«Ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչու են բանակում զինվորները զոհվում, մեկ է՝ ՔԿ-ն մի պատմություն կհրապարակի, թե զինվորն է մեղավոր, որ մահացել է»․ իրավապաշտպան

«Ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչու են բանակում զինվորները զոհվում, մեկ է՝ ՔԿ-ն մի պատմություն կհրապարակի, թե զինվորն է մեղավոր, որ մահացել է»․ իրավապաշտպան
«Ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչու են բանակում զինվորները զոհվում, մեկ է՝ ՔԿ-ն մի պատմություն կհրապարակի, թե զինվորն է մեղավոր, որ մահացել է»․ իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

– Բանակում մահացած զինծառայող Վոլոդյա Գալոյանի գործով քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, թե սկզբում նա փորձել է սպանել դիրքի ավագին, ապա ինքնասպան է եղել։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

– Քննչական կոմիտեին երբեք չի հետաքրքրում, թե ի՛նչ է տեղի ունեցել։ Ենթադրենք՝ իրենց առաջ քաշած վարկածն է, որ սկզբում փորձել է սպանության փորձ կատարել, ապա ինքնասպան է եղել։ Դա թրիլլեր է, բայց ՔԿ-ի մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչո՛ւ զինվորը դա արեց։

Միանգամից բռնում մեղադրանք են դնում զինվորի վրա, նրա ընտանիքին ուզում են սպանե՞լ, որ և՛ ինքնասպան էր, և՛ հանցագործ։ Այդ անմարդկային մոտեցումը շարքային զինվորի նկատմամբ ուղղակի անտանելի է, կեղծ է հնչում։ Դա աներևակայելի կեղծիք է, միանգամից անմարդկային ձևով ընտանիքին խոցել, որ տղային սպանել են, հայտարարում են, թե ինքնասպան է եղել, ու դեռ մի ուրիշ զինվորի էլ ցանկացել է սպանել։ Դուք պատկերացնո՞ւմ եք այդ ընտանիքի վիճակը։

Կրկնակի, եռակի ցավեցնում են։ Ինձ զարմացնում է նախարարի կեցվածքը, որ չի այցելում զորամաս նման իրավիճակներում։ Օրինակ՝ Սեյրան Օհանյանը շտապում էր զորամաս։ Այնպիսի դեպքեր, ինչպիսին եղավ Մեղրիի զորամասում, արտառոց իրավիճակ է։ Հիմա քննչական կոմիտեն զորամասի հրամանատարության հետ սերտ համագործակցելով առաջ է տանում զորամասի հրամանատարության առաջ քաշած տեղեկությունները, դրանով է առաջնորդվում, ինչպես հարմար է, ոչ թե ինչպես որ եղել է։

Նոր Հայաստանում հեղափոխությունից հետո հին մեթոդներն ուղղակի անտանելի են։ Ես կոչ կանեի վարչապետին, որ ձեռքը խփի սեղանին և ասի, թե ինչո՛վ է զբաղված քննչական կոմիտեն։ Որևէ մեկը չի կարող հավատալ ՔԿ-ի հաղորդագրությանը, դա անմարդկային է։ Ես ցավակցում եմ զինվորի ընտանիքին, որ այդ լուրը պետք է ստանար այդ ձևով։ 

– Վերջին շրջանում կարծես շատացել են նման դեպքերը՝ սպանություն, ինքնասպանություն։ Ի՞նչ է տեղի ունենում բանակում։

– Ցավն այն է, որ նախարարը մտածում է, թե իր հետ կապ չունի, որ բանակում մահվան դեպքեր են լինում, սպանություններ են լինում: Նախարարությունն այնպես է իրեն պահում, կարծես դա եղել է հարևան գյուղում։ Իրականում դրանք տեղի են ունեցել ՊՆ-ի ենթակայության տակ գտնվող զորամասում, և առաջին գլխով պատասխանատուն ամեն մի զինվորի կյանքի համար նախարարն է։ Դա ձև չի, որ ծնողին չի ընդունում, ասում են՝ գնա քննչական կոմիտե, ՔԿ-ն էլ հեքիաթներ է պատմում։

