«Զավեշտն այն է, որ բոլորը գիտեն` Լաչինի միջանցքի փակման իրական պատճառը որն է, բայց պաշտոնապես ոչ մեկը չի հայտարարում». Գարիկ Քեռյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը

– Պարո՛ն Քեռյան, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ի թիվս այլ հարցերի խոսեց նաև Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, նշեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այդ հարցի վերաբերյալ հայտարարություն չի ընդունվել, որովհետև «Ֆրանսիան չի ընդունել ռուսական կողմի առաջարկները»: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հայտարարությունը:

– Լաչինի միջանցքի փակման հարցով ռուսական կողմն ընդունել է բավականին անորոշ կեցվածք, այսինքն՝ նույն կեցվածքն է, ինչ ընդունել են գրեթե բոլորը, ես նկատի ունեմ մինչ այս եղած կոչ-հայտարարությունները: Հիմա ռուսական կողմն էլ բավարարվում է նմանօրինակ հայտարարությամբ, բայց դա նորմալ չէ, որովհետև միջանցքն առաջին հերթին ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում է, ու նոյեմբերի 9-ի հայտարարության միջնորդն ու երաշխավորը հենց Ռուսաստանն է:

Գլոբալ առումով, սակայն, նման դիրքորոշումը հասկանալի է, որովհետև խրված լինելով շատ մեծ պատերազմի մեջ ու զգալով թուրք-ադրբեջանական կողմի աջակցության կարիքը, Ռուսաստանն իր գործողություններում կաշկանդված է, ու այս իրավիճակից շատ լավ օգտվում է Ալիևը:

Ադրբեջանը, մեկուսացնելով Արցախը բոլոր ուղղություններով, փորձում է միջանցք ձեռք բերել Զանգեզուրում, իսկ եթե միջանցքը չստանա էլ, կարծում է, թե ճնշումն այնքան մեծ կլինի, որ արցախահայությունը ի վերջո դուրս կգա Արցախից, իսկ դրա համար, ինչպես խոստովանել է Ալիևը, ճանապարհը բաց է:

Զախարովայի հայտարարությունը հենց այս ընդհանուր իրավիճակի արտացոլումն էր, երբ նա հայ լրագրողի հարցին ի պատասխան ասաց, որ հարցը պետք է ուղղել ոչ թե իրենց, այլ՝ Հայաստանի ղեկավարությանը, որը, ըստ Զախարովայի, որոշակի պարտավորություններ է ստանձնել, հիմա չի կատարում ու չի կարողանում ադրբեջանական կողմի հետ համագործակցել կամ լուծումներ գտնել: Հայ հասարակության ուշադրությունը այսկերպ ուզում էր հրավիրել այն բանի վրա, որ հայկական կողմը, ամենայն հավանականությամբ, ինչ-որ բանավոր պարտավորություններ է ստանձնել, որոնք հիմա չի կատարում:

Սա իհարկե դիվանագետի կողմից հնչեցված արտառոց հայտարարություն է, որովհետև հայկական կողմը պնդում է, որ ոչ մի պարտավորություն «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ հայկական կողմը չի տվել: Հիմա տեսնենք, թե մեր դիվանագիտական պատասխանը Զախարովային ո՛րը կլինի: Բացի այս, ՌԴ արտգործնախարարությունը հստակ պաշտոնական մեկնաբանություն չի տվել Լաչինի միջանցքի փակման իրական պատճառի վերաբերյալ, բայց բոլորը գիտեն, գլխի են ընկնում, որ «Զանգեզուրի միջանցքն» է պատճառը, բայց չեն խոստովանում պաշտոնապես, զավեշտը սրանում է:

– Նկատի ունենալով երկկողմ հակասական հայտարարությունները՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, ըստ ձեզ, ի՞նչ մակարդակում են այս փուլում:

