Եթե անհրաժեշտ քայլերը չանենք, Արցախը կանգնելու է հայաթափման իրական վտանգի առաջ, դա հիմա առավել քան իրական է. Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումն Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն անընդունելի է համարում։ Ինչպե՞ս եք գնահատում պատասխանատու կողմ հանդիսացող երկրի ԱԳՆ տարածած հայտարարությունը։

– Բոլոր արձագանքները՝ սկսած Ռուսաստանի արձագանքից, ԱՄՆ-ի արձագանքը, ըստ էության, պոստ ֆակտում արձանագրումներ են, թույլ շեշտադրումներով, երկուսում էլ դատապարտվում է կատարված փոփոխությունը, բայց այդ տեքստերից ակնհայտորեն երևում է, որ միջազգային ակտորները որևէ ռեալ քայլ չեն ձեռնարկելու Ադրբեջանի դեմ։ 

Այսինքն՝ չեմ սպասում, որ այդ հայտարարությունից հետո Ռուսաստանը կոշտ ուժով փորձելու է միջանցքը բացել կամ անցակետը վերացնել, առավելևս չեմ սպասում, որ ԱՄՆ-ն պատժամիջոց է կիրառելու Ադրբեջանի դեմ, որովհետև երկու հայտարարության հիմքում էլ այն շեշտադրումն է, որ եղածը դատապարտելի է, բայց երկու կողմերին էլ հավասարապես հորդորվում է պայմանավորվածությունները կատարել։ Սա այն է, ինչի մասին ես զգուշացնում էի, որ եթե այդ ճանապարհն անգամ բացվի, ապա նույն ռեժիմով չի բացվելու։ 

– Լաչինի միջանցքով անխափան երթևեկության ապահովման պարտավորությունը ստանձնած երկրի կողմից նման հայտարարություն հնչեցնելը որքանո՞վ է պատշաճ, նմանօրինակ հայտարարությունից կարո՞ղ ենք եզրակացնել, որ անցակետի տեղադրումը փոխադարձ համաձայնության արդյունք է։

– Ես նման կոշտ ձևակերպում չէի տա, ես կասեի, որ Ադրբեջանը նման քայլի է գնացել միջազգային լռելյայն կոնսենսուսի պայմաններում, այսինքն՝ Ալիևը հաշվարկել է, որ ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոնից լուրջ դիմադրության չի հանդիպի: Այս պարագայում պայմանավորվածությունը կարևոր չէ, այսինքն՝ նման փաստ չունենք, ու չեմ կարող պնդում անել, շատ ավելի կարևոր է Ադրբեջանի կամ Ալիևի հաշվարկը, բնականաբար, դրան նախորդել են դիվանագիտական ջանքերը։

– Բայց անգամ այդ պարագայում, պարո՛ն Սուրենյանց, երաշխավոր կողմը չպե՞տք է ավելի հստակ ու կանխարգելիչ քայլերի դիմեր։

– Ռուսաստանը կա՛մ չի ցանկանում, կա՛մ չի կարողանում հակազդել Ադրբեջանին, սա ակնհայտ է: Իհարկե, որպես եռակողմ հայտարարության երաշխավոր կողմ՝ ինքը շատ ավելի մեծ պատասխանատվություն ունի, քան արտաքին մյուս ակտորները, բայց այնպես չէ, որ Ռուսաստանի այս կեցվածքը խիստ զարմանալի է՝ հատկապես ուկրաինական պատերազմից հետո: Նկատելի է, որ չի ուզում ու չի կարողանում, իր առաջնահերթություններից ելնելով, հակադրվել Ադրբեջանի քաղաքականությանը, բայց, մյուս կողմից՝ Ադրբեջանը շատ կարևոր խաղացող է բոլորի համար, այդ թվում՝ Արևմուտքի։ 

Իհարկե, պատասխանատվությունն առաջին հերթին Ռուսաստանինն է, բայց ես չեմ ուզում միայն Ռուսաստանին հասցեագրել դա և մյուս խաղացողներին, որոնք դարձյալ ներգրավված են Հարավային Կովկասում, դուրս բերել պատասխանատվության դաշտից։ Մենք տեսնում ենք, որ Արևմուտքն էլ սահմանափակվում է պրոֆորմալ հայտարարություններով, ու, ինչպես արդեն ասացի, ակնհայտ է՝ ոչ մի ռեալ հակազդեցություն չի լինելու Ադրբեջանի դեմ, նրանք էլ պատրաստ չեն հանուն հայկական շահի հակադրվելու Ադրբեջանին։ 