Գնացել երկու ժամ զորամասում են անցկացրել ու այդպիսի տեղեկատվություն են հրապարակել, որն անթույլատրելի է։ Նրանց հաղորդագրությունն այնքան խոցելի է։ Նշում են՝ փորձեց կրակել ավագի վրա, հետո 4 ժամ այդ զինվորը չկար, ու դին գտել են 50 մետր հեռավորության վրա։

Իսկ այդ 4 ժամում ի՞նչ էին անում, չէի՞ն կարողանում գտնել ու կանխել, որ զինվորն ինքնասպան չլիներ։ Այդ հարցերը պետք է բարձրացնեին, ոչ թե խեղճ զինվորի վրա միանգամից երկու մեղադրանք բարդեին։ Գյուղի երեխա է, գյուղի տղաները տանջված գնում են բանակ իրենց ընտանիքներին օգնելով, իրենց ծնողների ծանր բեռը քաշելով։ Այդ տղան որպես բանդի՞տ է գնացել։ Ես չեմ տեսել մի գյուղի տղա, որ որպես բանդիտ գնա բանակ։ 

– Շատ է խոսվում բանակում սերնդափոխության մասին։ Վիճակագրությունն ի՞նչ է ցույց տալիս, նախորդ տարիների համեմատ ի՞նչ պատկեր ունենք, որքանո՞վ է հուսադրող այդ պատկերը։

– Երկու օր առաջ ես լսում էի, որ Դավիթ Տոնոյանը միջադեպերի նվազող թվերի մասին էր խոսում։ Եթե անգամ մեկ զինվոր է զոհվում ու չի բացահայտվում, չեն կանխվում սպանությունները, անպատժելիությունը պահպանվում է, ոչինչ չի փոխվի բանակում։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը զեկույց է հրապարակելու, որ 6 զինվորի մահվան մասին հայտարարություն ընդհանրապես չի եղել, որովհետև չեն կապել զինվորական ծառայության հետ, բայց մենք տեսել ենք, որ զինվորական դատախազության հաղորդագրության մեջ կան դեպքեր, որ չեն կապում զինծառայության հետ, բայց դրանք հաղորդագրության մեջ տեղ են գտել։ Լրիվ անհասկանալի իրավիճակ է։

Ինձ թվում է՝ ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչու են բանակում զինվորները զոհվում։ Մեկ է՝ քննչական կոմիտեն այսպիսի մի պատմություն կհրապարակի, թե զինվորն է մեղավոր, որ սպանվել է կամ մահացել։ Ու Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է քննչական կոմիտեի նախագահին։ 

– 2019 թվականի հուլիսի 24-ի դրությամբ 31 զինծառայողի մահվան դեպք է գրանցվել։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ընդամենը երկու զոհ ենք ունեցել, մինչդեռ ինքնասպանությունները՝ 5, առողջական խնդիրները՝ 8, ավտովթարները՝ 11 և այլն։

– Այս պահի դրությամբ 5 ինքնասպանության դեպք կա։ Նախորդ տարիներին ավելի շատ էին, մինչև տարեվերջ չգիտեմ ինչ կլինի։ Ոչ մի ուսումնասիրություն չի կատարվում, ոնց եղել է, հիմա էլ նույնը մնացել է։ Երբ տեսնում ես այդ վերաբերմունքը, որ ոչ մի դեպքից հետո հրամանատարական կազմը չի պատժվում, զինվորը սպանվում է, հենց իրեն են մեղադրում։ Այսինքն՝ ամեն ինչ շարքային զինվորի վրա է։ Էդ խեղճուկրակ երեխաները գալիս են հայրենիքին ծառայելու, դարձնում են նրանց հանցագործ։

Ո՞վ պետք է զորամասերում փոխի այդ կրիմինալ մթնոլորտը։ Այդ զինվորները հանցագո՞րծ են։ Ինչո՞ւ է այդ թողտվությունը տիրում։ Ո՞վ պետք է այդ հարցին պատասխանի՝ Դավիթ Տոնոյանը։ Թող դուրս գա հանրությանը բացատրի, թե ինչու է այդպես լինում։ Մարդիկ զինվոր են տալիս բանակին, հետո դին են ստանում, իսկ նախարարը ոչ մի ծնողի չի ընդունում։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am