Եթե մանդատ չունես, ինչո՞ւ ես մեկնում բանակցությունների,քեզ մանդատ վերագրում, որ կարող ես Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս. Հայրապետյանը՝ Փաշինյանին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը .

 – Տիկի՛ն Հայրապետյան, մինչ Հայաստանից ուղարկված հումանիտար օգնությունը սպասում է Լաչինի միջանցքով Արցախ մտնելուն, Ադրբեջանից՝ նախագահի օգնականի մակարդակով ազդարարում են, թե «խաղն ավարտված է», և որ Աղդամ –Ստեփանակերտ ճանապարհից պետք է օգտվել, ինչպես Բրյուսելում պայմանավորվել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները: Այս պայմանավորվածությունը հերքեց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը, բայց կասեք՝ ինչո՞ւ է Ադրբեջանը արդեն վերջնագրերով խոսում:

– Ադրբեջանի վերջնագրերով խոսելը նորություն չէ, իսկ դրան զուգահեռ հայկական կողմը մաքսիմալ թուլակամություն է ցուցաբերում, և երբ Ադրբեջանը տեսնում է, որ իր դեմ բանակցողը թույլ, անկամ ու անսկզբունքային է, բնականաբար, ավելի է խստացնելու հռետորաբանությունը և պահանջները:

Եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ինքը Բրյուսելում տեղյակ է եղել, թե ինչ են բանակցում, բայց որևէ կերպ չի հակադարձել, Ալիևի հռետորաբանությունն ու պահանջներն ինչո՞ւ պետք է փոխվեն:

– Միջնորդ կողմերը, ըստ էության, համակարծի՞ք են Ադրբեջանի հետ, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը պետք է գործի:

 – Եթե հայկական կողմը որևէ թեզ առաջ չի բերում, չի պաշտպանում մեր շահերը, չի ներկայացնում իրավիճակի լրջությունը, չի ասում, որ այդ ճանապարհն ուղղակի հումանիտար ճանապարհ չէ, սա բերել է նրան, որ խնդրի ողջ էությունը խեղաթյուրվել է: Թվում է, թե ընդամենը ուտելիք է պետք, դա միայն ուտելիքի հարց չէ, դա լուրջ քաղաքական հարց է: Խնդիրը փոքրացրել են ու հասցրել միայն ուտելիքի մակարդակի, Ադրբեջանն էլ օգտվել է դրանից ու ասում է՝ խնդիրը հումանիտար է, ես ուտելիք տալիս եմ, էլ ի՞նչ եք ուզում:

– Տիկի՛ն Հայրապետյան, ինչպե՞ս հասկանալ այն, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ինքը մանդատ չունի, որ Արցախի ապագայի վերաբերյալ հարցերը որոշի, բայց բանակցությունների ընթացքում, այնուամենայնիվ, հայկական կողմի ներկայությամբ քննարկվում են նաև Արցախի Հանրապետությանն առնչվող հարցերը:

– Ինքը մտածում է, որ մանդատ ուներ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու, բայց հակադարձելու, ասելու, որ հնարավոր չէ այս ձևով առաջ գնալ, Աղդամով ճանապարհ չի կարող լինել, որովհետև դա լեգիտիմացնելու է Ադրբեջանի հանցավոր վարքը, որովհետև դա նոր խնդիրներ է բերելու, որովհետև Ադրբեջանը չի ուզում միջազգային մեխանիզմների առկայությամբ բանակցել, այլ փորձում է Արցախին հյուծելով վերացնել խնդիրը:

Այս ամենն ասելու փոխարեն ասում է՝ ես մանդատ չունեմ, եթե մանդատ չունես, ինչո՞ւ ես մեկնում բանակցությունների, ինչո՞ւ ես քեզ մանդատ վերագրում, որ կարող ես Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, քիչ է, մի հատ էլ Հայաստանի տարբեր շրջաններ ճանաչել Ադրբեջանի մաս, Հայաստանի ռազմավարական շրջանները զիջել Ադրբեջանին:

– Ինչո՞ւ է գործող իշխանությունն այս քաղաքականությունը որդեգրել:

– Բարդ հարց եք տալիս, առնվազն կարող ենք փաստել, որ այս մարդիկ չեն սպասարկում Հայաստանի պետական շահը, թե ինչո՞ւ ու ինչի՞ դիմաց, ես չունեմ պատասխանները, բայց փաստը մնում է փաստ, որ գնալով օղակը սեղմվում է հատկապես Արցախի և ոչ պակաս Հայաստանի շուրջը, գնալով բանակցային առաջարկները վատանում են, ու ագրեսիայի ռիսկերը մեծանում են, այսինքն՝ միֆը՝ թողեք բանակցենք, որ պատերազմ չլինի, ամբողջությամբ ի չիք է դառնում, իրենք կա՛մ խաղաղ ձևով են մեր տարածքները զիջում, կա՛մ պատերազմով:

