«Վիճակս վատանում է». Պարույր Հայրիկյանը պահանջում է գտնել գլխավոր պատվիրատուին եւ ոչ թե «ինչ-որ էպոպասերի»

«Վիճակս վատանում է». Պարույր Հայրիկյանը պահանջում է գտնել գլխավոր պատվիրատուին եւ ոչ թե «ինչ-որ էպոպասերի»
«Վիճակս վատանում է». Պարույր Հայրիկյանը պահանջում է գտնել գլխավոր պատվիրատուին եւ ոչ թե «ինչ-որ էպոպասերի»

Նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը դարձյալ դժգոհ է իր նկատմամբ կատարված մահափորձի գործի քննությունից: «Ես պահանջում եմ, որ գլխավոր պատվիրատուին գտնեն: Ինձ պետք է գլխավոր պատվիրատուն, մարդ, որն ինձ հետ հաշիվ կունենար քաղաքական, կամ մարդիկ, որ ինձ հետ քաղաքական հաշիվ կունենան, այլ ոչ թե ինչ-որ էպոսասեր»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը:
Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել հունվարի 31-ի գիշերը՝ նախագահի ընտրություններից առաջ:

Նա հրազենային վնասվածք էր ստացել աջ անրակի շրջանում:

Բուժվելուց հետո հայտարարել էր, որ ինքնազգացողությունը լավ է, անգամ մասնակցել էր մամուլի ասուլիսների: Սակայն ընտրություններից հետո Հայրիկյանն ու նրա թիմակիցները սկսեցին հայտարարել, որ նրա առողջական վիճակը վատացել է, և հնարավոր է՝ տեղափոխվի արտերկիր բուժման:

Անդրադառնալով այս հարցին` Պարույր Հայրիկյանը «Մեդիալաբին» ասաց, որ իր առողջական վիճակը դեպի վատացում է գնում:

«Գնալով վիճակս վատանում է»,-ասաց նա:

Այժմ նա բուժօգնություն է ստանում Կարմիր խաչի հիվանդանոցում: Հայրիկյանը նշեց, որ բժիշկները պետք է որոշեն՝ ինքը պե՞տք է տեղափոխվի արտերկիր բուժվելու, թե՞ ոչ:

Մահափորձից հետո Հայրիկյանը հայտարարել էր, թե իրեն չի հետաքրքրում՝ ո´վ է կրակել իր վրա, և ինքը քննության մանրամասներին ծանոթ չէ:

Ընտրություններից հետո, սակայն, նա սկսեց դժգոհություն հայտնել գործի քննության ընթացքի վերաբերյալ: Ազգային անվտանգության ծառայությունը գործի առնչությամբ ձերբակալեց Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող Խաչատուր Պողոսյանին և Սամվել Հարությունյանին: Գործի առնչությամբ մարտի 6-ին կալանավորվեց նախագահի նախկին թեկնածու էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ով առնչություն էր ունեցել վերոնշյալ երկու անձանց հետ: Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար։

Պարույր Հայրիկյանը, սակայն, հայտարարում է, որ դարձյալ դժգոհ է և ցանկանում է կալանավորված տեսնել գլխավոր պատվիրատուին:

«Մեդիալաբի» այն հարցին, թե ինչո´ւ էր ավելի վաղ նա հայտարարում, որ իրեն չի հետաքրքրում` ովքե´ր են իր վրա կրակել, իսկ այսօր սկսել է հետաքրքրվել հանցագործության բացահայտմամբ, նա պատասխանեց. «Երբ ասում եք՝ ավելի շուտ հետաքրքրվեի, մի քիչ ծիծաղելի է: Նորմալ ժամանակին է իմ հայտարարությունը եղել»,- ասաց նա:

Նշենք, որ այսօր Հայրիկյանի փաստաբանն ընթերցել է նրա հայտարարությունը, որում, մասնավորապես, ասվում է. «Ոճրագործին չհաջողվեց վերացնել քաղաքական գործչին, իսկ քաղաքական գործիչն արեց իրենից կախված ամեն ինչ, որպեսզի երկիրը չգնա ոճրագործի պատվիրատուի գծած ճանապարհով: Արդյունքում` Պարույր Հայրիկյանը ոչ միայն հաշմվեց և ունեցավ առողջության տևական քայքայում, այլ նաև կորցրեց ընտրողների այն ձայները, որը կարող էր ստանալ, եթե հանցագործությունը տեղի չունենար»:

Հայրիկյանի փաստաբանը նաև ասել է, որ Հայրիկյանը պետական լիազոր մարմնից պահանջում է ողջամիտ ժամկետում բացահայտել իրական պատվիրատուին: Նշվել է, որ ողջամիտ ժամկետ կարող է լինել մինչև վեց ամիսը:

© Medialab.am