Որևէ հիմք չկա ընդունելու ՀԱՊԿ-ի դիտորդներին, դա տեղում որևէ օգուտ չի տալու. Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– Պարո՛ն Ղևոնդյան, ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հնարավորության մասին, ասել է, որ «գնդակը Երևանի դաշտում է»: Ի՞նչ կտա այդ առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին, ու ինչպիսի՞ն կլինի Հայաստանի որոշումը։

– Հուսանք, որ Հայաստանը չի համաձայնի, որովհետև բավական դժվար է պատկերացնել և՛ Եվրամիության, և՛ Ռուսաստանի «քավորության» ներքո գործող առաքելություն իրականացնող ներկայացուցիչներին նույն հատվածներում։ 

Մենք տեսնում ենք, թե խաղաղապահ ուժերը Լեռնային Ղարաբաղում ինչպես են աշխատում, դեռ նրանք զինված են ու որոշակի դեպքերում իրավունք ունեն ուժ գործադրելու, իսկ ուժ գործադրելու իրավունք չունեցող խաղաղապահների տեղակայումը սահմանին Հայաստանին ընդհանրապես ոչինչ չի տալու։ 

Այն, որ ՌԴ արտգործնախարարությունը հայտարարում է, թե «գնդակը Երևանի դաշտում է», նորմալ է, նրանք այլ առաջարկ չեն էլ անելու։ Մենք գիտենք, որ Հայաստանը դժգոհում է, որ ՀԱՊԿ երկրները չեն դատապարտում Հայաստանի դեմ ագրեսիան, չեն նշում Հայաստանի ինքնիշխան սահմանի խախտվելու փաստը, բայց պետք է ասեմ, որ չեն էլ նշելու այդ մասին, չեն էլ դատապարտելու, ընդամենը առաջարկելու են այն, ինչ ի սկզբանե են ասել՝ խաղաղապահ առաքելության ուղարկում ու մշտադիտարկում, որը կարծես թե արեցին, բայց դա որևէ էական օգուտ չտվեց Հայաստանին։ 

Հայաստանն ինքը պետք է որոշի՝ ի վերջո հետքայլ կատարե՞լ, թե՞ չէ։ Կարծում եմ, որևէ հիմք չկա հետքայլ կատարելու, ընդունելու ՀԱՊԿ-ի դիտորդներին, որովհետև դա տեղում Հայաստանին որևէ օգուտ չի տալու։ 

– Ասում եք՝ չզինված առաքելություն է ու չպետք է համաձայնել, բայց ԵՄ առաքելությունն էլ է չզինված, որին համաձայնել են։ Ինչո՞ւ ընդունել մեկն ու մերժել մյուսը, եթե երկուսն էլ, ըստ էության, անզեն առաքելություն են։

– Ես նշեցի, որ մենք ունենք փաստ, որ Արցախում է խաղաղապահ առաքելությունը՝ զինված, և նրանց գործառույթների օգտակարությունը շատ կասկածելի է, դեպքեր էլ կան, որ ակնհայտ երևում է՝ նրանք իրենց առաքելությունը շատ վատ են կատարում։ Այդ լույսի ներքո չզինված առաքելության տեղակայումը ավելի կամ նույնկերպ շահավետ դժվար թե հնարավոր լինի։ 

Ինչ վերաբերում է՝ ինչո՞ւ մեկին համաձայնել, մյուսին՝ ոչ, որովհետև Հայաստանը ՀԱՊԿ անդամ է ու Հայաստանի նկատմամբ պարտավորություններ ունի ՀԱՊԿ-ը, որն իր պարտավորությունները չի կատարում, փոխարենն առաջարկում է Հայաստան ուղարկել այն, ինչ Հայաստանը կարողանում է ստանալ նրանցից, ովքեր պարտավորություն չունեն Հայաստանի նկատմամբ։ 

