Փաշինյանը վախեր ունի, որ որևէ փաստաթղթի ստորագրում կարող է բերել իր իշխանության կորստին. Սուրեն Սուրենյանց 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, Նիկոլ Փաշինյանը «շատ փոքր» է դիտարկում հավանականությունը, որ մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կկնքվի խաղաղության պայմանագիր։ Ըստ ձեզ՝ եթե մի կողմ դնենք պայմանագրի կնքմանը խոչընդոտող օբյեկտիվ պատճառները, կողմերը՝ ի դեմս իրենց ղեկավարների, իսկապես ուզո՞ւմ են և պատրա՞ստ են ստորագրելու այդ փաստաթուղթը։

– Խորապես համոզված եմ, որ անկախ հրապարակային հայտարարություններից, ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ Ալիևը մտադիր չեն որևէ փաստաթուղթ ստորագրելու։ Ալիևի համար այս մարտավարությունն արդյունավետ է, ու նա զգում է, որ կարող է դա շարունակել, այն, ինչ տեսնում ենք վերջին օրերին մասնավորապես, լոկալ ճնշումներով իր բանակցային դիրքերի ուժեղացումն է, մանավանդ որ չի հանդիպում միջազգային որևէ լուրջ հակազդեցության։ Մենք տեսնում ենք, որ նույնիսկ հասցեական դատապարտող հայտարարություններ չկան, լավագույն դեպքում երկու կողմին զսպվածության կոչեր են արվում։ 

Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանին, ես բազմիցս եմ ասել, որ Փաշինյանը խաղաղության օրակարգը, հարևան երկրների հետ հարաբերությունները ստորադասում է իր իշխանության պահպանման իմպերատիվին, այսինքն՝ նա վախեր ունի, որոնց մասին, ի դեպ, մշտապես ակնարկում է, որ որևէ փաստաթղթի ստորագրում կարող է բերել իր իշխանության փոփոխության: 

Այս մարդը նույնիսկ բարձր վարկանիշի դեպքում, երբ մինչև պատերազմը անսպառ լեգիտիմություն ուներ, իր իսկ խոսքով՝ չի գնացել կարգավորման, որպեսզի դավաճանի պիտակ չվաստակի, էլ ուր մնաց հիմա գնա նման քաղաքական խիզախության, երբ պարտված Հայաստանն անխուսափելի փաստաթղթավորված զիջումներ է անելու։

– Այսինքն՝ իշխանությունը պահելու համար Նիկոլ Փաշինյանը չի՞ ստորագրի այդ պայմանագիրը։

– Դա իմ խորին համոզումն է, որևէ փաստ, որը կխոսի հակառակի մասին, ես դեռ չունեմ։ Նա անընդհատ ինչ-որ ակնարկներ է անում խաղաղության պայմանագրի մասին, անընդհատ խոսում է այն մասին, որ այդ փաստաթուղթը գուցե հայ ժողովրդի մեծ մասի համար ընդունելի չլինի և այլն։ Այնպես որ, անկախ նրա հրապարակային հայտարարություններից, ես չեմ հավատում, թե նա իրապես շահագրգռված է այդ փաստաթղթի ստորագրմամբ։ 

– Իսկ այդ կերպ Նիկոլ Փաշինյանը որքա՞ն կարող է երկարաձգել իր իշխանությունը։

– Ինչքան ձգձգի այս վիճակը, այնքան Հայաստանն ավելի անբարենպաստ վիճակում է հայտնվելու։ Տեսեք՝ պատերազմից հետո՝ մինչև ուկրաինական պատերազմը, ռեալ շանս կար Լեռնային Ղարաբաղի համար ինչ-որ ինքնավարություն պոկել, որովհետև, այնուամենայնիվ, կար Ղարաբաղի սուբյեկտությունը, ադրբեջանցիները միջանցքը ոչնչացնելու մասին դեռ չէին մտածում, բայց այդ հապաղումը բերեց նրան, իհարկե չեմ ասում, որ միայն Փաշինյանն է ձգձգում, արդեն ասացի՝ Ալիևն էլ է ձգձգում, որ հիմա ԼՂ-ի սուբյեկտություն գրեթե ընդհանրապես գոյություն չունի, իսկ մենք բոլորս կարծես թե արդեն վարժվել ենք միջանցքը փակելու փաստին։ 

Նույն կերպ՝ Հայաստանի շուրջն է օղակը սեղմվում։ Փաշինյանը հրաշքների վրա է հույսը դրել, բայց հրաշքներ չեն լինում, ի վերջո, նա, ուզի թե չուզի, հարկադրված է լինելու ինչ-որ փաստաթուղթ ստորագրել ու որքան փորձի ժամանակ ձգել, այնքան անբարենպաստ է լինելու մեզ համար։

– Պարո՛ն Սուրենյանց, այդ փաստաթղթի ստորագրումից հետո ի՞նչ է սպասվելու, միայն իշխանությանը նկատի չունեմ, նրանց մասով արդեն ասացիք, ընդհանրապես։