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ վաղ թե ուշ գալու ենք նրան, որ պետք է և՛ Աղդամից, և՛ Գորիսից առևտուր անենք, ավելի լավ է՝ այս պահից էլ սկսենք: Ինչպե՞ս եք գնահատում Բաբայանի առաջարկը, Աղդամից առևտուր անելն ինչի՞ կբերի:

– Այս խնդիրն առևտրի մասին չէ, մեր խնդիրն Արցախում հայերի չլինելու մասին է, ու Ադրբեջանը բաց տեքստով ասում է այդ մասին: Մյուսները, որ փորձում են խնդիրը փոքրացնել ու դարձնել չգիտեմ ինչ, կա՛մ չեն հասկանում, կա՛մ փորձում են խեղել խնդրի էությունը: Սա անհասկանալի է, առավելևս, երբ դա արվում է Սամվել Բաբայանի կողմից, որը հոյակապ տեղյակ է Ադրբեջանի նպատակներին:

Այնուամենայնիվ, Ադրբեջանը կթողնի՞ Լաչինի միջանցքով բեռները հասնեն Ստեփանակերտ:

– Կթողնի միայն, եթե միջազգային այնպիսի ճնշում լինի, որ Ադրբեջանը հասկանա, որ չի կարող թույլ չտալ, թե չէ այս իրավիճակում Ադրբեջանը դա չի անի: Բայց ես շատ քիչ հավանական եմ համարում, որ այնպիսի միջազգային ճնշում կլինի, որ Ադրբեջանը ստիպված տեղի տա:

Ձեր խոսքից կարո՞ղ եմ ենթադրել, որ այլ երկրների կողմից Արցախին հումանիտար օգնություն չի լինելու:

– Բանակցությունների խնդիր է, եթե բանակցություններին, որոնց ներկա են, անգամ ձայն չեն հանում, հիմա ինչո՛ւ պետք է ջանք գործադրեն, որ նման արդյունքի հասնեն: Իշխանություններին երևի շատ հարմար կլիներ, որ Աղդամի ճանապարհը գործեր, իրենք էլ գլխացավանքից ազատվեին:

Տիկի՛ն Հայրապետյան, որ բանակցություններում հայկական կողմը ներկա է լինում, բայց ձայն չի հանում, ինչպես իրենք են փաստում, դա խոսում է այն մասին, որ հայկական կողմը ցանկություն չունի՞ պետական շահն առաջ տանել, թե՞ ուղղակի նրանց խոսքը լսելի չէ, այդ երկրները հաշվի չեն նստում հայկական կողմի հետ:

– Հայաստանի ղեկավարը միջազգային հարթակներում, ոչ միայն երկրի ներսում, ընկալվում է հայտնի ստախոս, կներեք, և մարդ, որն իր որևէ խոստում չի կարողանում պահել ու շարունակաբար ստում է: Սա դրսում տարածված կարծիք է նրա մասին, նրա խոսքին չեն հավատում, ու դա շատ լուրջ խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար:

Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ամբողջությամբ փոխել են այն ծրագիրը, որով եկել են իշխանության և մանդատ ստացել Հայաստանի քաղաքացիներից: Ներկայումս Փաշինյանի և նրա թիմակիցների հնչեցրած թեզերը ամբողջությամբ հակասում են այն կուսակցական և նաև կառավարության ծրագրին, որով եկել են իշխանության և ներկայացրել են հանրությանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2021 թվականի նախընտրական ծրագրում արցախյան հակամարտության կարգավորման մասին ասվում էր հետևյալը․ «Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի՝ գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։ Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո»։

Ընտրություններից հետո ձևավորված Կառավարության ծրագրում արցախյան հիմնախնդրի լուծման մասին ձևակերպումները մի փոքր տարբերվում էին. «Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»:

Հիմա Նիկոլ Փաշինյանը բոլորովին նոր ծրագիր է հորինել, որով ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը Վրաստանին ու Իրանին կապող ուղիների վրա գտնվող կարևոր ստրատեգիական տարածքներ պատրաստ է զիջելու Ադրբեջանին, ու ասում է, թե իբրև մանդատ ունի դրա իրագործման համար:

Մյուս հանգամանքն էլ այն է, որ Հայաստանի ներկայացուցիչները չեն աշխատում այդ ուղղությամբ, եթե ոչինչ չես առաջարկում, նշանակում է՝ դու այդ բանակցությունների լիարժեք կողմ չես: Հայաստանն ինքն իրեն դուրս է դրել բանակցություններից, ընդ որում՝ իրեն թվում է, թե միայն Արցախի հարցով է դուրս դրել, բայց իրականում Հայաստանի վերաբերյալ բանակցություններից էլ է դուրս: Ադրբեջանական մամուլում այդ նյութերը շատ-շատ են, որ մենք կպայմանավորվենք Բրյուսելի, Վաշինգտոնի կամ Մոսկվայի հետ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am