Ստացվում է՝ թույլ են տվել, որ պետությունը կործանվի, բանակը ջախջախվի, հիմա արձանագրում են, թե ով է մեղավորը. Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, վերջին շրջանում անընդհատ խոսվում է, անգամ ամենաբարձր մակարդակով, ադրբեջանական ռազմական նոր էսկալացիայի վտանգի բարձր հավանականության մասին։ Իշխանությունը, ձեր տպավորությամբ, կանխարգելիչ քայլեր անո՞ւմ է այդ ուղղությամբ։

– Ես չեմ բացառում, որ Ադրբեջանն ինչ-որ փուլում կարող է ռազմական էսկալացիայի գնալ, որովհետև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից վարվող քաղաքականությունն ու հռետորաբանությունն դրա մասին են խոսում։ 

Հասկանալի է, որ Ադրբեջանը փորձում է մինչև 2025 թվականը հասնել, իրենց պատկերացմամբ՝ Արցախի հարցի կարգավորմանը, որպեսզի ռուսական խաղաղապահ զորակազմի մանդատի երկարաձգման հարց այլևս չքննարկվի, ու նրանք դուրս գան Արցախից։ Բայց թե Հայաստանն այսօր ի՞նչ քաղաքականություն է իրականացնում այդ էսկալացիան սանձելու և Ադրբեջանին համարժեք պատասխան տալու համար, այս պահին չեմ կարող ասել, բայց որ պետք է ամեն ինչ արվի, որ նման էսկալացիա թույլ չտրվի, միանշանակ է։

– Դատելով իշխանության հայտարարություններից, գործողություններից՝ որոշակի քայլեր արվո՞ւմ են՝ ըստ ձեզ։

– Ինձ համար այդ քայլերը հետևյալն են․ բանակի վերազինում, ընդհանուր առմամբ հանրության տրամադրությունների որակական փոփոխություն և, ընդհանրապես, պետության պատրաստությունը պաշտպանական համակարգի գործընթացին, հասարակության պատրաստությունը հնարավոր ռազմական էսկալացիային դիմագրավելու համար, մեր բոլոր ռեսուրսների օպտիմալ կառավարումը այդ սպառնալիքը չեզոքացնելու համար բոլոր ճակատներում։ Մեր բոլոր ռեսուրսները պետք է կարողանանք շատ արդյունավետ կառավարել ու նաև հստակեցնել պոտենցիալ դաշնակիցներին, գործընկերներին ու նաև այն պետություններին, որոնց հետ խնդիրներ ունենք։ Վերջիվերջո, Հայաստանն ինչպե՞ս է տեսնում այս կոնֆլիկտի լուծումը։

– Տեսանելի՞ է ձեզ համար, թե իշխանությունն ինչպես է տեսնում այդ լուծումը։

– Ո՛չ, ես բազմիցս ասել եմ, որ գործող իշխանությունը չունի արտաքին քաղաքականության հստակեցված հայեցակարգ, կոնցեպտուալ պատկերացումներ որևէ կնճռոտ խնդրի լուծման համար՝ թե՛ արցախյան հարցի համար, թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում, թե՛ աշխարհաքաղաքական կողմնորոշման առումով։ Հայաստանը ոչ թե օրակարգ է գեներացնում կամ առկա խնդիրները լուծելուն միտված առաջարկություններով է հանդես գալիս, այլ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը օրակարգ է սպասարկում, զրկված է տարածաշրջանում սեփական խնդիրները լուծելուն միտված հարցեր բարձրացնելու մանդատից, տպավորություն է, որ Հայաստանը պարզապես արձագանքողի գործառույթ է իրականացնում, ինչը շատ վատ է։ 

Այս ամենը խոսում է այն մասին, որ մենք չենք ձևավորել համապատասխան ներուժ այս սպառնալիքները չեզոքացնելու համար։ Պատերազմից հետո ընկած ժամանակահատվածը հնարավոր էր արդյունավետ կառավարել՝ ռեսուրսների ճիշտ բաշխման ու կոտրված վիճակից դուրս գալու համար, ինչը չի արվել։

