Այս պահին չեմ տեսնում միտում, որ իրենք ճանապարհը բացելու ցանկություն ունեն. Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

Տիկի՛ն Հայրապետյան, մոտ մեկ ամիս առաջ մեր հարցազրույցի ժամանակ դուք ասացիք, որ Նախիջևանում հետաքրքիր զարգացումներ են ընթանում, որոնք այնքան էլ ուշադրության չեն արժանանում: Երեկ հայտնի դարձավ, որ հրաժարական է ներկայացրել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը, որը ինքնավարությունը ղեկավարում էր 1995 թվականից։ Ի՞նչ է ենթադրում այս հրաժարականը, սա այդ հետաքրքիր զարգացումների համատեքստո՞ւմ է տեղավորվում:

– Այո՛, դեռ նոյեմբերին այնտեղ ձերբակալություններ էին կատարվում, ու այդ ամենը՝ հենց Թալիբովի ու իր ընտանիքի անդամների շուրջ, ու բնական էր, որ հարցը հասնելու էր նրա հրաժարականին: Իմ դիտարկմամբ՝ խնդիրն այս իրավիճակում միայն Թալիբովից ազատվելը չէր, դաշտի իմ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Իլհամ Ալիևն ավելի հեռուն գնացող նպատակներ ունի՝ ընդհուպ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ինքնավար կարգավիճակի վերացումը:

Այս գործողություններով նաև ամբողջ այդ ստրուկտուրալ պայմանավորվածություններն են դրվելու հարցականի տակ, որոնց համաձայն Նախիջևանը իրականում հանձնվել է Ադրբեջանի խնամատարությանը:

– Ինչ-որ կարգավիճակ կտրվի՞ Նախիջևանին:

 – Իմ կարծիքով՝ իրենք ցանկություն ունեն վերացնել որևէ արտոնյալ կարգավիճակ՝ այդ կերպ փակելով նաև Արցախի ինչ-որ կարգավիճակ ունենալու հնարավորությունը, թեև Արցախը որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում բացառում է: Ադրբեջանի նախագահը փորձելու է գնալ նման քայլերի, բայց դա երկար ու բարդ գործընթաց է, ինչը ենթադրում է Սահմանադրության փոփոխություն:

– Նկատի ունեք, որ Նախիջևանում տեղի ունեցողն ավելի հեռահա՞ր նպատակ ունի, որ Ալիևն Արցախի հարցում ավելի հե՞շտ գնա լուծման:

 – Դե, իր համար լուծումն ակնհայտ է. չկան հայեր, չի լինելու որևէ խնդիր: Իր համար դժվար չէ որևէ մեկին կամ բոլորին Արցախում հայտարարել պատերազմական հանցագործ ու ասել, որ նրանք չեն կարող այդտեղ բնակվել: Ընդ որում՝ երեկ մի հետաքրքիր նյութ էր հրապարակվել, որտեղ մի քանի պատգամավորներ խոսում էին, որ պետք է Լաչինի միջանցքում անցակետ տեղադրել ու սկսել ձերբակալել բոլոր պատերազմական հանցագործներին: Նրանք արդեն ցուցակն էլ ունեն:

Նրանք այդ ձևերը շատ լավ գիտեն. հենց նույն Նախիջևանում այդ կերպ են հասել նրան, որ հայերն այնտեղ չապրեն, վերացրել են հայկական հետքն ամբողջությամբ: Նույն քաղաքականությունը խորհրդային շրջանում փորձել են իրագործել Լեռնային Ղարաբաղում, բայց ձախողել են ու դա իրենց համար համարում են դաս ու կարծում են, որ խնդիրը հիմնովին փակելու համար պետք է անել այնպես, որ այնտեղ հայ չապրի:

Այնուամենայնիվ, այս դեպքերն ուղղակի կամ անուղղակի կապ ունե՞ն Արցախի հետ, տիկի՛ն Հայրապետյան:

– Կապ ունեն այնքանով, որ Ադրբեջանի ղեկավարն ուզում է բացառել ինքնավարության կարգավիճակի մասին որևէ խոսակցություն ապագայում՝ Արցախի հետ կապված, թեև, կրկնենք, որ Արցախն իրեն չի տեսնում Ադրբեջանի կազմում:

– Մինչև ձեր ասած բարդ գործընթացները մեկնարկեն ու ավարտեն, Նախիջևանում ո՞վ է փոխարինելու Թալիբովին:

– Իլհամ Ալիևը Փաշաևների կլանից հատուկ ներկայացուցիչ է նշանակել՝ Ֆուադ Նաջաֆլիին, ինչից ակնհայտ է դառնում, որ սա նաև կլանային պայքարի մաս է:

Թալիբովին հրաժարական պարտադրելու պատճառը ո՞րն էր:

– Ինչպես ասացի, կլանային բաժանման խնդիր կար, որովհետև Թալիբովը այսպես կոչված նախիջևանյան կլանի կամ նույն հայր Ալիևի գվարդիայի նախավերջին մոհիկաններից է: Այս ընթացքում Ալիևն ազատվել է բոլոր այդ կադրերից, ու նրանց փոխարինել են Փաշաևների կլանին պատկանող ավելի երիտասարդ ներկայացուցիչներ:

Բացի դրանից, եթե Ադրբեջանում բռնապետություն է, ապա Նախիջևանում կրկնակի բռնապետություն է, այնտեղ բացի Թալիբովների ընտանիքից որևէ մեկը որևէ գործունեություն ծավալելու իրավունք չուներ, և նա հայտնի էր Նախիջևանի խան մականվամբ, ու այդ ամբողջ համակարգը վերահսկվում էր իր ազգականների ու ընտանիքի կողմից:

Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանն ինչպե՞ս է արձագանքում Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ եղած միջազգային կարծիքներին, կոչերին, նաև ՄԻԵԴ-ի որոշմանը, որով բավարարեց Հայաստանի պահանջը՝ կիրառել միջանկյալ միջոց Ադրբեջանի դեմ, որպեսզի վերջինս ապաշրջափակի Լաչինի միջանցքը, կա՞ դիրքորոշման փոփոխություն:

– Ադրբեջանական մամուլում ներկայացնում են, որ ՄԻԵԴ-ը չի բավարարել Հայաստանի պահանջը, հպանցիկ խոսում են միջանկյալ միջոցների կիրառման մասին, որը ենթադրում է ծայրահեղ ծանր հիվանդների ու մի շարք այլ դեպքերի համար ճանապարհի բացում:

Ամեն դեպքում, Ադրբեջանն ամեն ձևով փորձում է ցույց տալ, որ իրենց չեն հուզում միջազգային արձագանքը, այդ ճնշումը, իրենք կայացրել են որոշում ու գնում են այդ ճանապարհով: Քարոզչադաշտի ուսումնասիրությունը թույլ չի տալիս տեսնել միտում, որ իրենք ճանապարհը բացելու ցանկություն ունեն:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am