Անցակետի ապամոնտաժումը հնարավոր կլինի թերևս սկզբունքային պայմանավորվածությունների հանգելուց հետո. Արման Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, վաշինգտոնյան բանակցություններից ի՞նչ ակնկալիքներ կան:

– Բոլոր դեպքերում, Միրզոյան-Բայրամով վաշինգտոնյան այս հանդիպումն ունի նախապատրաստական բնույթ և դժվար թե հանգեցնի ինչ-ինչ վերջնական, անբեկանելի արդյունքների: 

Մեզ համար բանակցությունների արդյունավետության նախանշան կարող է լինել մարդասիրական միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետի ապամոնտաժումը և առկա երթուղով մարդկանց ու բեռների անխափան տեղաշարժի վերականգնումը: Դրական միտումների նշան կլինի նաև Արցախի գազա- և էլեկտրամատակարարման լիարժեք վերականգնումը: 

Ինքս այս պահին նման ընթացքը քիչ հավանական եմ համարում: Նախարարական հանդիպումը թերևս կոչված է նախապատրաստելու այն օրակարգը, որի շուրջ ավելի ուշ կխոսեն Ալիևն ու Փաշինյանը:

– Նկատի ունենալով Ռուսաստանի արձագանքն այդ բանակցություններին՝ ի՞նչ եզրակացություններ կարելի է անել։

– Կարելի է միայն ենթադրել, որ Մոսկվան անհանգստացած է այս բանակցությունների արդյունքում ձեռք բերվելիք այնպիսի հնարավոր պայմանավորվածություններից, որոնք էապես կտարբերվեն ռուսական տեսլականից և, օրինակ, կվտանգեն ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում:

– Ռուսաստանն ու Արևմուտքը իսկապե՞ս անում են հնարավորը, որ կողմերի միջև խաղաղության պայմանագիր կնքվի, որովհետև կա կարծիք, որ նրանց նպատակը բոլորովին այլ է։

– Պետք է հասկանանք, որ միջնորդող կողմը խաղաղություն ասելով նկատի ունի այնպիսի պայմանավորվածություն, որը հաշվի կառնի կամ կներառի նաև իր սեփական շահերը: Հենց դրանից ելնելով է միջնորդը սովորաբար միաժամանակ հանդես գալիս որպես պայմանավորվածությունների լիարժեք կատարման երաշխավոր: Չխորանալով պատճառների մեջ՝ արձանագրեմ միայն, որ ռուսական կողմն առ այսօր չկարողացավ կամ չցանկացավ հետամուտ լինել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության լիարժեք կատարմանը, հակառակ դեպքում այժմ վաշինգտոնյան հարթակ ձևավորելու անհրաժեշտությունը գուցե չէր էլ ծագի:

– Պարո՛ն Մելիքյան, ի վերջո ռուսակա՞ն, թե՞ արևմտյան հարթակում կկնքվի այդ պայմանագիրը։

– Պայմանագրի հետ կապված խնդիրները կարող են հաջորդաբար և անգամ զուգահեռաբար քննարկվել թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան, թե՛ եվրոպական հարթակներում: Բանակցությունների հաջողությունը կախված կլինի, մի կողմից, նրանից, թե պաշտոնական Երևանն ու Բաքուն իրականում որքանո՛վ պատրաստ կլինեն խնդիրը խաղաղությամբ փակելուն, իսկ մյուս կողմից էլ նրանից, թե միջնորդները հակամարտ կողմերին ի՛նչ կարգի երաշխիքներ կտրամադրեն:

– Արցախի մասով ի՞նչ զարգացումներ սպասենք։ Ադրբեջանական ապօրինի անցակետը կապամոնտաժվի՞։

– Անցակետի ապամոնտաժումը հնարավոր կլինի թերևս ինչ-ինչ արմատական, սկզբունքային պայմանավորվածությունների հանգելուց հետո: Այդուհանդերձ, սպասենք Միացյալ Նահանգներում այժմ տեղի ունեցող բանակցային փուլի ավարտին:

– Ռուսաստանն ու Հայաստանը ի՞նչ պետք է անեն Արցախում կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար, որ չեն անում։

– Նվազագույնը, ինչ պետք է արվի դրա համար, մարդասիրական միջանցքի ու բոլոր էներգետիկ հաղորդակցությունների անխափան աշխատանքի վերականգնումն է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am