Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ֆոնին հաջորդ լայնամասշտաբ պատերազմը մեծ ներուժ ունի վերածվելու տարածաշրջանային պատերազմի. Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը 

– Պարո՛ն Պետրոսյան, Ադրբեջանն ու Իսրայելը երեկ բացահայտ հայտարարեցին Իրանի դեմ համատեղ պայքարելու մասին։ Նման բացահայտ հակաիրանական քաղաքականություն վարելու հետևանքները որո՞նք կարող են լինել, և ինչո՞ւ են բացահայտ նման հայտարարություն անում կողմերը։

– Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները փոխադարձ ռազմավարական բնույթի բավականաչափ բարձր մակարդակով կարևորվող հարաբերություններ են, որոնց մասին վերլուծական-փորձագիտական մակարդակներում բաց խոսվել է, բայց միջպետական հռետորաբանության շրջանակներում՝ ավելի զգույշ։ 

Այդ հարաբերությունների արտաքին ուղղվածությունն ունեցել է երկու հիմնական թիրախ․ Ադրբեջանի պարագայում Հայաստանն է, այսինքն՝ այդ հարաբերությունները Ադրբեջանի կողմից օգտագործվել են ընդդեմ Հայաստանի, մասնավորապես սպառազինությունների ձեռքբերման հսկայածավալ մատակարարումներն Իսրայելից, նաև հետախուզական բնույթի աջակցություն է ցուցաբերվել Ադրբեջանին։ 

Իսրայելի համար այդ հարաբերությունները միանշանակ ուղղված են եղել ընդդեմ Իրանի, այսինքն՝ Իսրայելը գնահատել է նախ Ադրբեջանի տարածքի աշխարհագրականորեն բարենպաստ ռազմավարական դիրքը՝ որպես Իրանի անմիջական հարևան երկիր։ Կարևորել է նաև Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը ու թուրք-ադրբեջանական ընդհանուր մոտեցումները Իրանի հետ հարաբերություններում։ 

Ինչո՞ւ կողմերը որոշեցին բացահայտ խոսել հակաիրանական քայլերի մասին, եթե նախկինում զգուշավոր էին խոսում այդ մասին, ու հատկապես Ադրբեջանի կողմից մշտապես փորձ էր արվում հերքել Իրանի մտահոգությունները, որոնք պարբերաբար իրանական կողմից գրեթե բոլոր մակարդակներում բարձրաձայնվում էին։ 

44-օրյա պատերազմից և ուկրաինական ճգնաժամի մեկնարկից հետո Ադրբեջանի քաղաքականությունը փոխվել է, և նա ուղիղ կերպով խոսում է ոչ միայն Իսրայելի հետ հարաբերությունների կարևորության մասին, այլև կոնկրետ քայլեր է իրականացնում այդ հարաբերությունների մակարդակը բարձրացնելու համար՝ նկատի ունեմ Ադրբեջանի դեսպանատուն բացելու հանգամանքը Թել Ավիվում, ինչը նշանակում է, որ այդ հարաբերություններում բովանդակային ակնհայտ փոփոխություններ կան։ 

Ու այս փոփոխության համատեքստում ակնհայտ է, որ Բաքուն որդեգրել է բացահայտ հակաիրանական քաղաքականություն՝ չթաքցնելով, որ տեղավորվում է Իրանի դեմ ձևավորված ոչ ֆորմալ կոալիցիայում, որի մաս են կազմում ԱՄՆ-ն, եվրոպական որոշ երկրներ, իսկ տարածաշրջանում, իհարկե, Իսրայելը, Թուրքիան։ 

– Ստացվում է, որ Ադրբեջանի համար նպաստավոր պայմաննե՞ր են ստեղծվել 44-օրյա պատերազմից և ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։

– Այո՛, 44-օրյա պատերազմում տարած ոչ լիարժեք հաղթանակն այնուամենայնիվ փոխել էր արցախյան հիմնախնդրի ստատուս քվոն ու նաև մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մասով, ու Ադրբեջանին անհրաժեշտ էր նոր պատեհ իրավիճակ՝ այդ կիսատ մնացած խնդիրները լուծելու համար։ Փաստացի ուկրաինական ճգնաժամը եղավ այդ պատեհ առիթը, որից օգտվում է Ադրբեջանը, ու քանի որ այն գլոբալ ճգնաժամ է, աշխարհակարգի փոփոխությունը տեղի է ունենում զուգահեռ մի քանի տարածաշրջանում, այդ թվում՝ մեր։ 