Մյուս կողմից, բացի եռակողմ հայտարարությունից, գոյություն ունի Հաագայի դատարանի որոշում, որի շահառուներն արդեն արևմտյան տերություններն են։ 

Ստեղծված իրավիճակում պետք է նաև հասկանալ, թե որքանո՛վ է առկա Հայաստանի իշխանության մեղքը, ու որտե՛ղ է սկսվում աշխարհաքաղաքականությունը։ Մենք առաջին հերթին պետք է պատասխանատու համարենք հենց Հայաստանի իշխանությանը, թե չէ ինձ մոտ հաճախ տպավորություն է, երբ հետևում եմ արձագանքներին, որ մեր հասարակության մեծ մասը հաշտվել է այն փաստի հետ, որ մենք այլևս չունենք պետություն, ու ցանկացած իրադարձությունից հետո սկսում ենք դատափետել Ռուսաստանին կամ Արևմուտքին: Այսպես իրեն պահելու իրավունք ունի պետականություն չունեցող ժողովուրդը, իսկ պետականություն ունեցող ժողովուրդները առաջին հերթին հարցերը պետք է ուղղեն իրենց իշխանությանը։ 

– Պարո՛ն Սուրենյանց, քանի որ ձեր խոսքում ասացիք, որ չպետք է ռեալ քայլեր ակնկալել Ադրբեջանի դեմ, այդ պարագայում ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում, ու հայկական կողմի անելիքը ո՞րը պետք է լինի։

– Շատ բարդ ու ծանր իրավիճակում ենք հայտնվել, սա բարդագույն իրավիճակ է, որտեղ միայն հոռետեսական կանխատեսումներ են առաջ գալիս։ Դիվանագիտական ջանքերը պետք է ակտիվացնենք առաջին հերթին Ռուսաստանի հետ, ինչպես նշեցիք, եռակողմ հայտարարության կողմ է՝ հասկանալու համար՝ որտե՞ղ է Ռուսաստանի քաղաքականության կարմիր գիծը, մինչև որտե՞ղ նա կարող է պահպանել Արցախի ժողովրդի իրավունքները: 

Սա աշխատանքի մի ուղղությունն է, բայց՝ ամենակարևոր, որովհետև մինչև մենք չհասկանանք Ռուսաստանի քաղաքականությունը, չենք կարող մեր հնարավոր օրակարգն ադապտացնել այդ իրողություններին։ 

Մյուս կողմից՝ պետք է ակտիվորեն աշխատենք արևմտյան կառույցների հետ, որովհետև նրանց դեկլարատիվ հայտարարությունները վաղուց չեն սանձում, այլ նույնիսկ խրախուսում են Ադրբեջանին։ 

Առաջին հերթին Մոսկվայի հետ բազմաթիվ խնդիրներ պետք է պարզվեն, այդ թվում՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամային տարրերը վերացնելուց զատ պետք է ձգտենք Ռուսաստանի միջնորդությամբ, որովհետև տարածաշրջանում նա է մնում հիմնական ֆակտորը, գնալ հարաբերությունների արագ կարգավորման Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ 

Եթե այս անհրաժեշտ քայլերը չանենք, Արցախը կանգնելու է հայաթափման իրական վտանգի առաջ, դա հիմա առավել քան իրական է, որովհետև այս քայլերն արվում են հենց այդ նպատակով։ 

Տեսեք՝ ես արդեն սուբյեկտությունից չեմ խոսում, որովհետև մի քանի ամիս հետևողականորեն՝ ձեզ տված հարցազրույցներում ասում էի, որ եթե հայկական կողմը չկարողանա արդյունավետ բանակցությամբ հասնել Արցախի սուբյեկտության ամրագրմանը, վաղը նույնիսկ այդ նշաձողը մեզ համար երանելի կթվա, նույնիսկ կանխատեսում էի, որ կգա օր՝ Լավրովի այս վերջին առաջարկը, երբ Ղարաբաղը համեմատում էր Դոնբասի հետ։ Ցավոք սրտի, իրադարձությունները շատ արագ զարգացան, ու իմ տխուր կանխատեսումները իրականություն դարձան։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am