«Մնացած բոլոր հարցերում մեզ անտեսում են, հանկարծ իշխանությունների PR ակցիային պետք է գնանք մասնակցե՞նք». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը

– Սրբազա՛ն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրաժարվել է մասնակցել Համաշխարհային հայկական գագաթնաժողովին, որը պետք է կայանա Երևանում հոկտեմբերի վերջին: Արդյոք Եկեղեցին չպե՞տք է մասնակցեր այդ կարևորագույն համահայկական միջոցառմանը, որին շուրջ 600 մարդ է մասնակցելու աշխարհի տարբեր ծայրերից:

– Դա ի՞նչ կարևորագույն միջոցառում է, իրենք իրենց համակիրներով հավաքվել են, որպեսզի, չգիտեմ՝ ջան ասեն, ջան լսեն: Դա դարձավ կարևորագույն միջոցառո՞ւմ: Եթե Եկեղեցին չի մասնակցում մի միջոցառման, դա չի կարող կարևորագույն լինել:

– Բայց Եկեղեցին հրավիրված է, ուղղակի նպատակահարմար չի գտնում մասնակցել:

– Եթե Եկեղեցին իր ամբողջության մեջ՝ Վեհափառի գլխավորությամբ, նպատակահարմար չի համարել մասնակցել, ուրեմն դա քննարկման նյութ չէ:

– Արդյոք հիմնավո՞ր է, որ եթե քաղաքական ուժերից մեկը՝ ՀՅԴ-ի որոշ ներկայացուցիչներ, չեն լինելու գագաթնաժողովին, այդ պատճառաբանությամբ մերժել հրավերը:

– Ո՞վ ասաց՝ քաղաքական ուժի պատճառով է: Օրվա իշխանությունը ոչ մի հարաբերություն չի պահում Եկեղեցու հետ, մենք ինչո՞ւ պետք է մասնակցենք իրենց PR ակցիային, դա իրենց PR ակցիան է: Մնացած բոլոր հարցերում մեզ անտեսում են, հանկարծ իրենց PR ակցիային պետք է գնանք մասնակցե՞նք:

– Բայց դա իշխանությունների PR ակցիա՞ն է, թե Հայաստան-սփյուռք համահայկական համաժողով:

– Իհարկե իրենց PR ակցիան է, իրենք հրավիրել են այն անհատներին, որոնք իրենց համակրում են, կամ իրենք են նրանց համակրում: Իսկ Եկեղեցու ներկայությունը հավելյալ լեգիտիմություն պետք է տար իրենց PR ակցիային, ինչո՞ւ մասնակցենք:

– Բայց այսպես անջրպետը Եկեղեցու և իշխանության միջև ավելի չի՞ խորանում:

– Թող իրենք մտածեն այդ մասին, կարո՞ղ է իրենք ավելի մնայուն են, քան մենք: Իրենք գնայուն են, մենք մնայուն ենք:

– Վերջին շրջանում կարծեք թե սառույցը որոշակի առումով հալվել էր:

– Որովհետև Եկեղեցին միշտ պատրաստ է ցանկացած իշխանության հետ լեզու գտնելու: Բայց երբ իրեն անտեսում են, չի կարող գնա ինչ-որ դեկորացիայի ներկա լինի: Եկեղեցին իր կշիռը գիտի, իր տեղը գիտի: Եկեղեցին դիմացինին էլ է հարգում, իրեն էլ է հարգում:

– Նախկինում Եկեղեցին միշտ իշխանությունների կողքին կանգնած էր:

– Այդ իշխանություններն էին Եկեղեցու կողքին կանգնած: Նախկին իշխանությունները, ինչքան էլ թերություններ ունենային, Եկեղեցուն չէին անտեսում և Եկեղեցու կարծիքը հաշվի էին առնում: Իսկ սրանք մնայուն կերպով անտեսում են, հետո հանկարծ PR ակցիա են անում, ասում են՝ դե եկեք դուք էլ մասնակցեք:

– Իսկ եթե սփյուռքից բոլոր քաղաքական ուժերը ներկայացված լինեին, արդյոք էդ դեպքո՞ւմ էլ պետք է սա համարեիք PR ակցիա և չմասնակցեիք:

– Եթե բոլոր ուժերը որպես կառույցներ հրավիրված լինեին, անշուշտ PR ակցիա չէր լինի: Բայց եթե նույն վերաբերմունքն ունենար իշխանությունը Եկեղեցու հանդեպ, շատ հնարավոր է, որ Եկեղեցին նույն մոտեցումը ցուցաբերեր ու չմասնակցեր:

– Հայրենիքի համար օրհասական այս պահին չպե՞տք է նման անջրպետները հարթվեն, Եկեղեցին չպե՞տք է աներ այդ քայլը:

– Մենք միշտ պատրաստ ենք անջրպետը փակելու, բայց մենք չենք կարող խնդրողի, աղաչողի դերում լինել: Դա պահանջ է, անհրաժեշտություն է, որպեսզի իշխանությունները համագործակցեն Եկեղեցու հետ և Եկեղեցին՝ իշխանությունների հետ: Բայց հո Եկեղեցին չի՞ աղաչելու, պաղատելու դրա համար:

– Կարո՞ղ ենք փաստել, որ իշխանություն-Եկեղեցի խոր անջրպետ է գոյացել:

– Հիմա խորն է, թե խորը չէ՝ դուք որոշեք, ես ի՞նչ իմանամ:

– Իշխանություն ներկայացուցիչներն ասում են, որ խոր անջրպետ չկա, մենք հանդիպումներ ենք ունենում Եկեղեցու ներկայացուցիչների հետ:

– Ի՞նչ հանդիպում ենք ունենում: Հանդիպում ենք, քաղաքավարի բարև ասում ենք, դա կոչվում է հանդիպո՞ւմ: Դու այդպես ամեն օր հանդիպում ես կողքիդ հարևանին, բարևում ես, բարև ես առնում: Դա նշանակում է՝ համագործակցո՞ւմ ես: Դուք համագործակցությունը հասկանում եք բարև տալու, բարև առնելու իմաստո՞վ: Իշխանության ներկայացուցիչներն ինձ հարգալից բարևում են, ես էլ իրենց եմ բարևում: Եթե դա համագործակցություն է, ուրեմն համագործակցում ենք, փաստորեն անջրպետ չկա, ինչի՞ մասին եք խոսում:

– Ստացվում է՝ ճի՞շտ եք գնահատում Եկեղեցու քայլը՝ չմասնակցել համահայկական գագաթնաժողովին:

– Միանշանակ:

Մանե Հարությունյան

MediaLab.am