Ադրբեջանն ամեն կերպ աջակցում է, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերը թուլանան, նույն Արցախում այդ սադրիչ գործողությունները, որոնց մասին ես կանխատեսել էի մեր վերջին հարցազրույցի ժամանակ, այսինքն՝ այս գործողությունները շարունակվելու են Ռուսաստանի դիրքերի թուլացման դեմ, իսկ մյուսը հակաիրանական ճամբարում անթաքույց կերպով տեղավորվելու այդ դիրքորոշումն է, որը որդեգրել է Ադրբեջանը։ 

Չի բացառվում, որ հակաիրանական ճամբարում տեղավորվելու համար Ադրբեջանը հստակ պահանջ է դրել իր գործընկերների առջև՝ ներկայացնելով իր տարածքային հավակնությունները Իրանի հյուսիս-արևմուտքի նկատմամբ։ 

– Պարո՛ն Պետրոսյան, իրանական կողմի արձագանքն ինչպիսի՞ն է լինելու այս բացահայտ հայտարարությունից հետո։

– Ադրբեջանի հակաիրանական կարևոր խթաններից մեկն էլ այն է, որ Իրանը 44-օրյա պատերազմից հետո փորձում է ավելի ակտիվանալ մեր տարածաշրջանում ու այդ համատեքստում տարածաշրջանում առաջացած մարտահրավերների նկատմամբ դրսևորել հստակ մոտեցում, որով խնդիրներ է առաջացնում Ադրբեջանի ու Թուրքիայի համար, հատկապես Սյունիքի նկատմամբ ունեցած նկրտումներին է խոչընդոտում։ 

Իրանն արդեն 2,5 տարի կիրառում է նույն կտրուկ հռետորաբանությունը ու, մեծ հաշվով, խոչընդոտում Ադրբեջանի կողմից շատ ավելի ագրեսիվ գործողությունները Հայաստանի նկատմամբ՝ ակնարկելով նաև Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների խորացման անթույլատրելիության մասին։ 

Իրանական հռետորաբանությունը մինչ այս այլ է եղել՝ ըստ այդ պահին եղած իրողությունների։ Բայց հիմա, երբ պաշտոնական մակարդակով հայտարարել են հակաիրանական կոալիցիայի մասին, հետևաբար, իմ ակնկալիքն այն է, որ պետք է փոխվի նաև Իրանի հռետորաբանությունը։

– Դեպքերի նման զարգացումն ի՞նչ է տալու Հայաստանին, տարածաշրջանում դրա արդյունքն ու հետևանքը ո՞րն է լինելու։

– Հետևանքն այն է, որ տարածաշրջանում լարվածությունը շատ ավելի է մեծանում, ու ակնհայտ է, որ Ադրբեջան-Հայաստան կոնֆլիկտի ֆոնին հաջորդ լայնամասշտաբ պատերազմը մեծ ներուժ ունի վերածվելու տարածաշրջանային պատերազմի։ Պարզ է, որ փորձ է արվում Իրանին ներքաշել մեծ ռազմական արկածախնդրության մեջ, ճիշտ այնպես, ինչպես տեղի ունեցավ ուկրաինական ճգնաժամի պարագայում, երբ Արևմուտքն ամեն ինչ արեց, որ Ռուսաստանը ներքաշվի պատերազմի մեջ։ Իրանին պատերազմի մեջ ներքաշելու քաղաքականության մեջ կիրառվելու են բոլոր հնարավոր միջոցները։ 

Սրանով հանդերձ մեզ համար արդյունավետ է Իրանի սկզբունքային դիրքորոշումը մեր տարածաշրջանային քաղաքականության համատեքստում, Իրանի կողմից փորձ է արվելու կանխել ադրբեջանա-իսրայելական սպառնալիքը, բայց դա արդեն ոչ փափուկ ուժի միջոցով, ինչպես 8 տարի անօգուտ իրականացնում էր Իրանը։ 

Ակնհայտ է Իրանի նկատմամբ թշնամական մոտեցումը, ու դա պետք է կանխել համարժեք միջոցներով, իսկ այս տրամաբանության մեջ Իրան-Հայաստան հարաբերությունների խորացումը բոլոր մակարդակներում այլընտրանք չունի, որովհետև մեր եղած մարտահրավերների դեմ մենք միայնակ ի զորու չենք պայքարելու։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am