«Արդյոք դատախազությունը վստա՞հ է, որ Պողոս Պողոսյանի քրեական գործը առաջ կգնա՝ հաշվի առնելով վաղեմության ժամկետը». Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

– Տիկի՛ն Ալեքսանյան, դատախազությունը հայտարարություն է տարածել, որ նախաձեռնվել է քրեական վարույթ 2001 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Առագաստ» սրճարանի զուգարանի միջանցքում Պողոս Պողոսյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով փորձագետների կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու փաստով: Ինչպե՞ս եք գնահատում։ Արդյոք սա կարո՞ղ ենք դիտարկել որպես նոր դատախազի աշխատանքի առաջին «պտուղներ»։

Չեմ դիտարկում որպես առաջին «պտուղներ», ես մտածում եմ՝ ինչպե՛ս են այդ քրեական գործն առաջ տանելու, քանի որ դեպքից անցել է տևական ժամանակ, իսկ գոյություն ունի վաղեմության ժամկետ։ Չգիտեմ՝ ինչ հիմքեր կան, բացի այս հաղորդագրությունից։ Արդյոք վստա՞հ է դատախազությունը, որ այդ քրեական գործը առաջ կգնա՝ հաշվի առնելով վաղեմության ժամկետը։ Իսկ եթե այս դեպքը բացահայտվելու է, ընդամենը կասեմ, որ ողջունելի է։

Եթե գլխավոր դատախազությունն այդքան հետևողական է, ապա հույս ունենանք, որ մյուս՝ ավելի թարմ դեպքերով էլ կարող է բացահայտումներ անել, որ հարուցված գործերը եղել են անկատար, առավել ևս շատ կուզեի, որ գլխավոր դատախազությունը այսպիսի հետևողականություն և վերահսկողություն իրականացներ զինվորական քրեական գործերով, գործեր, որոնք հենց այսօր կեղծ մեղադրանքներով հայտնվել են դատարաններում։

Դատախազությունը պետք է հատկապես իր ուշադրությունը կենտրոնացնի այդ զինվորական քրեական գործերի վրա, ինչպես Գորիսի երեք զինծառայողի սպանության գործն է, որը կեղծ մեղադրանքով դատարան է մտել։

Այս գործը վերաբացվեց 2020-ին Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնի դիմումից հետո, երբ վերջինս դեպքի օրը գտնվել էր սրճարանում։ Գլխավոր դատախազությունը, ուսումնասիրելով նրա հայտարարությունը և կատարելով մի շարք այլ ուսումնասիրություններ, եզրահանգել էր, որ Պողոս Պողոսյանը զրկվել է կյանքից ոչ թե անզգույշ ծեծի հետևանքով, այլ տեղի է ունեցել ավելի ծանր հանցագործություն՝ սպանություն, այն էլ՝ մի խումբ անձանց մասնակցությամբ։ Մինչ օրս շարունակվում է քննությունը, բայց վերջը չի երևում։ Ինչո՞ւ։

– Հավանաբար կամքը։ Եթե հիմա քրեական գործ եք հարուցում, այն դեպքում, երբ գիտեք, որ ակնհայտ էր սպանությունը։ Այն ժամանակ, երբ դեպքը տեղի էր ունեցել, ես ուսումնասիրել եմ դատաբժշկական փորձաքննությունը մասնագետների միջոցով, հիշում եմ, որ սարսափելի պատկեր էր փորձաքննության նկարագրական մասում, անթիվ-անհամար վնասվածքներ, բայց հետևություններում եզրահանգել էին, որ Պողոս Պողոսյանն ընկել էր գետնին, գլուխը հարվածել է և մահացել։ Եվ այդքան էլ նշանակություն չունի՝ նո՞ր դատախազ է, թե՞ հին։

Նոր դատախազն առայժմ որևէ հայտարարությունով հանդես չի եկել, որ մենք իմանանք, թե ինքը հատկապես ո՛ր գործերով է զբաղվում, և արդյոք բազմաթիվ փակված գործեր այդպիսի հետևողականությամբ բացահայտվելո՞ւ են, կամ հարուցվելո՞ւ էր նոր վարույթ, թե՞ ոչ։ Իսկ եթե 2020-ին հարուցվել էր, պետք էր նկատելի առաջ գնար։

Նյուտոնը մի քանի տարի առաջ Երևան էր եկել և դատախազությունում ցուցմունք տվել։ Եվ այս դեպքում չգիտեմ, թե ի՛նչն է խանգարում, որ ավարտին չի հասցվում։ Կարծում եմ՝ դատախազությունը պետք է հանդես գա նոր հաղորդագրությամբ և հանրությանը բացատրի, թե 2020 թվականին հարուցված գործն ի՛նչ ընթացք ունի, և արդյոք այս վարույթը 2020-ի գործի հետ կապ ունի՞։

Կողմերը դատական նիստերի հետաձգումից դժգոհություն են հայտնում։

Դատախազությունը պարտավոր է լրացուցիչ տեղեկություններ տրամադրել։ Հանդես գալ հայտարարությամբ, հատկապես որ կողմերը դժգոհ են, պետք է ասվի, թե ինչո՛ւ այսքան դանդաղ ընթացք ունի հարուցված քրեական գործը։

Մանե Հարությունյան

MediaLab.am