– Այդ հարաբերությունները նույն մեդալի երկու երեսին եմ նմանեցնում. մի կողմում պաշտոնական դիրքորոշումն այն է, որ պահպանվում են ռազմաքաղաքական դաշնակցությունը ու նաև համագործակցությունը: Մեդալի մյուս կողմում մենք տեսնում ենք Ռուսաստանի իներտ վերաբերմունքը այս պայմաններում, միաժամանակ Հայաստանի իշխանությունների բավականին սուր քննադատությունները Ռուսաստանի հասցեին, ու ես կասեի նույնիսկ՝ հակառուսական տոնայնությունը ինչպես հասարակական միջավայրում, այնպես էլ պաշտոնական միջավայրում ու մեդիադաշտում: Այսինքն՝ երկու կողմն էլ պարզ ու անկեղծ չեն միմյանց նկատմամբ:

– Իսկ ձեր ասած հակառուսականությունը նպատակաուղղվա՞ծ է արվում, թե՞ ոչ:

– Սա կարող է լինել բողոքի արտահայտման ձև, որովհետև շատերն են մեղադրում Ռուսաստանին իր դաշնակցային պարտավորությունները չկատարելու համար: Սա կարող է լինել նաև նախազգուշացում ռուսական կողմին, որ տեսեք, թե Հայաստանում որքան մեծ ու ակտիվ է դժգոհությունը Ռուսաստանի վարած քաղաքականությունից: Այսինքն՝ զգուշացում, որ մի՛ կարծեք, թե ինչ էլ լինի, Հայաստանը մնալու է Ռուսաստանի դաշնակիցը, եթե աջակցություն չեղավ, հնարավոր է՝ Հայաստանը փոխի իր արտաքին քաղաքական վեկտորի ուղղությունը:

– Դա աշխատո՞ղ տարբերակ է:

– Իհարկե ո՛չ, որովհետև մեծ քաղաքականության մեջ Ռուսաստանի նման հզոր կայսրության հետ նման լեզվով խոսելը չի կարող արդյունավետ լինել, սա կարող է վնասել հայ-ռուսական հարաբերություններին: Իհարկե ինձ քննադատողները շատ են ու նորից շատ կլինեն, ու շատ լավ գիտեք տրվող որակումները, բայց մենք ոչ ռուսների սիրահարն ենք, ոչ էլ Պուտինի պաշտպանը, ընդամենը հաշվի ենք նստում իրողությունների հետ, որոնք մեզ հուշում են, որ որքան էլ Ռուսաստանը քննադատության արժանի է, այնուամենայնիվ պետք է նկատի ունենանք, որ տարածաշրջանում առկա է Ռուսաստանը:

– Իսկ եթե այդ քաղաքականությունը շարունակվի, ի՞նչ զարգացումներ սպասենք Արցախի հարցի կարգավորման ու Հայաստանին առնչվող հարցերի վերաբերյալ ռուսական կողմի գործողություններից:

– Հետևանքները հստակ կարող եմ ասել. Արցախի շրջափակումը կշարունակվի ու քանի գնա, ավելի կսրվի վիճակը, որոնց անմիջական հետևանքը լինելու է այն, որ Արցախում կենսապայմանները կվատթարանան, ինչը կառաջացնի միգրացիոն երևույթներ, ինչը շատ վտանգավոր է:

Երկրորդ՝ Ադրբեջանը կարող է օգտվել հայ-ռուսական հարաբերությունների սառեցումից ու գարնանը սկսել իրականացնել սահմանազատումը՝ իր իմացած ձևով, պարզապես ուժով գծել սահմանները, ինչպես արեց Ջերմուկում: Բացառված չէ նաև, որ կարող է ռազմական գործողությունների գնալ և ուժով վերցնել «Զանգեզուրի միջանցքը», ինչը կործանարար կլինի մեզ համար: Այս ամենի դեմը կարելի է առնել միմիայն Ռուսաստանի միջամտությամբ:

Ես շատ ուրախ կլինեի, որ ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան, կամ մեկ այլ պետություն այստեղ ռազմական ներկայություն ունենային, ու մենք ամբողջությամբ կախված չլինեինք մեկ կետից, որովհետև ես ինքս էլ հիացած չեմ Ռուսաստանի ներկա դիրքորոշմամբ, բայց փաստ է, որ դա չկա, որովհետև Արևմուտքի համար այս խնդիրները հազարերորդական նշանակություն ունեն:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am