– Բանակի վերազինման մասին ասացիք, օրինակ՝ որոշ ընդդիմադիր գործիչներ նշում են, որ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությամբ իշխանությունը շարունակում է կազմաքանդել բանակը, ու այս կալանավորումը, ըստ նրանց, Նիկոլ Փաշինյանի՝ բանակում հինգերորդ շարասյան առկայության մասին արված հայտարարության տրամաբանական շարունակությունն է։ Համակարծի՞ք եք ընդդիմության պնդմանը, պարո՛ն Նորիկյան։

– Նախ՝ ես չեմ կարծում, որ այդ շրջանակներից եկող արձագանքներն այդքան արժանի են ուշադրության, և երկրորդ՝ նրանք պետք է ուղղակի ամեն օր երկրպագեն Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը՝ իրենց հանդեպ նման ջերմ վերաբերմունքի համար։ Կալանավորել են, վաղն էլ ազատ կթողնեն, այդ ո՞ր մի գեներալին են ենթարկել պատասխանատվության, կամ իրենց շրջանակներից այդ ո՞ր մեկն է պատժվել, որ հիմա էլ այդ նույն շրջանակների կողմից նման անհանգստություն է հաղորդվում։ 

Ես չեմ կարծում, որ տվյալ անձով պայմանավորված բանակը քանդելուն միտված գործընթացի մասին պետք է խոսենք։ Ընդհանուր առմամբ, վերջին շրջանում բանակում արվող փոփոխություններն են մտահոգության տեղիք տալիս, որովհետև չկա բանակի զարգացման մոդել։ 

Հինգերորդ շարասյան մասով․ ես չեմ բացառում դրա գոյությունը, բայց ինձ համար բոլորովին այլ համատեքստում է այդ խնդիրը, այսինքն՝ այս իշխանությունը գիտի, որ մեր պարտության հիմնական պատճառը եղել է հինգերորդ շարասյունը, ու մինչև հիմա այդ շարասյունը գնդակահարված չէ՞։ 

Ինչի՞ մասին եք դուք խոսում, մի օր սրան եք մեղադրում, մի օր՝ նրան, վերջում ասում եք՝ հինգերորդ շարասյուն, բա բացահայտեիք, ցույց տայիք հանրությանը, նախ բնում պետք է խեղդեին, որովհետև ստացվում է, որ թույլ են տվել, որ պետությունը կործանվի, բանակը ջախջախվի, հիմա նոր հետին թվով արձանագրում են, թե ով է մեղավորը, բա այդ ժամանակ ի՞նչ էիք անում։ Ստացվում է, որ Հայաստանում հինգերորդ շարասյունը հաղթե՞լ է։

– Նմանատիպ հայտարարությունները, առավելևս, երբ, ինչպես դուք էլ ասացիք, չկան պատժվողներ, արդյոք չե՞ն վնասում բանակի հեղինակությանը։

 – Մեր ժողովրդի մոտ բանակը շատ ուրույն դեր ու կարևորություն ունի, բայց ակնհայտ է մի բան, որ այսօր սասանված է ոչ միայն բանակի հեղինակությունը, ընդհանրապես Հայաստանի պետականության գաղափարաբանությունն է ստվերված, մարդիկ հավատ չունեն պետության նկատմամբ, մարդիկ Հայաստանում ապագա չեն տեսնում։

Ողբերգականը սա է, երբ պատերազմից հետո որևէ բան չի արվել, որ այս վիճակը չստեղծվի, հիմա առանձին դիտարկել բանակի հեղինակությունը, կարծում եմ՝ այս պարագայում այնքան էլ տեղին չէ, որովհետև պետության նկատմամբ է հավատի կորուստ տեղի ունեցել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am