ՀԱՊԿ-ի դեպքում Հայաստանն իր իրավունքները չի կարողանում իրացնել, Հայաստանի նկատմամբ պարտավորությունները ՀԱՊԿ-ը չի կատարում, ԵՄ-ի դեպքում չկան իրավունքներ ու պարտավորություններ, բայց կա առաջարկ, որը Հայաստանն ընդունել է։ Այստեղ պետք է հստակ տարբերություն դնել։ 

 – Պարո՛ն Ղևոնդյան, գուցե զինված առաքելություն են ուղարկում, որովհետև, ինչպես Զախարովան է ասել՝ համաձայնության դեպքում «կողմերը կկարողանան վերադառնալ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ տեսակների ամրապնդման աշխատանքներին»։ Բացառո՞ւմ եք, որ զինված առաքելություն ուղարկեն հայ-ադրբեջանական սահման։

– Չեմ կարծում, թե ՀԱՊԿ-ը պատրաստ կլինի զինված ուժեր տեղակայել սահմանին, առաջին հերթին այն պատճառով, որ նույնիսկ չեն դատապարտում Ադրբեջանի գործողությունները, եթե չեն դատապարտում, զինված առաքելություն են ուղարկում կանոնակարգի ո՞ր կետի համաձայն, չկա մի կետ, որով նշվում է, թե ագրեսիա չլինելու դեպքում հնարավոր է զինված առաքելություն տեղակայել։ Դա ընդամենը բառախաղ է Զախարովայի կողմից, ինչը, կարծում եմ, Հայաստանում շատ լավ հասկանում են, ունի միայն մեկ նպատակ՝ ինչ-որ կերպ անվանարկել ԵՄ առաքելությունը ու ցույց տալ, որ իրենց առաքելությունը որևէ բանով պակաս չէ ԵՄ-ի առաջարկածից, ու մի բան էլ իրենցը կարող է ավելի լավը լինել։ 

Երբ դեռ չկար ԵՄ առաքելությունը, մենք տեսել ենք, թե ինչպես էր ՀԱՊԿ-ն արձագանքում Հայաստանի՝ օգնություն տրամադրելու դիմումներին, այսօր՝ ԵՄ առաքելության պայմաններում, երբ Հայաստանն ապահովում է որոշակի արդյունավետություն, առաջարկել նույն բանը Հայաստանին, նշանակում է ծիծաղել Հայաստանի վրա։

– Եթե Հայաստանը հրաժարվի այդ առաքելության տեղակայումից, այդ որոշումը կողմերի հարաբերությունների վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ։

– Հայաստանը նախկինում արդեն չի համաձայնել այդ առաջարկությանը, հուսանք՝ այդպես էլ կշարունակի, չեմ կարծում, որ հետևանքները տարբերվեն նախկինում եղածներից։ Սա ուղղակի կնշանակի մեկ բան, որ Հայաստանի փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ, որոնք մինչև 2018 թվականը եղել են վասալային, այսօր փոփոխություններ են կրում, ու Ռուսաստանը շատ դժվար է համակերպվում դրանց, փորձում է Հայաստանը կրկին պահել իրենից ամբողջական կախվածության մեջ, բայց Հայաստանը կարողացել է դիվերսիֆիկացնել իր արտաքին մարտահրավերները, ինչը հնարավորություն է տվել մի փոքր դուրս գալ այդ կախվածությունից։ 

Ռուսաստանը, սակայն, փորձում է տարբեր ձևերով ճնշել Հայաստանին, ընդամենը մեկ օրինակ բերեմ․ Հայաստանի կողմից այդ Հռոմի ստատուտը վավերացնելու վերաբերյալ տոտալ ճնշումն է, որին կարծես թե ՀՀ իշխանությունները տեղի են տալիս՝ ըստ հայտարարությունների, ու այդ ճնշումները շարունակվելու են ուղղակի, իսկ ավելի ուժգին գործողություններ այս փուլում իրատեսական չեմ համարում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am