Այս իշխանության համար «Մարտի 1»-ը միայն Քոչարյան հրեշին ստեղծելու և քվեներ ստանալու հարմար առիթ է. Արմեն Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը 

– Պարո՛ն Խաչատրյան, ՀՀ գլխավոր դատախազի խոսքով՝ «Մարտի 1»-ի գործը, որը կազմված է մոտ 800 հատորից, այս պահի դրությամբ գտնվում է մեկ քննիչի վարույթում, «Հոկտեմբերի 27»-ի գործին ևս անդրադառնալու են։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս գործերի բացահայտման մասով, մասնավորապես «Մարտի 1»-ի գործով։

– Վերջին երեք տարիներին առիթ եղել է հաճախ անդրադառնալ «Մարտի 1»-ի գործին, և գնալով եկել եմ այն եզրահանգման, որ ավելի շատ ակնկալիք չունեմ այս իշխանությունից, քան ունեցել եմ երբևէ՝ սկսած 2008 թվականից։ Իրեն հեղափոխական ներկայացնող իշխանությունը չի արել ավելին, քան նախորդ իշխանությունները, ընդ որում՝ եթե նախորդների դեպքում հասկանալի էր այս գործով նրանց գործողությունների տրամաբանությունը, որովհետև իրենք դրա ուղիղ պատասխանատու էին, ապա հիմա տրամաբանական բացատրություն ես չեմ կարողանում գտնել, թե ինչն է ստիպում այս իշխանություններին կոծկել «Մարտի 1»-ի գործը, ու ինչով են պայմանավորված քաղաքական այն հետապնդումները, որոնք 2008-2011 թվականներին տեղի էին ունենում, դրանց շարունակությունը նաև այս իշխանությունների օրոք է։ 

Սրանք ուղղակի բառեր չեն, ես հստակ ձևակերպում եմ տալիս, որովհետև, օրինակի համար՝ Վարդգես Հայոցյանը, Լևիկ Խաչատրյանը և այլք, որոնց թիվը 40 է, շինծու քրեական գործով դեռևս դատապարտված են մնում, ու արդարացված չեն 2008 թվականի քաղաքական դրդապատճառներով դատապարտված անձինք, ապա դա ինձ համար նշանակում է իրավունքների շարունակական խախտում, որը շարունակվում է նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Իսկ այդ քաղաքական շարունակական հետապնդման համար ուղիղ պատասխանատու է օրվա իշխանությունը։ 

Երկրորդ՝ տասնյակ քաղաքական դատավճիռներ արձակած դատավորներ, դատախազներ, քննիչներ առ այսօր պաշտոնավարում են, իսկ ոմանք ունեն պաշտոնի առաջխաղացում, ու ես նորից փաստեմ, որ այն հանցագործությունները, որոնք կատարվում էին արդարադատության դեմ, և այն անձինք, որոնք կոնկրետ դրանց կատարողներն էին, առ այսօր նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական չի տրվել, և, ըստ էության, դրանով արդարացվում են այն բոլոր հանցագործությունները, որոնք կատարվել են 2008-2011 թվականներին՝ իրավապահ ու դատական համակարգի ներկայացուցիչների կողմից, և նորից՝ այս ամենի պատճառը հասկանալու համար չեմ կարողանում տրամաբանական որևէ եզրահանգման գալ։ 

Ինչ վերաբերում է մարտի 1-ի բուն կատարողներին ու կազմակերպիչներին. մենք գիտենք, որ այս քրեական գործով այս իշխանությունների օրոք, ի վերջո, Սահմանադրական դատարանի որոշմամբ մի այնպիսի մեծ քար է դրվել գործի քննության վրա, որն այս պահին հաղթահարելու գործնական հնարավորությունը դեռևս չեմ տեսնում։ 

Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ եթե նախաքննական մարմինը իմ ասած ճանապարհով գնար ու սկսեր քննել «Մարտի 1»-ի իրական տուժողների գործերը, թե ի՛նչ պայմաններում են նրանք հայտնվել մեղադրյալի կարգավիճակում, ո՛ւմ ցուցմունքներով, ո՛ր քննիչի անգործության կամ հանցավոր գործողությունների հետևանքով, ի՛նչ մոտիվացիայով են այդ դատավորները կազմակերպված միասնական դիտավորությամբ գործել, մենք կունենայինք «Մարտի 1»-ի գործի բացահայտմանն ուղղված շատ կոնկրետ գործողություն ու արդյունք։ 

Գլխավոր դատախազն ասում է՝ ընդամենը մեկ քննիչ է զբաղվում «Մարտի 1»-ի 800 հատոր քրեական գործով, իսկ դա նշանակում է, որ այս իշխանությունների մոտեցումն անհամեմատ ավելի վատն է, քան Սերժ Սարգսյանի կամ Վահագն Հարությունյանի Հատուկ քննչական ծառայությունը, որի ժամանակ գոնե կար ֆորմալ քննչական խումբ: Միևնույն է, այն ժամանակ էլ որևէ գործուն քայլ չէր արվում գործի բացահայտման համար, բայց գոնե ֆորմալ կարգով քննչական խումբ կար, ու մի շարք քննիչներ իբրև թե զբաղվում էին «Մարտի 1»-ի գործով։ 

