«Պատերազմն ինձ սովորեցրել է սիրել՝ այս պահին, առանց պայմանների». բժշկուհի Մանյան՝ երկրի, կրակի և երկնքի արանքում

«Դափնե» նախագծի հաջորդ պատմությունը մանկական անեսթեզիոլոգ֊ռեանիմատոլոգ Մանյա Սարգսյանի մասին է: «Դափնեն» նախագիծ է, որը պատմում է մարդկանց մասին, որոնք անցել են բազում դժվարությունների միջով, սակայն կարողացել են հաղթահարել և նոր կյանք սկսել։ «Ոչ թե զոհ, այլ հաղթած» կարգախոսով մյուս հերոսների պատմությունները  www.DaphneArmenia.com կայքում:

Բժշկուհի Մանյա Սարգսյանը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ 25 տարեկան էր, Երևանի պետական բժշկական համալսարանի օրդինատոր: Երբ պատերազմը սկսվեց, քննության էր պատրաստվում, որը հանձնեց ոչ թե տեսական, այլ գործնական միջավայրում: 

Քննությունը չկայացավ. այդ օրը «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցը, որտեղ Մանյան հերթապահ-ռեանիմատոլոգ էր աշխատում, ընդունեց առաջին երեխաներից մեկին, որը տուժել էր Մարտակերտի ռմբակոծության ժամանակ: Երեխային հասցրել էին Մարտակերտի, ապա՝ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց, հետո սահմանված կարգին հետևելով՝ հասցրել էին Երևան: Մանյան մանկական անեսթեզիոլոգ֊ռեանիմատոլոգ է:

Մանյան շատ լավ է հիշում իր մեկնելու օրը. առողջապահության նախարարությունից թույլտվություն ստացավ, մորն ասաց, որ կզանգի օրական ընդամենը մեկ անգամ, զգուշացրեց, որ հետ գալու ժամկետներ չդնի իր առջև, ու մեկնեց Գորիս: 

Ասում է՝ ճանապարհին չէր մտածում պատերազմի մասին. ինքը բժիշկ է, իր մտածմունքը մարդկային կյանքերն էին, չէր ուզում որևէ մեկի կյանքի կիսատվելը տեսներ: Մտածում էր այն երեխաների մասին, որոնք հավանաբար տեղահանման պատճառով տարբեր տրավմաներ էին տարել, իսկ ինքը մանկաբույժ է, հաստատ կգտնի օգնելու ելքը: Ավտոբուսի մեջ բժշկական համալսարանից ծանոթ ուսանողներ կային, որոնց հետ երգելով էին ճամփա գնում՝ հաղթելու փափագը պահած: 

Հիշում է՝ Գորիսի հիվանդանոցում աշխատակիցները ձմեռվա ողջ պաշարը՝ կոմպոտներն ու պահածոները բերում, հյուրասիրում էին, այնպիսի հոգատարությամբ հետևում Երևանից եկած ջահել բժիշկներին, որ նրանք էլ չզգային, թե տնից այդքան հեռու են: 

«Գորիսի հիվանդանոցում էի, որը բացի վիրավորներ ընդունելուց, նորմալ աշխատանքային ռիթմով գործում էր, մի օր գնացի ծննդաբերություն նայելու: Մինչև հիմա պահում եմ այդ տեսագրությունը, որտեղ նորածինը զրնգուն ձայնով ճչում է՝ ազդարարելով, որ ինքը լույս աշխարհ է եկել այն ժամանակ, երբ մեռնում են: Դա հույս էր, հիշեցում էր, որ մեկ է, այս ամենին զուգահեռ կյանք կա. տե՜ս՝ երեխա ծնվեց: 

Պատերազմն ինձ սովորեցրել է սիրել՝ այս պահին, առանց պայմանների: 

Հա՛, ու ոչ միայն սիրել, այլև ասել, որ սիրում ես, սիրելիների հետ լինել ամբողջությամբ ու անմնացորդ: Սովորեցրել է գնահատել մանրուքները: Հիշում եմ, որ զրահաբաճկոնս 17 կիլոգրամ էր՝ անտանելի ծանր, այնքան, որ ինձ թվում էր՝ բոլորի դարդերը շալակած նստած էի: Մի օր հոգնատանջ, հալից ընկած էի, չէի կարողանում այդ ծանրության տակ շարժվել, երբ մեր ռադիոլոգներից մեկը եկավ, թեթև վերցրեց վրայիցս ու գնաց: Այս պատմությունը եթե առանց նախաբանի պատմեմ, կասեն՝ հա, հետո՞ ինչ: Բայց սա հոգատարության դրսևորում է ինձ համար»: 

Պատերազմից հետո եթե հարցնեին՝ ո՞ւր կուզենար գնալ, կասեր Իշխանաձոր՝ երկինքը տեսնելու: Մանյան հիշում է, որ Հարդագողն այնքան հստակ, պարզ ուրվագծած էր երևում, որ հեռվում թնդացող արկերի պայթյունն անգամ չէր կարող լղոզել այդ պատկերը: Այդ երազկոտ տեսարանը կարող էր ստիպել անգամ ապագայի ծրագրեր կազմել: 

Ավելին՝ ստորև