«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը 94-ից սկսած պետության սխալ զարգացման հանգուցալուծումն էր». Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

Պարո՛ն Ղևոնդյան, նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթից երկու տարի անց ի՞նչ ունենք: Երկու տարվա ընթացքում ի՞նչ կարող էր անել իշխանությունը, որը չի արել:

– Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը այդ պահին հավանաբար պատերազմը կանգնեցնելու արդեն միակ ելքն էր, ինչին հասել էինք ոչ միայն նախորդ երկու տարվա գործողությունների հետևանքով, այլև բավական շուտ՝ 94 թվականի մայիսի 12-ից սկսած: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հանգուցալուծումն էր այդ տարիների սխալ ռազմավարական պլանավորման և պետության սխալ զարգացման, որի հետևանքով Արցախը կիսվեց երկու մասի՝ Ադրբեջանի ու Ռուսաստանի վերահսկողության ներքո անցնելով, Հայաստանը փաստացի կորցրեց վերահսկողությունը ամբողջ Արցախի նկատմամբ:

Դրանից հետո անհրաժեշտ են ռազմավարական պլանավորում, նոր գործընթացների նախաձեռնում, ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունը անցնող երկու տարում հիմնականում զբաղված է օպերատիվ կառավարմամբ, արձագանքում է ծագող մարտահրավերներին, իհարկե, վերջին մի քանի ամիսներին կան նաև միտումներ հիմնարար գործընթացների զարգացման մասով, բայց դրանք պետք էր սկսել 2020 թվականի նոյեմբերի 10-ից:

Այնուամենայնիվ, ես մի փոքր լավատես եմ, անհրաժեշտ է դասեր քաղել պարտությունից ու փորձել հետագայում ավելի ճիշտ աշխատել, ինչպես, օրինակ՝ արեց Ադրբեջանը, պետք է գոնե սովորել Ադրբեջանից. նա 26 տարի աշխատեց, զարգացավ, հիմքեր ստեղծեց ու կարողացավ վերադարձնել տարածքները, որոնք կորցրել էր առաջին պատերազմի ժամանակ: Այդ 26 տարուց 2-ն արդեն ծախսել ենք:

Արդյունավե՞տ ենք ծախսել:

 – Արդյունավետության առումով, իհարկե, կան խնդիրներ: Ամեն ինչ պետք է սկսվեր շատ ավելի շուտ, բայց սկսվել է վերջերս, բայց այն, որ սկսվել է, որ Հայաստանը բավական դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն է վարում, փաստ է:

Ռազմական տեխնիկայի ձեռքբերման առումով բավական հետաքրքիր նորություններ կան, որոնց մի մասը հանրությանը հասանելի է: Այս ամենը խոսում է այն մասին, որ Հայաստանը սկսել է մի փոքր այլ ուղղությամբ աշխատել, ինչ աշխատում էր մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը:

Ադրբեջանի նախագահի երեկվա ելույթը նկատի ունենալով, որում կային Հայաստանին ուղղված հստակ սպառնալիքներ, հնարավոր համարո՞ւմ եք խաղաղության պայմանագրի կնքումը:

– Նույնիսկ եթե Ադրբեջանի նախագահի երեկվա ելույթն էլ չլիներ, մոտ ժամանակներում խաղաղության պայմանագիրը կնքելու որևէ հնարավորություն չկա, որովհետև թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը բանակցությունների արդյունքում հասել են փոխզիջումային այնպիսի կետի, որից այն կողմ իրենց կենսական շահերն են, որոնք նրանք չեն զոհի հանուն որևէ պայմանագրի:

Իհարկե բանակցությունները շարունակվելու են տարբեր կենտրոնների միջնորդությամբ, բայց դրան զուգահեռ, ես նշեցի, որ Հայաստանն այլ կերպ է աշխատում, ու պետք է հուսալ, որ այդ աշխատանքը կբերի այլ արդյունքների: Միևնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ աշխարհն այլևս 2020 թվականի աշխարհը չէ, ու այսօր Ադրբեջանին որևէ մեկը թույլ չի տա գնալ լայնածավալ պատերազմական գործողությունների, ինչի ականատեսը եղանք սեպտեմբերի 14-ին, երբ հայտնի զանգեր եղան Բաքու, ու պատերազմն անմիջապես դադարեց:

Գիտեմ, որ նմանատիպ զանգեր էլի կլինեն, եթե հանկարծ Ադրբեջանը փորձի նորից պատերազմի դիմել, մյուս կողմից էլ՝ պետք է նկատի ունենալ, որ լոկալ սադրանքներ անպայման լինելու են, ու դրանք չեն կանգնելու, Հայաստանը պետք է պատրաստ լինի դրանց:

Պարո՛ն Ղևոնդյան, եթե Հայաստանը ձեր նշած այլ արտաքին քաղաքականությունը վարեր 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո, այդ դեպքում Ադրբեջանը կկատարե՞ր այն պարտավորությունները, որոնց համաձայնել է ինքը:

– Ադրբեջանին ճնշելն ու ստիպելը միայն Հայաստանի խնդիրը չեն, այսինքն՝ գործիքակազմը բավականին լայն է, որոնցից են տարբեր հարթակներում հանդիպումների հաճախականությունը դիվերսիֆիկացնելը, օրինակ՝ ԵՄ դիտորդների ու ԵԱՀԿ դիտորդական խմբի Հայաստան ժամանումն ու զեկույցների պատրաստումը, տարբեր հարթակներում տարաբնույթ հայտարարություններով հանդես գալը, սրանք բոլորը ճնշման միջոցներ են, որոնք Հայաստանը օգտագործում է:

Պետք է նաև նկատել, որ պարտավորություններ ստանձնել են թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը, ու ճնշում կա երկու կողմի վրա էլ նաև միջազգային հանրության միջոցով: Այս վիճակում յուրաքանչյուր կողմի աշխատանքը հետագայում ցույց կտա, թե որ կողմը առավելության կհասնի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am