Ամբողջ սահմանի երկայնքով ադրբեջանցիներն ավելի լավ դիրքային պայմաններ ունեն, քան մենք՝ նրանք բարձր են, մերոնք՝ ցածր. Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է կատարվում Տեղ-Կոռնիձոր հատվածում։ ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «տեղի են ունեցել ՀՀ և ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է»։ Կարծում եք՝ ադրբեջանական կողմը բանակցությունների շնորհիվ կլքի՞ Տեղ գյուղում զբաղեցրած հատվածները:

– 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ պարզվեց, որ Հայաստանը պետք է Լաչինի շրջանը վերադարձնի, Ադրբեջանը պարտավորություն էր վերցրել սեփական ուժերով կառուցել Գորիս-Ստեփանակերտ նոր ճանապարհ, որը պետք է շրջանցի Լաչին քաղաքը։ Ճանապարհի իրենց հատվածն իրենք կառուցեցին, մնում էր, որ Հայաստանն իր մասով կառուցի՝ Կոռնիձոր գյուղի հատվածում։ 

Պայմանավորվածություն է եղել, որ ապրիլի 1-ին երթուղին պետք է փոխվի, ադրբեջանցիները երկու օր առաջ արդեն եկել են ու դիրքավորվել այն տեղերում, որը, պայմանավորվածության համաձայն, պետք է իրենց անցներ։ 

Իրականում սա է տեղի ունեցել, Հայաստանի իշխանությունների համար որևէ անակնկալ բան տեղի չի ունեցել, անակնկալն այն է, որ նրանք երկու օր շուտ են եկել ու ավելի հարմար դիրքեր են զբաղեցրել։ Ցավոք սրտի, հերթական անգամ Ալիևը մեկ քայլ առաջ արեց, քան Փաշինյանը․ նրանք երկու օր շուտ եկան ու ավելի հարմար դիրք զբաղեցրին։ 

Կարծում եմ՝ հնարավոր է, որ բանակցությունների արդյունքում մի քանի հարյուր մետր հետ գնան, բայց ամբողջ խնդիրն այն է, որ նրանք կրկին ավելի լավ դիրք են զբաղեցնելու, քան մենք, ու, ցավոք սրտի, ամբողջ սահմանի երկայնքով, գրեթե բոլոր տեղերում, ադրբեջանցիներն ավելի լավ դիրքային պայմաններ ունեն, քան մենք՝ նրանք ավելի բարձր են, մերոնք՝ ավելի ցածր։ 

– Իսկ ինչո՞ւ է այս իշխանությունը միշտ թշնամուց մեկ քայլ հետ։

– Ցավոք սրտի, այս իշխանություններն ավելի հեռատես չեն, քանի անգամ եղել են դեպքեր, որ նրանք ուղղակի չեն կանխատեսել իրադարձությունների հետագա ընթացքը։ Մենք ավելի շատ արձագանքողի դերում ենք, քան նախաձեռնողի ու ամեն անգամ Ադրբեջանի քայլերին ենք արձագանքում, նախաձեռնողականությունը շատ քիչ դեպքերում ենք վերցնում մեր ձեռքը, դրա համար էլ հետևանքներն այսպիսին են։

 – Պարո՛ն Վարդանյան, թեև դա իշխանության համար անակնկալ չի եղել, ու, ինչպես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե տարածքային կորուստ Հայաստանը չի ունեցել, բայց փաստերն ու Տեղի բնակչությունն այլ բան են ասում։ Եթե եղել է այդ պայմանավորվածությունը, ինչի մասին դուք էլ ասացիք, ապա ստացվում է, որ կողմերը հիմա սահմանագծո՞ւմ են անում։

– Չէ՛, սա չի կարելի սահմանագծում համարել, սա տեղորոշում է, թե ով որտեղ պետք է կանգնի, պաշտոնական դելիմիտացիա ու դեմարկացիա չէ, կարող է մի օր էլ այս տեղորոշումը խախտվի մեր կամ նրանց օգտին։ 

– Նկատի ունենալով, որ ադրբեջանական զորքը հիմա բոլոր բարենպաստ դիրքերում է տեղակայված, այսօրվանից գործարկվող ճանապարհը, որն Արցախն ու Հայաստանը պետք է կապի, որքանո՞վ է անվտանգ լինելու։

– Ընդհանուր ճանապարհն ապահով չի լինելու, որովհետև շատ նեղ՝ 5 կիլոմետրանոց միջանցք է, ինչպես էլ ուզեն, կհարվածեն այդ ճանապարհին։ Պատահական չէ, որ բանակցություններում հայկական կողմը մշտապես պնդում էր՝ Լաչինի միջանցքը պետք է ունենա 20 կիլոմետրանոց լայնություն, որպեսզի նույնիսկ «Գրադի» հարվածներից ճանապարհը պաշտպանված լինի։ Հիմա միջանցքը նեղ է, ու, մեծ հաշվով, կապ էլ չունի, թե որ թմբի տակ կամ սարի վրա են ադրբեջանցիները, ընդհանուր առմամբ, ճանապարհն անվտանգ չէ։

– Ադրբեջանը վերջին շրջանում հաճախակի է խախտում հրադադարն Արցախում, ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

– Լայնածավալ բախումներ, կարծում եմ, առայժմ չեն լինելու, գոնե այդ հատվածում, բայց նրանք անընդհատ գալու են, ավելի լավ դիրքային պայմաններ ստանան, քանի դեռ հայկական կողմից հակահարված չեն ստացել։ Վերջին երկու-երեք տարվա ընթացքում նրանք անընդհատ շոշափել են մեր զարկերակը․ նրանք եկան ու անարգել գրավեցին Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը, հետո այլ տարածքներ, ու ամեն անգամ հայկական կողմը կրակելու հրաման չէր տալիս, դրա համար էլ նրանք շատ հանգիստ են, գիտեն, որ պատասխան չի լինելու, դրա համար էլ անարգել առաջ են գնում։ 

– Պարո՛ն Վարդանյան, ինչո՞ւ չի տրվում այդ հրամանը։

– Հայաստանը պատրաստ չէ լայնածավալ պատերազմի, ու առայժմ ունենք այն, ինչ ունենք։ Ադրբեջանն էլ գիտի, որ առայժմ պատրաստ չենք, կամաց-կամաց առաջ են գալիս։ Մի քանի տեղերում պետք է հակահարված տանք, որովհետև Ադրբեջանի լկտիությունն արդեն սահմաններ չունի։ Ժամանակի ընթացքում, կարծում եմ, կլինի այդ հակահարվածը, ուղղակի հիմա ուժերն անհավասար են, ու իշխանությունները խուսափում են, բայց ադրբեջանցիներին պետք է կանգնեցնել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am