Հիմա մի քննիչի է հանձնարարված, որն ի՞նչ է զեկուցում, հետաքրքիր է, ամենշաբաթյա ռեժիմով ի՛նչ է զեկուցում, որ քաղբանտարկյալները դեռևս շարունակում են մնալ դատապարտվածի կարգավիճակով, որ այդ վճիռներն արձակած դատավորները դեռևս դատական իշխանությունում են և քրեական գործեր են քննում ու ունեն պաշտոնի առաջընթաց, որ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է, որ «Մարտի 1»-ի գործով մի շարք մեղադրյալներ դեռևս մեկ տարի առաջ՝ վաղեմության ժամկետի հետ կապված, դիմումներ են գրել ու նրանց վերաբերյալ քրեական գործերը կարճվել են, ընդ որում՝ դրանք եղել են անկյունաքարային ֆիգուրներ՝ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մասին է խոսքը։ 

Այսինքն՝ ակնկալիք ունենալ այն դեպքում, երբ չկա «Մարտի 1» բացահայտելու քաղաքական կամք, իսկ այս գործը բացահայտելու համար առնվազն պետք է ունենալ քաղաքական կամք։ Այս իշխանությունը «Մարտի 1»-ը, իր համար քվեներ կամ հրեշային հակառակորդ ստեղծելուց զատ, այլ նպատակով չի օգտագործել, իսկ դա լավագույն ճանապարհը չէ «Մարտի 1» բացահայտելու համար։ 

– Քաղաքական կամքի բացակայություն, ՍԴ-ի որոշումը, որը, ձեր բնորոշմամբ՝ մեծ քար է այս գործի բացահայտման վրա դրված. հաշվի առնելով այս ամենը, ըստ ձեզ, իշխանությունն ինչո՞ւ է նորից ակտիվացրել «Մարտի 1»-ի գործի բացահայտման թեման։

– Ենթադրում եմ, քանի որ շուտով մտնելու ենք Երևան քաղաքի ընտրական գործընթացի մեջ, ու, հավանաբար, նորից քվեներ ստանալու համար պետք է գալու ստեղծել Ռոբերտ Քոչարյան հրեշին, որպեսզի այդ ֆոնին նորից ձայներ ստանա, որովհետև այլ նպատակով «Մարտի 1»-ի փաստարկը այս իշխանությունը դեռևս չի օգտագործել, բացառապես քվե ստանալու համար, այնպես որ, կմտնենք նորից այդ քաղաքական սիմբիոզի մեջ։ 

«Մարտի 1»-ի քրեական գործ՝ առանց այդ գործի անմիջական տուժողների, մասնակիցների վերաբերյալ նյութերի, այդ քննիչն ի՞նչ է անում, 800 հատորը դրել կարդում է, դա հո Դյումայի հատորնե՞րը չէ, որ իբրև պատմավեպ անընդհատ կարդա, ինչո՞ւ չեն հարցաքննվում այդ տղերքը, որևէ դատավորի հարցաքննե՞լ են, գոնե արդարացված գործերի մասով, այնպես որ, ես կրկնում եմ՝ զրո ակնկալիք այն իշխանությունից, որի համար «Մարտի 1»-ը միայն քվեներ ստանալու հարմար առիթ է։

– «Հոկտեմբերի 27»-ը և՞ս այդ նպատակի մեջ է տեղավորվում։

– Եկեք իսկապես ընդունենք, որ «Հոկտեմբերի 27»-ը ունի շատ կոնկրետ բարդություններ, որովհետև եթե «Մարտի 1»-ի գործով կան անձինք, որոնք հստակ դերակատարում են ունեցել՝ թե՛ տուժող կողմի, թե՛ նախկին իշխանությունների, որոնք կազմակերպել են, ասացի արդեն, թե ինչ շրջանակների աջակցությամբ, ապա «Հոկտեմբերի 27»-ի գործով բավական բարդ է գործի քննությունը կազմակերպել, բայց ոչ անհնար: 

Բայց եկեք նաև ընդունենք, որ այս գործի հիշատակումները նորից մտնում են իմ ասած տրամաբանության մեջ, որովհետև «Հոկտեմբերի 27»-ում էլի հրեշը Քոչարյանն է, «Մարտի 1»-ով հրեշը Քոչարյանն է, ու այստեղ իրենց էլի պետք է ստեղծել Քոչարյանից մի կերպար, որն ընտրություններում իրենց հնարավոր հակառակորդն է ու պետք է այս ժողովրդին սարսափեցնել այդ հակառակորդի հնարավոր վերադարձով, որպեսզի կարողանան նորից քվեներ ստանալ։

