Մեր կողքին ապրող մարդիկ. Գուզալը

Տիկ-տոկ սոցիալական հարթակում նրա անունն է «Գուզալ-հոգով հայ», Հայաստանում է ապրում արդեն յոթ տարի: Գուզալ Հայտինբետովան կամ Լինդան, ինչպես իրեն կոչում է, ծնվել է մահմեդականների ընտանիքում ինչպես Ուզբեկստանի՝ իր ծննդավայրի բնակչության ճնշող մեծամասնությունը, սակայն 25 տարեկանում որոշել է քրիստոնյա դառնալ , ինչն էլ խնդիրներ է առաջացրել թե՛ հայրական, թե՛ ամուսնու ընտանիքում: 

Գուզալի տուն գնացի առավոտ կանուխ: Դրսում անասելի ցուրտ էր, դրա համար էլ սեղանին դրված գեղեցիկ մատուցված նախաճաշն ու տաք թեյը իսկական դարման էին մրսածիս համար: Անգլերեն լեզվի մասնագետը երկու դուստր ունի, որոնցից Դինարան պարուհի է, հայաստանյան պատվիրակության կազմում մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին ու հաղթանակ բերել: 

Մեծ աղջիկը խոսում է վեց լեզվով, հրաշալի երգում է և այժմ անգլերեն ու հայերեն է սովորեցնում երեխաներին: 

Գուզալը շատ գեղեցիկ կին է՝ տարբերվող արտաքինով, խաղողի հատիկ աչքերով ու մուգ վարսերով. անհնար է նրան չնկատել անգամ հոծ բազմության մեջ: Ինձ դիմավորում է թեև իր ասելով՝ տան հագուստով, բայց անգամ այդ տնային թեթև զգեստը հագին, հողաթափերով, միևնույն է՝ տարբերվող գեղեցիկ է:

Նա մեծացել է մի երկրում, որ պահպանողական հասարակարգ ունի: Իր ծննդավայրը՝ Կարակալպակստանը, որը ճանաչված ինքնավար հանրապետություն է Ուզբեկստանում, բավական տարբերվում է ամբողջ երկրից. այստեղ պահպանողականի հետ համակցվում են ավանդույթի քողի տակ թաքնված կարծրատիպերն ու տղամարդկանց կողմից կառավարվող համակարգը: 

-Հայրս ու մայրս իրար շատ են սիրել,- այդ ասելով մատնացույց է անում տան ամենաերևացող մասում դրված մոր դիմանկարը, որում շատ գեղեցիկ կին է պատկերված: Իմ ծնունդը յուրատեսակ ապստամբություն էր բոլորի դեմ, դա հանդուգն ու գեղեցիկ մի բան էր կարծրատիպերի դեմ, քանի որ ծնողներիս ընտանիքները դեմ էին նրանց միությանը:

Նրանց ընտանիքում ընդունված էր, որ կինը չի կարող տղամարդու աչքերի մեջ նայել, նույնիսկ՝ հոր: 

-Ո՜նց էի ուղիղ նայում հորս աչքերի մեջ ու ասում՝ ես այդպես եմ որոշել, նա էլ շեշտակի ինձ էր նայում, երբեմն՝ շանթահար: Մշակույթը պիտի արժևորել, բայց ժողովրդի մեջ առկա հավատալիքները, կարծրատիպերը հանդուրժել, եթե դրանք քեզ դժբախտացնում են, ոչ: 

Դեռ նշանված էր, երբ աշխատանքի ընդունվեց մի ամերիկյան կազմակերպությունում: Գործն իր համար նոր էր, ու տարբեր սխալներ էր թույլ տալիս, որոնց համար, ի զարմանս իրեն, չէր պատժվում: Իրենց ընտանիքում, օրինակ՝ ընդունված էր սխալի համար երեխային ծեծել: 

-Մի օր մոտեցա տնօրենիս ու ասացի՝ հա՜, երևի ինձ չեք պատժել այսքան ժամանակ, որ վերջում աշխատավարձիցս կտրեք: Զարմացած ինձ նայեց՝ մենք ի՞նչ իրավունք ունենք ձեզ պատժել, Գուզալ, դուք կարող եք սխալվել, ձախողվել, այդպես են սովորում, բռնությունն անընդունելի է Աստծո կողմից: Ես էլ ասացի՝ ի՞նչ աստված, իմ իմացած աստված միայն պատժում է, իմ իմացած հասարակության մեջ տղամարդը նստած է գահին ու ինքն է որոշում՝ ինչպես վարվել կնոջ հետ ու երբևէ պատասխանատվություն չի կրում դրա համար, քանի որ միշտ ճիշտ է: 

