«Կոչ են անում գնալ այս կամ այն երկրների դեսպանատների կամ գրասենյակների մոտ, հասկանո՞ւմ եք, սա քաղաքական տգիտություն է». Սուրեն Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը

– Պարո՛ն Պետրոսյան, ականատեսի աչքերով կասեք՝ ի՞նչ էր կատարվում Հայաստան-Արցախ կապող փակ ճանապարհին։

– Այս պահի համար որևէ տարօրինակ բան չի կատարվում. Տեղ գյուղի հայկական առաջին անցակետից մուտքն արգելվում է, բացառությամբ այն քաղաքացիների, որոնք ապրում են Հին Շենում, Մեծ Շենում կամ Լիսագորի հատվածում, մնացած բոլորի մուտքն արգելվում է այնտեղ, ոչ մի մեքենա չի կարողանում այնտեղ գնալ, ուժայինների ծառայողների համար ևս վերջին կետը Լիսագորի անցակետն է։

Տարբեր խոսակցություններ կան, որոնք ասեկոսեների մակարդակից այն կողմ չեն անցնում, նույնիսկ այնտեղ կանգնած խաղաղապահներին շատ բան հայտնի չէ։ Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն ունի հստակ պահանջ, որն առաջին հերթին դրված է ռուս խաղաղապահների առջև, ու հենց նրանց «էկոլոգ ակտիվիստներն» էին անընդհատ դրա մասին բացականչում։ Ուրիշ որևէ բան չի կատարվում այնտեղ։

Լիսագորում մոտ 30-40 բեռնատարի վարորդներ են մնացել և չեն ուզում հետ գալ, որովհետև այդքան մեծ մեքենաներով հետ գալը բարդ է, սպասում են, որ ամեն րոպե կարող է ճանապարհը բացվել։

Սա է այնտեղ կատարվողը, բայց քաղաքական տեսանկյունից մենք շատ մեծ խնդիրների առաջ ենք կանգնել ու օր օրի մոտենում ենք հումանիտար աղետի։

– Ադրբեջանական պահանջը, որի մասին պաշտոնապես չեն հայտարարում, ըստ ձեզ ո՞րն է։

– Առաջին պահանջը լինելու է Դրմբոնի հանքի կա՛մ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելը, կա՛մ ընդհանրապես չշահագործելը, հետո անցակետի տեղադրումը ու դրանից բխող մնացած բոլոր հետևանքները։

– Իրավիճակի վերաբերյալ եղած արձագանքները համապատասխա՞ն են։

– Որպես այդպիսին՝ արձագանք, կարելի է ասել, չկա: Տեսեք՝ նույն Ուկրաինայի շուրջ ինչ է տեղի ունենում, ու ինչ է տեղի ունենում Հայաստանի և Արցախի շուրջ ընդհանրապես։ Սրանից չպետք է բողոքենք, ընդամենը պետք է հաշվի առնենք, որովհետև սա օրինաչափություն է, բացի անբովանդակ կոչերից, որևէ էական արձագանք չի լինելու, եթե դանակը ոսկորին հասնի, հնարավոր է, որ ինչ-որ բան փոխվի, ու քաղաքական պայմանավորվածությունների գան։

Այստեղ պետք է նկատի ունենալ, որ հայկական կողմը հիմնովին ձեռքերը լվացել է այս գործընթացից ու չի էլ ուզում որևէ կապ ունենալ այս գործընթացի հետ։ Հիմա Հայաստանում բոլոր կառույցները պետք է օրը 24 ժամ աշխատեին, հնարավոր ու անհնար բոլոր ջանքերը գործադրեին, բայց Հայաստանն ապրում է իր սովորական կյանքով։ Իրավական առումով՝ տրված է ռուսներին, գնացեք նրանցից էլ պահանջեք՝ սա է հայկական կողմի մոտեցումը, ինչն ուղղակի աղետ է։

Աղետ է նաև մեր պառլամենտական ընդդիմության վարքագիծը, որն արդեն շատ ակնհայտ ցույց է տալիս, որ իշխանությունն ու պառլամենտական ընդդիմությունն ուղղակի կատարյալ գործում են սինխրոն, ու, փաստացի, պառլամենտական ընդդիմությունը տառացիորեն նույն օրակարգն է առաջ տանում, ինչ իշխանությունը։

