային ամբողջականությունն է խախտվել, ու դեռ ամբողջական թիվն էլ չգիտենք, թե քանի կիլոմետր է օկուպացրել Ադրբեջանը։

Այս իրավիճակում փոխանակ մենք նախապայմաններ առաջադրենք, Թուրքիան է առաջադրում ու մի բան էլ միջանցք է պահանջում։ Ի՞նչ միջանցքի մասին է խոսքը, եթե հարաբերությունները կարգավորվեն, կոմունիկացիաների ապաշրջափակում չէ՞ր լինելու։ Հայաստանը նախ այդ հարցերը պետք է կարգավորի, նոր պայմանագրի մասին խոսի․ ի՞նչ պայմանագիր, 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական զորքը քանի՞ անգամ է ներխուժել մեր տարածք, քանի՞ տասնյակ զոհեր ենք տվել։

Ինչո՞ւ Հայաստանը ձեր այդ ասած նախապայմանները չի առաջադրում Թուրքիային։

– Որովհետև Հայաստանը կամազուրկ պետության է վերածվել Փաշինյանի օրոք․ այնքան շնորհակալություն, երախտագիտություն հայտնեց Պուտին կոչված տականքին, այնքան ասաց, որ Հայաստանը հավատարիմ է իր դաշնակցին, ի՞նչ դաշնակից, Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ, Դուգինն է ասել՝ Ռուսաստանի համագործակցությունը Թուրքիայի հետ հոյակապ է ընթանում, դա առավելագույնս դրսևորվեց 44-օրյա պատերազմի ընթացքում։

Պարո՛ն Չաքրյան, համակարծի՞ք եք այն տեսակետներին, որ այս պահին, անկախ արդյունքներից, միևնույն է՝ Հայաստանը պետք է բանակցի և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հետ, որովհետև եթե չլինեն ուղիղ բանակցություններ, պատերազմի ռիսկն ավելի կմեծանա։

– Բայց շատ կներեք՝ 44-օրյա պատերազմից հետո ձեռք բերված եռակողմ հայտարարության կետերից Պուտինն ինչ ասաց, Հայաստանը կատարեց, չէ՞, իսկ ինչո՞ւ Ադրբեջանը չի կատարում։ 44-օրյա պատերազմից հետո քանի-քանի զոհ տվեցինք, պատերազմը վերջացա՞վ, այսքանից հետո դու գնում ես շնորհակալությո՞ւն հայտնում, հավատարմության երդո՞ւմ տալիս, այն էլ՝ Ստրասբուրգում։

– Ձեր դիտարկմամբ՝ ի վերջո, Հայաստանը կստորագրի՞ այդ պայմանագիրն Ադրբեջանի ցանկացած տարբերակով։

– Ես հույս ունեմ, որ չի ստորագրի։

Իսկ եթե ստորագրի, դա Հայաստանի ու Արցախի համար ի՞նչ կնշանակի։

– Դե, Արցախ արդեն գոյություն չունի, դարձել է ռուսական զորանոց։ Բնակչության մեծ մասն այստեղ է, Արցախում մնացել են Վիտալիկի ու Արայիկի նման թափթփուկները և միլիոնատեր գեներալները, որոնք եֆրեյտոր չդարձած՝ միանգամից գեներալ են դարձել: Մտածել, որ նրանք Արցախի մասին հոգ կտանեն՝ իրատեսական չէ, նրանց ուշքն ու միտքը գողանալն է, Պուտինին ծառայելը՝ ի վնաս սեփական ժողովրդի։

Մինչև այդպիսի տականքներից չձերբազատվենք, նաև Հայաստանում գործող ղարաբաղյան կլանի ներկայացուցիչներից, մենք ո՛չ ինքնիշխանություն կունենանք, ո՛չ էլ անկախություն։

Պարո՛ն Չաքրյան, եթե այդ պայմանագիրն ի վերջո այս կամ այն բովանդակությամբ ստորագրվի, որքանո՞վ է երաշխավորված, որ տարածաշրջանում իսկապես խաղաղություն կհաստատվի։

– Այնպիսի ոխերիմ թշնամիներ, ինչպիսիք են Ադրբեջանն ու Թուրքիան են, Ռուսաստանն էլ՝ հետները, ի՞նչ երաշխիքներ եք ուզում, միշտ էլ կլինեն սադրանքներ։ Բնական է, որ կպարտադրեն Հայաստանին այդ պայմանագիրը ստորագրել, մանավանդ որ հետևողական քաղաքականություն, այսինքն՝ քաղաքականություն էլ չկա, որ հետևողական լինեն, խոսքս Հայաստանի իշխանությունների մասին է, միայն Պուտինին հավատարմություն ու շնորհակալություն հայտնելու մեջ են հետևողական։

Այս ամենով, փաստորեն, Փաշինյանն օրինականացնում է Պուտին կոչված հայատյաց տականքի բոլոր չարանենգություններն ընդդեմ հայերի։

Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրի, առանց գերիներին վերադարձնելու, անհետ կորածների թիվը ճշտելու, ադրբեջանական զորքերին առանց ելման կետ վերադարձնելու, ինքնաբերաբար կօրինականացնի նաև Ադրբեջանի ոտնձգությունները և, իհարկե, Թուրքիայի նկրտումները: Նկատի ունեմ այն, որ Էրդողանը 44-օրյայի ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիան այս պատերազմին մասնակցում է, որպեսզի վերջնական ավարտին հասցնի 1915-ին երիտթուրքերի կիսատ թողած գործը։ Այսպիսի մեկի հետ բանակցության սեղանի շուրջ նստելը ո՞րն է, ես չեմ հասկանում, նախ պետք է պահանջել, որ դրա համար ներողություն խնդրի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am