Սկսեց ամերիկացի գործընկերների հորդորով Աստվածաշունչ կարդալ, ուսումնասիրել քրիստոնեություն և հասկացավ, որ իր կրոնը, իր հավատքը հենց սա է: Թեև քրիստոնյա դառնալու իր որոշումը ամուսնու կողմից սկզբում ընդունվեց, սակայն հետո, երբ և՛ Գուզալի հայրը, և՛ մտերիմները երես թեքեցին նրանից, կողակիցն ասես լրիվ ուրիշ մարդ դարձավ: Կրոնը կարևոր տեղ է զբաղեցնում իր երկրում, բայց հաճախ բովանդակությունը ստորադասվում է արարողակարգին: Նա գտնում է, որ եթե ինքդ քո վրա չես աշխատում, չես սիրում մարդկանց, կարող ես համբուրել քահանայի ձեռքերը, խաչ կրել, բայց քրիստոնյա չլինել: 

– Պատկերացրու՝ Հայաստանում որևէ մեկը որոշի մահմեդական դառնալ, ինչպե՞ս կընդունեն մարդիկ: Նույնն բանն էլ այնտեղ էր՝ Ուզբեկստանում: 

Գուզալը որոշ ժամանակ աշխատել է դպրոցում, բայց անկեղծորեն խոստովանում է, որ մայրն է իրեն ստիպել մանկավարժ դառնալ: Եթե իրեն հնարավորություն տային մասնագիտություն ընտրել, կդառնար դատավոր կամ իրավաբան: Սակայն այս պատմությունը տեղի է ունեցել հեռավոր 90-ականներին, երբ Ուզբեկստանում կինն իրավունք չուներ «տղամարդու մասնագիտություն» ընտրելու: 

Հիշում է, որ երկրորդ բալիկի ծնունդից երեք ամիս էր անցել, երբ ամուսինը մեկնեց Ռուսաստան ու անհետացավ: Մեկ շաբաթ անց՝ 2008 թվականի դեկտեմբերյան մի ցուրտ օր, նրան ուղղակի դուրս արեցին ամուսնու տնից: Հայրը չընդունեց դստերը՝ համարելով նրա ամուսնալուծությունը, որի որոշումը ինքը չէր կայացրել, խարան ընտանիքի համար: Երկու ժամում վարձով բնակարան գտավ, մայրության արձակուրդը կիսատ թողեց ու վերադարձավ դպրոց: Երեք տարի անց նա դարձավ այդ դպրոցի տնօրենը, հետո որոշեց տուն գնել, այնուհետև բացեց իր մասնավոր դպրոցը: 

-Ինձ ասացին, որ եթե ուզում եմ տուն գնել, պիտի ամուսնության վկայականը ներկայացնել: Գնացի ԶԱԳՍ, աշխատակցուհին մանրամասն նայեց փաստաթղթերը, հետո զարմացած բացականչեց՝ հարգելի՛ս, դուք վաղուց ամուսնալուծված եք: Չեմ ուզում երկար-բարակ պատմել, որ ամուսինս իրավաբան էր, իսկ օրենքները մեր երկրում այն ժամանակ հատկապես կայացվում էին հօգուտ տղամարդու: Ինձ բաժանել էին առանց իմ ներկայության: 

Ամուսնալուծված կինը Ուզբեկստանի մեծ մասում համարվում է ամոթ: Իր նահանգում դա սարսափելի մի բան է, իսկ ինքը բոլոր «ամոթներ»-ի համակցություն էր՝ մեքենա էր վարում, աշխատանք ուներ, մազերը՝ կարճ, կիսաշրջազգեստ էր կրում, ամուսնալուծված էր: 

2014 թվականին վերջնական որոշեց վերցնել երեխաներին ու գնալ Տաշքենդ՝ թողնելով ստեղծածը ծննդավայրում: Անգլերեն էր դասավանդում մայրաքաղաքում, ամեն բան լավ էր, բայց, իր պատմելով՝ մի բան պակասում էր երջանիկ լինելուն: 

-Երբ մարդկանց ասում եմ՝ Աստված ինձ ուղղորդեց Հայաստան, ծիծաղում են: Ասում եմ՝ հա, ինքը կոնկրետ հանձնարարություն տվեց ինձ: Անգլիայում մի դպրոց գտա, որտեղ կարելի էր քրիստոնեություն ուսումնասիրել, բայց վարձավճարը շատ թանկ էր, ու իմ ամերիկացի ընկերներից մեկն ասաց՝ գնա՛ առաջին քրիստոնյա երկիր՝ Հայաստան: 

Գուզալը Հայաստանում՝ ինչպես ձուկը ջրում: Հասցրել է նույնիսկ մի քանի տարի ապրել Սպիտակ քաղաքում ու տեսնելով այնտեղ առկա խնդիրները, վերջերս իր ընկերներից մեկի՝ Սթիվի հետ, Հայաստանում հիմնել է «Դեպի վեր» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է Սպիտակի շրջանում հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքների հետ աշխատանքով: Նրանք դասընթացներ են կազմակերպում, տարբեր հմտություններ ու գիտելիքներ փոխանցում, համագործակցում են տեղի իշխանությունների հետ, իրազեկում են ու օգնում մարդկանց: 

