Հիմա Ռուսաստանն այնքան էլ ուժ չունի, որ շատ կոպիտ քայլերի դիմի, ինչպես 2013-ին, երբ Հայաստանը ԵԱՏՄ անդամ դարձավ. Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, Հայաստանի իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները պնդում են, որ միութենական պետությանն անդամակցելու պահանջ է դրված իրենց առաջ, իսկ ռուսական կողմն այդ հայտարարությունը «սադրիչ» է որակում: Ձեր տպավորությամբ՝ իսկապես կա՞ նման պահանջ:

– Ֆորմալ առումով նման պահանջ չի դրվել, բայց եղել են ակնարկներ, ու նաև գործողություններ են արվել Հայաստանի դեմ, որպեսզի Հայաստանը ստիպված դիմի իր ավագ ընկերոջն ու մտնի միութենական պետության կազմ:

Դա ռուսական ավանդական քաղաքականությունն է, երբ ստեղծում են այնպիսի պայմաններ, որ x երկիրն է դիմում անդամակցության համար, ինչպես եղավ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին ԵԱՏՄ-ին անդամակցելիս: Կարծում եմ՝ հիմա էլ է ռուսական քաղաքականությունն այդ տրամաբանության մեջ:

– Այսինքն՝ համակարծիք չե՞ք այն տեսակետներին, որոնց համաձայն գոնե այս պահին Ռուսաստանի օրակարգում միութենական պետությունը չկա:

– Ռուսաստանը միշտ է մտածել այդ մասին, հիմա ճնշում կա, բայց մյուս կողմից՝ Ռուսաստանը հիմա այնքան էլ ուժ չունի, որ շատ կոպիտ քայլերի դիմի, ինչպես եղավ 2013-ին: Կարծում եմ՝ այդ գաղափարը նրանց օրակարգից դուրս չի եկել, պարզապես հիմա մի քիչ ավելի թույլ են ճնշման տեմպերը, բայց ժամանակի ընթացքում հնարավոր է նաև ուժեղանան:

– Իսկ Հայաստանը հնարավորություն ունի՞ այդ պահանջին դիմակայելու:

– Այո՛, կարծում եմ՝ ունի նման դիմադրողականության պաշար, ու, ըստ իս, հայկական կողմին ի վերջո կհաջողվի խուսափել միութենական պետության կազմի մեջ մտնելուց, մանավանդ որ Ռուսաստանի դիրքերն աշխարհում օր օրի ավելի են թուլանում: Կարծում եմ՝ որոշ ժամանակ հետո այդ հարցն ընդհանրապես դուրս կգա օրակարգից:

– Պարո՛ն Վարդանյան, այդ դեպքում Լաչինի միջանցքի բացման մասով ի՞նչ կարող ենք ակնկալել:

– Կարծում եմ՝ միջազգային ճնշման ներքո Ադրբեջանը որոշ ժամանակով կբացի ճանապարհը, բայց նրա սադրանքներն էլի կշարունակվեն, միայն այս անգամով չի սահմանափակվի:

– Միջազգային ճնշումը, որը մինչ այժմ հայտարարությունների մակարդակով է, կարո՞ղ է ստիպել է Ադրբեջանին ճանապարհը բացել:

– Միայն հայտարարությունները չեն, հնարավոր է՝ բանաձևեր լինեն, հարցը նորից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման առարկա դառնա: Այսինքն՝ միայն հայտարարություններով չեն բավարարվի, այլ քայլերի ևս կդիմեն:

– Իրանական կողմը կարծես ավելի մեղմ դիրքորոշում հայտնեց Լաչինի միջանցքի վերաբերյալ, քան «Զանգեզուրի միջանցքի» պարագայում: Պատճառը ո՞րն է, պարո՛ն Վարդանյան:

– Այդ հարցում Իրանն ավելի չեզոք է, շատ կտրուկ հայտարարություններով հանդես չեն գալիս, որովհետև Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասով նրանք չեն ուզում խնդիրներ ունենալ, Արցախի մասով նրանց հայտարարությունները միշտ էլ ավելի չեզոք են եղել ու ոչ հայամետ: «Զանգեզուրի միջանցքի» մասով նրանց հայտարարություններն ու դիրքորոշումը շատ կտրուկ են, որովհետև դա դեմ է իրենց շահերին:

Գլխավոր անելիքը մերն է, ու Հայաստանը պետք է շատ արագ իր բանակը վերականգնի, մարտունակ դարձնի, քանի դեռ մեր բանակը չի վերականգնվել, միշտ էլ մեր նկատմամբ ճնշումներ են լինելու:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am