«Առաջին հերթին Հայաստանից պետք է համարժեք արձագանքներ հնչեին, նա պետք է Արցախին թև ու թիկունք լինի». Արամ Հարությունյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը

 – Պարո՛ն Հարությունյան, մեկ օր է՝ ինչ փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը: Կներկայացնեք՝ Արցախում ի՞նչ վիճակ է այս պահին:

– Երեկվանից փաստացի Արցախի 120 հազար բնակիչ շրջափակման մեջ է, որովհետև դա միակ ճանապարհն է, որը կապում է Հայաստանն ու Արցախը: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության գլխավոր կետերից մեկն էլ այն է, որ Ադրբեջանը միակողմանի իր վրա պարտավորություն է վերցնում ապահովել անվտանգ ու անխափան ճանապարհը Հայաստանի ու Արցախի միջև, և սրա գլխավոր երաշխավորը ռուս խաղաղապահներն են, փաստացի հիմա այս կետը չի կատարվում:

Արցախի իշխանությունն անդարադարձել է այս ամենին, խորհրդարանը ևս հանդես է եկել հայտարարությամբ, որում ամեն ինչ մանրակրկիտ ներկայացված է: Կարծում եմ՝ բոլորն են գիտակցում, որ սա բնավ էլ ադրբեջանական էկոլոգների կամ քաղակտիվիստների հարց չէ, սա պետական մակարդակով կազմակերպված սադրանք է, ինչի մասին գիտեն նաև ռուսական կողմը և միջազգային հանրությունը, ու մենք ակնկալում ենք, որ այս քայլերը համապատասխան գնահատականի կարժանանան:

Ադրբեջանն այս պահին ի՞նչ խնդիր է ուզում լուծել այս գործողությամբ:

– Մի քանի հարցեր են փորձում միանգամից լուծել. որպես պատրվակ ներկայացնում են Կաշենի հանքավայրում դիտարկումներ անցկացնելը, բայց սա կեղծ օրակարգ է, 30 տարուց ավելի է՝ այդ խնդիրը չկա ու այսօ՞ր միայն առաջացավ:

Քանի որ Ադրբեջանում անընդհատ ասում էին, թե Արցախում 20 հազար մարդ է ապրում, իսկ Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հոկտեմբերյան հանրահավաքը ցույց տվեց, որ այդ լուրն ամբողջությամբ կեղծ է, Ադրբեջանը, միանշանակ, որոշեց հայաթափման քաղաքականությունն ակտիվացնել, ու սա դրան նպաստող քայլ է, որպեսզի Արցախում առաջացնեն խուճապային տրամադրություններ, ապագայի նկատմամբ հավատի բացակայություն, ինչը, ըստ իրենց, կբերի հայաթափման:

Երկրորդ նպատակը, կարծում եմ՝ այն է, որ իրենք տեսնում են, որ արցախյան խնդիրը միջազգայնացվում է, ինչի դրսևորումներից է նաև նախագահի վերջին այցը Ֆրանսիա, ու նրանք փորձում են հնարավորինս շուտ լուծել հարցը:

Նպատակներից մեկն էլ ռուսական կողմին թիրախավորելն ու ռուս խաղաղապահների գործունեությունը վարկաբեկելն է: Հույս ունեմ, որ մեր ռուս գործընկերները վերջապես հետևություններ կանեն:

Հայկական կողմի արձագանքն ու գործողությունները ինչպե՞ս եք գնահատում, որովհետև Արցախի ընդդիմադիր գործիչները դժգոհ են ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի իշխանությունների գործողություններից, պարո՛ն Հարությունյան:

– Ճիշտն ասած, մեր այսօրվա նիստում ես չտեսա դժգոհություն Արցախի իշխանության գործունեությունից, բայց Հայաստանի իշխանության կողմից, համենայնդեպս, մինչ այս պահը, ինչ մենք զրուցում ենք, ես չեմ հանդիպել համարժեք արձագանք:

Իսկ դա ինչի՞ կարող է հանգեցնել:

– Միանշանակ բացասական երևույթ է: Հայաստանը եռակողմ հայտարարության կողմերից մեկն է ու պետք է Արցախին թև ու թիկունք լինի: Առաջին հերթին Հայաստանից պետք է համարժեք արձագանքներ հնչեին, միգուցե դեռևս սպասվող հայտարարություններ կան:

Պարո՛ն Հարությունյան, հույսեր կա՞ն, որ ճանապարհն այսօր կբացվի: Խաղաղապահների հետ զրույցներից որևէ բան պարզ դառնո՞ւմ է:

– Դեռևս առարկայական ու հիմնավոր բան չկա, որ կարողանանք հստակ ասել՝ ճանապարհը կբացվի կամ չէ: Մենք բոլորս նաև հասկանում ենք, որ ադրբեջանական կողմը նաև մեր նյարդերն է ստուգում, սակայն չեն կարող ճանապարհը երկար փակ պահել, որովհետև սա անթույլատրելի է, ու, կարծում եմ, միջազգային հանրության կողմից ճնշում կգործադրվի Ադրբեջանի վրա:

Ռուսական կողմի արձագանքը պատշաճ համարո՞ւմ եք, որովհետև երեկ հայտարարություն էին տարածել՝ նշելով, թե ռուս խաղաղապահների վերահսկողության տարածքում միջադեպեր չեն գրանցվել:

– Արդեն նշեցի, որ սա եռակողմ հայտարարության խախտում է, ու միայն նման արձագանքը կարող է բավարար լինել:

Կենսական ճանապարհի փակ լինելն առարկայական ի՞նչ խնդիրների է հանգեցրել Արցախում:

– Հանրապետական բժշկական կենտրոնը հայտարարեց, որ ունեն Հայաստանում բուժման կարիք ունեցող հիվանդներ, ու նրանց կյանքին վտանգ է սպառնում, բայց ճանապարհի փակ լինելու պատճառով անհնար է դարձել նրանց տեղափոխումը: Կենցաղային բազմաթիվ խնդիրներ կարող են առաջանալ, ու ճանապարհի երկարաժամկետ փակումը Արցախում հանգեցնելու է հումանիտար աղետի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am