-Սպիտակում շատ են հաշմանդամություն ունեցող երեխաներ, որոնց մեծացնում են միայնակ մայրեր: Ես էլ եմ միայնակ մայր ու իրենց լավ եմ հասկանում, ես գիտեմ՝ինչ է նշանակում իջնել ամենաներքև, ու գիտեմ, թե որքան դժվար է բարձրանալ: Իմ գործընկեր և ՀԿ-ի համահիմնադիր Սթիվի հետ ամեն բան անում ենք, որ բոլորին ներգրավենք. համայնքը պիտի ամուր լինի, ունենա հիմնավոր արժեքներ, որոնք բովանդակության մասին են, ոչ թե սոսկ հավատալիքների: 

– Ո՞նց ես քեզ զգում Հայաստանում,-հարցնում եմ: 

-Այ ցավդ տանեմ,- շատ սահուն հայերենով արձագանքում է Գուզալը, որի վեցերորդ լեզուն է հայերենը: 

Երեխաների հետ տանը խոսում է ռուսերեն, անգլերեն ու արդեն՝ հայերեն, բայց իր ամենահարազատ լեզուն, որով մտածում է, ուզբեկերենը չէ, այլ ռուսերենը և անգլերենը: Մեծ աղջիկը գիտի ուզբեկերեն, փոքրը՝ ավելի շատ հասկանում է, բայց չի խոսում: 

Հայաստանում տանն է՝ ամբողջությամբ, չնայած դեռ բնակարան չունի, վարձակալում է: Ինքը, ինչպես մեր երկրում ծնված-մեծացած մարդիկ, շատ բաների հետ կռիվ է տալիս, լիքը բաների համաձայն չէ, բայց չի հանձնվում, փորձում է փոխել: 

-Ինձ երևի ամենից շատ դուր չի գալիս տղամարդկանց դոմինանտ լինելը, շատ բան է թողնված կանանց ուսերին: Շատ կանայք չեն կարողանում ձայն տալ իրենց ապրումներին, ու ես մտածում եմ, որ ես եմ իրենց ձայնը: Չեմ ուզում տղամարդկանց ստորացնել, ամենևին, ուղղակի ուզում եմ վերանայեն իրենց մտածելակերպը: 

Գուզալն ասում է, որ 15 տարի շարունակ մենակ է, ու այս տարիների ընթացքում միշտ եղել է այդ հավատամքը՝ ես շատ կայացած եմ ու երջանիկ եմ միայնակ, ինձ տղամարդ պետք չէ: Բայց վերջին տարիներին սկսել է վերանայել իր տեսակետը.

-Երբեմն մտածում եմ, որ տարիքի հետ ռոմանտիկ եմ դարձել: Բայց հետո հասկանում եմ, որ հոգնել եմ ինքս իմ մասին հոգ տանելուց, ուզում եմ երջանիկ լինել, բայց կարողանալ կիսել այդ երջանկությունը: Ես լավ մայր եմ՝ բոլոր բջիջներով մամա եմ, բայց նաև կին եմ, որ ուզում է ընտանիքում տղամարդու հոգատարություն, նվիրվածություն լինեն: 

Գուզալի երկու դուստրերը գիտեն, որ մայրը նրանց տվել է մեծ ազատություն, բայց նաև հասկանում են այն սահմանները, որ նա դրել է: Կատակում է, որ անհամաձայնություններ աղջիկների հետ ունենում են միայն տան մաքրության հետ կապված: Նա չափազանց ուշադիր է տան մաքրության հարցում, հաճախ նույնիսկ՝ հիվանդագին աստիճանի: 

– Թող սա լինի ամենամեծ խնդիրը: Ես չեմ ուզում, որ աղջիկներիս կյանքը կախված լինի այն արարողակարգից, որից իմն է կախված եղել՝ դպրոց, տան մաքրություն ու այդպես շարունակ: Չէ, նրանք արժանի են լինել ինքնուրույն, կայացած կանայք, որոնք գիտեն՝ ինչ են ուզում, որոնք գիտեն, որ ոչ մի խոչընդոտ չի կարող խանգարել իրենց երազանքին: 

Աղջիկների հետ ընկերներ են, սիրում են խենթություններ անել իրար հետ, հատկապես Տիկ-տոկում, սիրում են իրար սովորեցնել և ուղղակի շատ սեր տալ միմյանց: 

Հ.Գ. Երբեմն մոռանում եմ, որ հյուր եմ գնացել, ու միայն ձայնագրիչիս վրա ավելացող րոպեներն են ակնարկում, որ քաղաքավարության չափն անցում եմ: Հեռանալիս Գուզալը հիշում է, որ մի կարևոր բան չի ասել, այն, որ Դինարան որոշել է ռազմական ակադեմիայում սովորել կամ իրավաբան դառնալ: 

-Ասում է՝ մա՛մ, ո՞վ, եթե ոչ ես պիտի պաշտպանեմ Հայաստանը: 

Կուշանե Չոբանյան

Լուսանկարները՝ ընտանեկան արխիվից

MediaLab.am