«Ակնհայտ է, որ Հայաստանը միտված է շարունակել առաջ շարժվել արևմտյան սցենարի ուղղությամբ». Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը

Պարո՛ն Նավասարդյան, տեսակետներ են հնչում, որ Սոչիում նախօրեին տեղի ունեցած եռակողմ հանդիպումը և դրանից հետո տարածված հայտարարությունը վկայում են մի բանի մասին, որ Հայաստանն ընդունում է ռուսական տարբերակը և մերժում Արևմուտքի միջամտությունը: Դուք ինչպե՞ս եք գնահատում հանդիպումը:

– Ես այլ կարծիքի եմ, ես համարում եմ, որ այդ հայտարարությունը վկայում է այն մասին, որ նույնիսկ եթե գոյություն ունի ռուսական տարբերակ, դրա իրականացումը հնարավոր չէ, և դա բխում է մինչև Սոչիի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի ասածից, որում նա իր ակնկալիքները, որոնք ինչ-որ տեղ բխում են Ռուսաստանի առաջարկություններից, ներկայացրել էր, և, փաստորեն, այդ ակնկալիքները չեն իրականացվել Սոչիի հանդիպման ժամանակ: Սա նշանակում է, որ եթե նույնիսկ Ռուսաստանն ունի ինչ-որ ցանկություններ, ծրագրեր, պատկերացումներ, դրանք իրականանալի չեն այսօրվա իրողություններում:

Ինչ վերաբերում է արևմտյան առաջարկին, ապա այստեղ դեռ անորոշությունները շատանում են, որովհետև ակնհայտ էր, որ Պուտինի նախաձեռնած Սոչիի հանդիպումը միտում ուներ հնարավորինս շեղել արևմտյան սցենարից, խոչընդոտել այդ սցենարի իրականացումը: Թե որքանո՞վ է դա հաջողվել, հայտարարությունից ակնհայտ չի երևում, բայց ակնհայտ է, որ տեղի են ունեցել նաև զրույցներ, որոնց մասին մենք տեղեկություն չունենք, և այդ զրույցները կարող էին որպես արդյունք ունենալ նաև արևմտյան այդ բանակցային գործընթացից հրաժարումը կամ հետաձգումը: 

Տարածված հայտարարությունից պա՞րզ է դառնում, որ Ադրբեջանը որևէ կերպ հակված չէ խաղաղության պայմանագիրը կյանքի կոչելուն մինչև տարեվերջ:

– Կարող են լինել այդպիսի կասկածներ, որովհետև ակնհայտորեն արևմտյան սցենարը ենթադրում էր, որ Եվրամիությունը, իր թիկունքին ունենալով նաև ԱՄՆ-ին, ավելի ակտիվ դերակատարություն կսկսի խաղալ հակամարտությունում, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանի ձեռքերը որոշ չափով կաշկանդված են լինելու, և այն գործողությունները, որոնք ճնշում գործադրելու համար իրականացնում է Ադրբեջանը, դժվար թե հնարավոր լինեն գոնե այդ մասշտաբներով բանակցային գործընթացին զուգահեռ: Եվ այստեղ, այո՛, կարող էր Սոչիի հանդիպումը Իլհամ Ալիևի կողմից օգտագործվել արևմտյան սցենարի խափանմանը։ Բայց առաջիկա զարգացումները ցույց կտան, թե արդյո՞ք դա այդպես է։ Ակնհայտ է, որ Հայաստանը միտված է շարունակել առաջ շարժվել արևմտյան սցենարի ուղղությամբ։ Թե որքանով Սոչիի հանդիպումը կկաշկանդի, մենք դեռ չգիտենք։

– Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, անդրադառնալով Սոչիի հանդիպմանը, նշել է, որ Մոսկվայի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն արժի թողնել հաջորդ սերունդներին։ Ի՞նչ է սա նշանակում, արդյոք սրանով Արցախի սուբյեկտայնության հարցը չի՞ հետաձգվում։

Այստեղ ընդամենը ՌԴ դեսպանը կրկնել է այն, ինչ փորձում էր առաջարկել Ռուսաստանը, բայց, կրկնում եմ, որ Սոչիի հանդիպումը վկայեց այն մասին, որ Ռուսաստանի առաջարկներն այսօր իրականանալի չեն, և նույն Սոչիում Իլհամ Ալիևը շեշտեց, որ իր համար Ղարաբաղի հարցը լուծված է, և դրան անդրադարձ ո՛չ հիմա, ո՛չ ապագայում Ադրբեջանի կողմից չի լինելու։ Այսինքն՝ այստեղ ակնհայտ հակասության մեջ են մտնում Կոպիրկինի հայտարարությունները Ադրբեջանի մտադրությունների հետ։

Այնուամենայնիվ, Արևմուտքը շարունակելո՞ւ է ջանքեր գործադրել։ Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը անհնարի՞ն է դառնում ստորագրել։

Անհնարինության մասին խոսելը դեռ վաղ է։ Մենք կարող էինք կռահել, որ Սոչիի հանդիպումն անհանգստացնում էր ԵՄ ներկայացուցիչներին, քանի որ նրանք մտավախություններ ունեին, որ կխանգարի իրենց սցենարի իրականացմանը և բանակցային գործընթացի արդյունավետ ընթացքին, բայց տեսնենք։

Ներկա չլինելով Սոչիի հանդիպումներին և չլսելով, թե ինչ են խոսել, ինչի շուրջ են եղել պայմանավորվածությունները, շատ դժվար է կանխատեսել՝ արդյոք կշարունակվե՞ն բանակցությունները արևմտյան հարթակում։

Կարծում եմ՝ մոտակա օրերին կողմերի մտադրությունները և առաջնահերթությունները պարզ կդառնան, և միայն դրանից հետո մենք կկարողանանք եզրակացության գալ, թե արդյոք Սոչիի հանդիպումը ինչ-որ գործընթացի խանգարե՞ց, թե՞ ոչ։

Տեսակետ է հնչում, որ երեկվա հանդիպումներից պարզ դարձավ, որ միակ բանը, որ հետաքրքրում է Ռուսաստանին,  ճանապարհի բացումն է։

– Այո, կարելի է ենթադրել, որ ճանապարհի բացումը Ռուսաստանի հսկողության տակ ՌԴ առաջնահերթություններից մեկն է։ Մյուս առաջնահերթությունը արդեն ավելի ընդհանուր գծերով այն է, որ Արևմուտքը հնարավորինս չակտիվացնի իր դերը մեր տարածաշրջանում, քանի որ Արևմուտքի նշած ակտիվացումը կնշանակի Ռուսաստանի դերակատարության նվազում։

Այնպես որ, Սոչիում հանդիպում կազմակերպելու նպատակը դա էր։ Իսկ ճանապարհը Ռուսաստանի վերահսկողության տակ ամբողջ գործընթացի մասնավոր բաղադրիչն է, որը Սոչիում հաստատվեց որպես ՌԴ հիմնական նպատակներից մեկը։

Մանե Հարությունյան

MediaLab.am