«Միտքը, որ կարելի է այդ ծնողներին տուգանել, համաձայնեցված է բարձրաստիճան պաշտոնյաների հետ. սա անբարո արարք է». Ժաննա Ալեքսանյան

ՀՀ ոստիկանությունը հայցադիմումներ է ներկայացրել դատարան ընդդեմ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների՝ վերջիններիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Ինչպես նշվում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում, ոստիկանությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել նրանց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով, այն է՝ զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Նշված արարքը պատժվում է 50 հազար դրամ տուգանքով։ Նշենք, որ հայցադիմում է ներկայացվել 3 տասնյակից ավելի քաղաքացիների նկատմամբ։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների հարազատները փորձել էին թույլ չտալ իշխանության ներկայացուցիչներին մտնել Եռաբլուր, սակայն ոստիկանները ուժի կիրառմամբ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին ու հարազատներին հեռացրել էին պանթեոնից:

«Մեդիալաբը» հարցի վերաբերյալ զրուցել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հկ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ:

– Տիկի՛ն Ալեքսանյան, ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Բռնությունների համար ոստիկանության որևէ աշխատակից անգամ չի հարցաքննվել՝ պատճառաբանությամբ, թե իբր հնարավոր չէ նույնականացնել նրանց, սակայն տեսանյութերում, լուսանկարներում ակնհայտ երևում են ոստիկանների դեմքերը: Սա նշանակում է, որ ոստիկանությունն անցնում է սանձարձակության: Երբ վարչապետն ամբողջ օրն ասում է՝ նորացված, բարեփոխված ոստիկանություն, դրան զուգահեռ մենք տեսնում ենք բռնություններ, ընդ որում՝ ի պաշտպանություն վարչապետի:

Նախ՝ ծնողների նկատմամբ բռնություն են կիրառում, հիմա էլ ուզում են տուգանել, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք նման բան չի եղել, որ այսպիսի բացահայտ անհարգալից, նսեմացնող վերաբերմունք ցուցաբերվի ծնողների նկատմամբ ու հանուն մեկ անձի: Այդ միտքը, որ կարելի է այդ ծնողներին տուգանել, համաձայնեցված է բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Սա անբարո արարք է, անընդունելի է այսկերպ նսեմացնել այդ ծնողներին: Սա լավ ճանապարհ չէ:

– Այսինքն՝ անկախ բերված հիմնավորումից, այս հայցն անընդունելի՞ եք համարում:

– Ի՞նչ հիմնավորում, երբ իրենք բռնություն են գործադրել: Ոստիկանությունն ու Կառավարության ղեկավարը, վստահ եմ, տեղյակ են այս քայլից, հիմա էլ պատժում են արդեն պատժված մարդկանց: Ոստիկանությունն այս երկրում երբեք հիմնավորում չի բերել, նույն տգետ, բռի ու բռնի պահվածքը շարունակվում է, սա պաշտոնյաների թողտվության հետևանք է: Ոստիկանությունը դարձնում են ավելի սանձարձակ, քան կա:

– Տիկի՛ն Ալեքսանյան, այս հայցը նպատակ ունի կանխելո՞ւ ծնողների կողմից նմանատիպ ակցիաների հետագա կրկնությունը:

– Այո՛, նրանք համարում են, որ այդ ծնողներն արտոնյալ են ու պետք է պատժել նրանց, այնինչ պետք է պատժել ոստիկանությանը՝ տանելով նրանց ավելի պրոֆեսիոնալ աշխատանքի դաշտ: Նորմալ եզրակացություններ անելու փոխարեն հենց նույն վարչապետը որոշել է ծնողների հետ դատաստան տեսնել:

– Ձեր խոսքում ասացիք, որ նախկինների ժամանակ նման բան չի եղել…

– Որ ծնողներին տուգանեն, դիմեն վարչական դատարան, եթե հիշում եք՝ Սերժենք էլ էին այդ ծնողներին քարշ տալիս փողոցով, բայց սրանք, ինչպես ասում են, ավելի կաթոլիկ գտնվեցին:

– Ինչո՞ւ այս իշխանությունն այս, ինչպես ասացիք, ոչ լավ ճանապարհով գնաց: Ո՞ւր է տանելու այս ճանապարհը:

– Ժողովրդավարական արժեքներ առանց այդ էլ չկան, չեն մնացել, ու այդ իմաստով է տանում ավելի վատ տեղ, ժողովրդավարությունից մենք հեռանում ենք: Ոստիկանության հարցը չի լուծվում, դատական համակարգի հարցը «լուծեցին», երբ ընտրեցին Մնացական Մարտիրոսյանին, այս ձևով էլ ոստիկանությանը տալիս են արտոնյալ վիճակ, որ երբ ուզեն՝ բռնություն գործադրեն:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am