Հանրահավաքները նայեք․ կոչ են անում գնալ այս կամ այն երկրների դեսպանատների կամ գրասենյակների մոտ, հասկանո՞ւմ եք, սա քաղաքական տգիտություն է։ Այսինքն՝ մենք ինչ-որ ուրիշ պետության մեջ ենք ապրում՝ որպես ազգային փոքրամասնություն, գնում ենք ՄԱԿ-ին ենք դիմում, որ մեր իրավունքները հարգե՞ն։

Մեր առաջին պահանջը նախևառաջ պետք է լինի մեզնից, մեր պետությունից, որովհետև որևիցե մեկը չի կարող և չպետք է ավելի մտահոգված լինի հայի կյանքով, քան մենք։ Իսկ եթե դուք ասում եք, որ մենք պետություն չունենք, ճարահատյալ դիմում ենք ՄԱԿ-ին, ապա ի՞նչ գործ ունեք պառլամենտում։

– Բայց կառավարության շենքի դիմաց հավաքվեցին, ելույթներում չկա՞ր իշխանությանն ուղղված պահանջ, պարո՛ն Պետրոսյան։

– Ընդդիմության առաջին արձագանքը եղավ այն, որ պետք է գնան դեսպանատների առաջ, հետո նոր միայն որոշեցին գալ կառավարության շենք, իսկ սա նշանակում է, որ փաստացի առաջ էին տանում իշխանության օրակարգը՝ բոլորը մեղավոր են, բացի մեզնից։ Իսկ այս հարցն այսպես բնականաբար չի լուծվելու։

– Իրավիճակի հանգուցալուծումը ո՞րն է լինելու։

– Չեմ կարող ասել, բայց ես ունեմ իմ տարբերակը, որը դեռ քննարկման փուլում է ու կախված չէ լայն զանգվածներից՝ իրագործման առումով։ Այն լինելու է վճռական ու շատ կտրուկ, բայց թույլ տվեք հիմա չասեմ այդ մասին, առաջիկայում կմանրամասնեմ դրա մասին։

– Իշխանությունից, խորհրդարանական ընդդիմությունից հույսեր չունե՞ք, որ մի բան կանեն։

– Բնականաբար ոչ, ամեն ինչով իդեալական նույն օրակարգն են սպասարկում։ Անգամ եթե իրենք ազնիվ էլ լինեին, միևնույն է, չէին կարող հասարակությանը գեներացնել։ Մենք կա՛մ պետք է ճեղքենք այս փակ շղթան ու պետական շահից բխող, անհրաժեշտության դեպքում նաև՝ ռադիկալ քայլի գնանք, կա՛մ որևիցե բան տեղի չի ունենալու։ Այն մարդիկ, որոնք աջակցում են պառլամենտական ընդդիմությանը, պետք է շատ լավ իմանան, որ աջակցում են իշխանությանը: Սա իմ կարծիքն է, գուցե սխալվում եմ, բայց նրանց գործողությունները, լիդերների խոսույթը ցույց է տալիս, թե իրենք ինչին են տանում։

– Իսկ ընդհանուր նպատակը ո՞րն է, որ այս քաղաքական ուժերը, ինչպես ասում եք, սպասարկում են միևնույն օրակարգը։

– Երրորդ ու երկրորդ նախագահների մոտ տարբեր է, բայց երկուսի մոտ էլ խմբային շահից այն կողմ չի անցնում։ Երրորդ նախագահի պարագայում իր սեփական ու խմբային անվտանգության միակ ու հիմնական երաշխավորը ներկայիս իշխանությունն է, աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն թույլ չտալու առումով ևս։ Երկրորդ նախագահի պարագայում մի փոքր այլ է․ որևէ կերպ թույլ չտալ ներկայիս ստատուս քվոյի փոփոխություն, քանի որ գործողությունը դեռ ավարտի չի հասցված ։

Պետք է նկատել նաև, որ 1996 թվականից ի վեր Հայաստանում երբեք չի եղել հեղափոխություն՝ անգամ պալատական, հենց այս նույն պատճառներով պայմանավորված՝ 96 թվականից մինչ օրս եղել է իշխանության փոխանցում՝ վիզուալ տարբեր պատրանքների միջոցով։ Հիմա այս շարունակականության ապահովմանը միտված ջանքերն են, ուրիշ ոչինչ այստեղ չկա։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am