Միջնորդական հարթակների միջև առկա հակադրությունը խանգարելու է խաղաղության պայմանագրի կնքմանը. Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

 – Պարո՛ն Սուրենյանց, Վաշինգտոնում կայացած Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումն ի՞նչ արդյունքներ գրանցեց հօգուտ Հայաստանի։

– Ես սա համարում եմ Պրահայի գործընթացի շարունակություն ու չեմ էլ կարծում, որ սա նախապատրաստվեց ու կազմակերպվեց Սոչիի եռակողմ հանդիպումից հետո, մյուս կողմից էլ, իհարկե, հարթակների միջև տեսանելի հակադրություն կա, ինչն էլ լրացուցիչ բարդություններ է ստեղծում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։

Հանդիպման արդյունքների մասին կարող ենք հետևություններ անել՝ հիմք ընդունելով Հայաստանի արտգործնախարարության լակոնիկ հաղորդագրությունը, ինչպես նաև Բայրամովի դարձյալ շատ կարճ ռեպլիկը։ Իմ տպավորությամբ՝ Ադրբեջանն ունի հստակ օրակարգ, Բայրամովը մինչև Վաշինգտոն մեկնելն էր ասել, որ Հայաստանին են փոխանցվել խաղաղության պայմանագրի արդեն տարրերը, որոնք գալիս են ամբողջացնելու հայտնի հինգ սկզբունքները, և սպասում են Հայաստանի առաջարկներին, այսինքն՝ Հայաստանը Վաշինգտոն էր գնացել ադրբեջանական առաջարկները խմբագրելու կամ իր կոնտր առաջարկները ներկայացնելու օրակարգով, այսինքն՝ պնդումը, որ Հայաստանն այնքան էլ ինքնուրույն օրակարգ չունի, ու ավելի շատ ադրբեջանական ծրագրի վրա են աշխատում, կարծես թե հաստատվում է։

Բայրամովն ասում է, որ իրենք հնարավորինս արագ ձգտում են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, մեր ԱԳՆ-ն ասում է, որ որոշակի հարցեր վերահասցեագրման անհրաժեշտություն ունեն։ Ես ենթադրում եմ, որ Վաշինգտոնի երեկվա հանդիպումը մեծ առաջընթաց չի գրանցել, ու կան հարցեր, որոնց վերաբերյալ Երևանն առաջարկություններ է արել, իսկ Բաքուն չի համաձայնել դրանք ներառել իր փաթեթում։

Ամենայն հավանականությամբ, այդ հարցերը վերաբերում են Լեռնային Ղարաբաղի անվտանգությանն ու մեր հայրենակիցների իրավունքներին։ Նաև Սոչիում այդ հարցերի վերաբերյալ կային էական անհամաձայնություններ, ուղղակի, ի տարբերություն վաշինգտոնյան հարթակի, Սոչիում մենք դա տեսանք գրեթե օնլայն ռեժիմով, որովհետև այդ հանդիպմանը նախորդել էին «Վալդայ» ակումբում Պուտինի հայտնի ելույթը, Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիև երկկողմ հանդիպումները, որոնց պաշտոնական հատվածները լուսաբանվեցին։

– Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ կողմերին կհաջողվի՞ մինչև տարեվերջ կնքել խաղաղության պայմանագիրը, ձեր դիտարկմամբ՝ կողմերը մոտեցե՞լ են այդ կետին։

– Այստեղ երկու գործոն կա․ միջնորդական հարթակների միջև կա հակադրություն, դա միշտ էլ եղել է ուկրաինական պատերազմից հետո, բայց վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում այն շատ ակտիվ է դրսևորվում մեր տարածաշրջանում։ Սա, բնականաբար, խանգարելու է խաղաղության պայմանագրի կնքմանը, որովհետև գուցե Մոսկվան կամ Վաշինգտոնը սեփական ծրագրերը մինչև վերջ տանելու կարողություններ չունի, բայց ակնհայտորեն մեկը մյուսի ծրագրերը խանգարելու պոտենցիալ ունի։

Երկրորդ՝ շատ մեծ հակասություններ եմ տեսնում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ պաշտոնական Երևանի ու Բաքվի մոտեցումներում, նույնիսկ այն պարագայում, երբ պաշտոնական Երևանը ապրիլից սկսած համաձայնել է ԼՂ-ի կարգավիճակի հարցում էապես իջեցնել նշաձողը, ինչը նորմատիվ բառապաշարով նշանակում է, որ իշխանությունը հրաժարվել է ԼՂ-ի անկախության օրակարգի գաղափարից։

Տեսանելի է, որ պաշտոնական Երևանը մեծ հաջողությունների չի հասնում, մանավանդ արևմտյան հարթակում, որտեղ կարծես թե Լեռնային Ղարաբաղի խնդիրն առանձնապես չի էլ կարևորվում։

Զուտ մեթոդաբանորեն շատ ավելի իրատեսական է ռուսական կողմի առաջարկը, որովհետև, որպես կանոն, հակամարտությունները փաթեթային լուծում չեն ունենում։ Ռուսական կողմի առաջարկն այս առումով շատ ավելի իրատեսական է, որովհետև առաջարկում է հայ-ադրբեջանական հարաբերությունների բոլոր բաղադրիչները կարգավորել այս փուլում, իսկ ԼՂ-ի կարգավիճակի հարցն առկախել մինչև կողմերի միջև կլինի վստահության ինչ-որ միջավայր։ Այլ խնդիր է՝ Մոսկվան սա մինչև վերջ պնդելու կարողություն ունի՞, թե՞ ոչ։