– Պարո՛ն Խաչատրյան, դեռ հաջողվո՞ւմ է այդ հրեշի կերպարի օգնությամբ քվեներ ստանալ։

– Ռոբերտ Քոչարյանն անգամ իր պաշտոնավարման ամենածաղկուն շրջանում ժողովրդական աջակցություն չի ունեցել։ 1998-ին երկրապահական շրջանակներն էին, 2003-ին նրա հիմնասյունը օլիգարխիան էր, 2008-ին նորից այդ քրեաօլիգարխիկ համակարգն էր, իսկ այս վերջին շրջանում՝ այդ քաղաքական սիմբիոզը, որը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ուժին էր սնում քվեներով, այլ նաև՝ Քոչարյանին։ 

Ռոբերտ Քոչարյանը հայ ժողովրդի մեջ երբևէ քաղաքական հենարան չի ունեցել, եղածն էլ՝ շատ չնչին է։ Բայց պետք է նշել, որ, այո՛, այդ կերպարի օգնությամբ այս իշխանությանը հաջողվում է քվեներ ստանալ, Քոչարյանի իշխանավարման տարիների վախից է, որ մարդիկ քվեարկում են Նիկոլ Փաշինյանի օգտին։ 

– ՀՀ դատախազությունը դասալքության համար մեղադրանք է առաջադրել 756 անձի, որոնցից զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելու համար՝ 180 անձի, դասալքության համար՝ 132 անձի, զինվորական պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար` 444 անձի։ Նախ այս թեմայի վերաբերյալ ձեր դիտարկումն եմ խնդրում և նորից՝ հույսեր ունե՞ք, որ այս գործով պատասխանատվության ենթարկվողներ կլինեն, ու գործը կքննվի մինչև վերջ։

– Ես ռազմական փորձագետ չեմ, որ շատ լավ բացատրեմ, թե ինչի հետևանք է դա, բայց ես նախ չեմ կարող ասել, թե այդ 756-ից քանիսի վերաբերյալ ի վերջո օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կլինի, ո՛ր մասը կարդարացվի, էլ չեմ ասում, որ եղած դատական համակարգի ու դրա վրա եղած ճնշումների մասին։ 

Բայց այստեղ շատ անբարոյական մանիպուլյացիա է հիմա տեղի ունենում. պատերազմի ժամանակ առաջին հարվածն այնքան սարսափելի է եղել, որից հետո, ըստ էության, պաշտպանության բանակի ողնաշարը կոտրվել է: Ես չեմ ասում, որ դրանից հետո մեր բանակը հերոսական պայքար չի մղել, ուղղակի անպատկերացնելի հերոսություններ են եղել, բայց այդ համակարգի ողնաշարն այդ առաջին հարվածից հետո կոտրվել է, դրանից հետո գնացել է բանակի դեմորալիզացիա, բարոյալքում: Նույն բանն է տեղի ունեցել, ըստ էության, ինչ 93-94 թվականներին տեղի էր ունենում ադրբեջանական բանակի հետ, մեզ մոտ ավելի թույլ եղավ, փառք Աստծո, քան Ադրբեջանում։ 

Հիմա մենք նորից գալիս ենք հետևյալ հարցերին. իսկ այդ պատերազմն ինչո՞ւ սկսվեց, արդյոք պետք չէ՞ր ամեն ինչ անել, որ այդ պատերազմը չսկսվեր։ Սա հետևանքի հետևանք է, հիմա թիվ են ասում, էդ իրենք դասալիք չեն, էդ էրեխե՞քն են դասալիք, հա՞, իրենք առաջին հերթին պետք է իմանային, թե ինչ վիճակում է գտնվում մեր բանակը, իրենք ռազմական հանցագործներ են։ 

– Պարո՛ն Խաչատրյան, դատական համակարգի վրա եղած ճնշումների մասին ասացիք, այդ ճնշումները գործո՞ղ իշխանության կողմից են, թե՞, ինչպես մի ժամանակ Փաշինյանն էր ասում, ներսից է դիմադրությունը։

– Դե հիմա ոնց որ թե լավ էլ իրենց օգտին աշխատում է դատական համակարգը։ Այդ հակադրության մեջ ծնվեց մի կորիզ, որը գնաց անկախացման՝ բոլոր տեսակ ազդեցություններից, բայց մի փոքր դիմադրություն է մնացել դատական համակարգում։ 

Մենք բոլորս ականատես եղանք դատավոր Զարուհի Նախշքարյանի կարգավիճակի դադարեցմանը, ու թող ինձ համոզեն, որ դա եղել է արդարության բոլոր տեսակ սկզբունքներին համապատասխան քայլ։ Կարծում եմ՝ ԲԴԽ-ն շատ կոնկրետ պատժում է որոշ դատավորների՝ դրանով ցույց տալով մյուսներին, որ կարժանանան նույն ճակատագրին, եթե փորձեն դիմադրել այն ազդեցություններին, որոնք կան դատական համակարգի նկատմամբ իշխանական որոշակի շրջանակների կողմից։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am