– Եթե իշխանությունը պատասխանատու լինի, մինչև ստորագրումը հասարակության հետ շատ անկեղծ կլինի, կխոսի այն զիջումների մասին, որ պետք է արվեն, ոչ թե դրանց վերաբերյալ ակնարկներ կանի, կներկայացնի մեր կարմիր գծերն ու հասարակության հետ միասին կոնսենսուս կձևավորի՝ այդ փաստաթուղթը ստորագրելու շուրջ: 

Եթե նման խիզախություն հանդես բերի, ապա ցնցումները շատ քիչ կլինեն, իսկ եթե նման բան չանի, հասարակությունը կարող է հայտնվել հերթական շոկային իրավիճակում, ինչը կհանգեցնի ներքաղաքական ցնցումների։ 

Ասածս բնավ չի նշանակում, թե ես ցանկացած փաստաթղթի կողմ եմ։ Ցանկացած փաստաթուղթ, որ պետք է բերվի, պետք է առնվազն ներառի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը ու Արցախի ժողովրդի անվտանգության մեխանիզմները։ 

Իշխանության խնդիրն է ապահովել հասարակական, քաղաքական կոնսենսուս որևէ փաստաթղթի շուրջ, եթե դա չարվի՝ ցանկացած փաստաթուղթ, որում այս կամ այն զիջման մասին խոսք կլինի, կարող է բերել ներքաղաքական ցնցումների՝ ընդհուպ իշխանափոխության։ 

Այսպիսով՝ իշխանությունը կա՛մ պետք է հասարակության հետ անկեղծ լինի, կա՛մ պետք է երկրում նշանակվեն արտահերթ ընտրություններ, հասարակական կոնսենսուսով ձևավորվի այնպիսի իշխանություն, որը պատրաստ է գնալու փոխզիջումների՝ խաղաղության հարցը լուծելու համար։

– Իսկ եթե այդ կոնսենսուսով գործող իշխանությունը կրկին վերընտրվի՞։

– Իմ կարծիքով՝ գործող իշխանության վարկանիշը հասել է պատմական մինիմումի։ Եթե Փաշինյանը զգար, որ կարող է արտահերթ ընտրություններով հետաձգել արտաքին գործընթացները, չկասկածեք, որ հերթական մանիպուլյատիվ հնարքով կգնար դրան։ Կարծում եմ՝ ինքը նույնիսկ այդ ռեսուրսն է սպառել, պարզ ասեմ՝ ես չեմ հավատում, որ այս իշխանությամբ հնարավոր կլինի լուծել խաղաղության կամ Հայաստանի կայուն անվտանգության ու զարգացման խնդիրները։

– Ընդդիմությունը ձեր ասած սցենարի, որի ստորագրումը կբերի Փաշինյանի հեռանալուն, գիտակցումը կամ պատկերացումն ունի՞ ու ըստ այդմ ի՞նչ դիրքորոշում է որդեգրել։

– Իհարկե, մենք ընդդիմադիր մի հատված ունենք, որ տեղավորված է խորհրդարանական աթոռներին, դեմ չեն լինի գալ իշխանության, անգամ՝ Ալեքանդրապոլ 2-ի փլատակների վրա։ Տեսեք՝ խորհրդարանական ընդդիմությունը, որը տիրապետում է ռեսուրսների, այսօր ոչինչ չի անում իրավիճակը շտկելի դարձնելու համար, սպասում է աստեղային ժամի, երբ Փաշինյանը կձախողի, ու իրենք կօգտվեն առիթից, սա՛ է նրանց տրամաբանությունը։ 

Միևնույն ժամանակ Փաշինյանն էլ, այս որակի ընդդիմությունից վախենալով, բացարձակ անպատասխանատվություն է ցուցաբերում ու չի գնում որևէ խիզախ լուծման։ 

Իմ հույսն այն է, որ առաջիկա մեկ-երկու ամիսներին հնարավոր կլինի Հայաստանում ռացիոնալ օրակարգով, քաղաքական այլընտրանքային բովանդակությամբ ընդդիմադիր նոր հարթակի ձևավորումը, որովհետև այս իշխանության ու այս տիտղոսային ընդդիմության համատեղ ջանքերով է ձևավորվել այս խայտառակ քաղաքական կոնֆիգուրացիան, որը մի բանի մասին է:

Կա չգրված կոնսենսուս իշխանության ու խորհրդարանական ընդդիմության միջև՝ չգնալ քաղաքական խիզախ լուծումների, չգնալ հարաբերությունների կարգավորման։ Որովհետև իշխանությունը գիտի, որ եթե նման քայլ արեց՝ հայտնվելու է խորհրդարանական ընդդիմության թիրախում, վերջինս էլ գիտի, որ եթե վերանայեց իր մոտեցումները, որոնք իրականության հետ կապ չունեն, օրինակ՝ կարգախոսը, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», այլ բովանդակային ասելիք չունի։

Այսինքն՝ ամբողջ խնդիրը հենց Հայաստանը ազատելն է այսօրվա ստատուս քվոյից, որը տեղում դոփելու ստատուս քվո է, որի գինն է ամենօրյա սահմանային լարվածությունը, մեր զինվորների կյանքն ու Ադրբեջանի ավելացող պահանջները։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am