Այս բոլոր գործոնները նշեցի, որ արձանագրեմ, որ այսօր խաղաղության պայմանագրի հեռանկարը շատ ավելի մշուշոտ է թվում, քան մեկ կամ երկու ամիս առաջ։ Եթե անգամ ընդունենք, որ արևմտյան մոտեցումն է դառնում գերակա, ու Ղարաբաղի խնդրի զոհաբերմամբ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները կարգավորվում են, ես դժվար եմ պատկերացնում, որ մեկ ու կես ամսում հնարավոր է սահմանազատում անցկացնել, միջնորդների ջանքերը համադրել և այլն։

Իհարկե, չեմ էլ կարծում, որ այդ պայմանագիրն ընդհանրապես չի լինի, բայց անիրատեսական եմ համարում, որ դա կլինի առաջիկա մեկ-երկու ամսում։ Ավելի հավանական է, որ դա կլինի ամիսների ընթացքում, ու դրան հասնելը հեշտ կլինի, եթե ուկրաինական թատերաբեմում բանակցային լուծման հանգեն Ռուսաստանն ու Արևմուտքը ու փորձեն այստեղ համախմբված ջանքեր գործադրել։

– Պարո՛ն Սուրենյանց, իսկ երբ սկսեն սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները, Ադրբեջանն իր զորքը դուրս կբերի՞ Հայաստանի օկուպացված տարածքներից։

– Ես այդ հարցում շատ իրատես եմ, որից լավատեսության հոտ չի գալիս։ Ոչ մի պետություն ինքնակամ չի հրաժարվում իր ագրեսիվ քաղաքականությունից, եթե նրան չեն պարտադրում կամ որևէ գին չեն վճարում։ Հայաստանն այլևս որևէ գին տալու ռեսուրս չունի, երկրորդը՝ ինչպես տեսնում ենք, միջազգային հանրությունը չի էլ պատրաստվում Ադրբեջանի դեմ որևէ պատժամիջոց կիրառել, իսկ այս պարագայում Ադրբեջանն ինչո՞ւ պետք է դուրս գա այդ տարածքներից։ Ցավոք սրտի, սա է իրականությունը։

Տեղեկություն ունեմ, որ Ադրբեջանն այդ օկուպացված տարածքներում դիրքերի կահավորմամբ է զբաղված, կահավորում են, որ հետո հանձնե՞ն, տրամաբանական չէ։ Մի բան էլ հավելեմ․ ԵՄ դիտորդական առաքելությունը հիմա Հայաստանում է, չէ՞, բայց այդ առաքելությունը չկարողացավ հասնել նույնիսկ նրան, որ Ադրբեջանը թույլ տար մեր տարածքի օկուպացված հատվածներում գտնվող մեր զոհերի մարմինները հանենք։

– Իսկ այս պարագայում ճիշտ չէ՞ր լինի, որ Հայաստանի իշխանությունը, ինչպես ամիսներ առաջ հայտարարեց, շարունակեր պնդել, որ բանակցություն չի լինի, քանի դեռ ադրբեջանական զորքը չի լքել ՀՀ սուվերեն տարածքը։

– Իհարկե, ցանկացած պետություն պետք է կարմիր գծեր ունենա, մյուս կողմից, եթե նախապայմաններ ես առաջ քաշում, պետք է վստահ լինես, որ դրանք սպասարկելու ներուժ ունես։ Հայաստանի կարողությունները, ցավոք սրտի, հիմա այն մակարդակի վրա են, որ չի կարող նախապայմաններով խոսել, իսկ բանակցային գործընթացը սառեցնելը հղի է էսկալացիայի նոր ռիսկերով։ Իհարկե Հայաստանը պետք է հետամուտ լինի իր տարածքի օկուպացված հատվածի դեօկուպացիային։ Հայաստանն այսօր չունի այն ռեսուրսները, որ կարողանա նույնիսկ օբյեկտիվ նախապայմաններ առաջ քաշել, նման երկչոտ քայլեր տեսանք, որ Հայաստանն արեց, բայց միջազգային հանրության համարժեք արձագանքին չարժանացավ։

– Այդ դեպքում՝ վերջնարդյունքում ի՞նչ ենք ունենալու։

– Կա՛մ ունենալու ենք մի վիճակ, որ պայմանագիրն անորոշ ժամանակով չի կնքվելու, որի հետևանքով լարվածությունը միշտ շատ բարձր մակարդակի վրա կլինի, ինչը շատ վտանգավոր է, կա՛մ պետք է գնանք պայմանագրի ստորագրման ու տարիների հետևողական աշխատանք կատարենք՝ գոնե Հայաստանի տարածքը ոտնձգությունների հետևանքներից ազատելու համար, ինչը շատ արագ չեմ պատկերացնում։ Սա իշխանության հետպատերազմյան ապաշնորհ քաղաքականության հետևանքն է։

Քրիստինե Աղաբեկյան